Չկորցնենք մեր հիշողությունը

Չկորցնենք մեր հիշողությունը

-Խիո-խիո, խանե-խանե:

 

Քթի տակ երգում է պապս, երբ նկարում կամ գրում է։ Նրան ոգեշնչում են իր պապենական տան երգերը: Այդ տուն հաճախ է այցելում իր Պետրոս պապից հասած հիշողությունների միջոցով։ Դրանք մնացել են հեռվում՝«էդ կապույտ սարից էն կողմ».

 

«Այնտեղ, որտեղ քուն, թե արթուն թափառում էին նրա որբացած երազները»,- գրում է պապս իր «Հիշողության մեջ ապրող տունը» պատմվածքում:

 

Շարունակում է.

 

-Ջուրն ի փրթիր, կըգա սարեն,

 

Կըգա թափվի մարմար քարեն:

 

Իմ ընտանիքում սիրում են մեր հիշողությունների մասին երգերը: Մենք սովորել ենք այդ երգերը, դրանց միջոցով պատկերացրել ենք մեր Մոկսի տունը, երկինքը, որը, ըստ Պետրոս պապի, այլ է.

 

«Մեր աստղերն էլ են ուրիշ, մեր գետն էլ ուրիշ է, մեր ծառերն էլ ուրիշ են, մեր հողն ու ջուրն ուրիշ է»: 

 

Ամպերը թվարկածների մեջ չեն: Պետրոս պապի կարծիքով՝ դրանք անցնող բաներ են, քամու նման են, չունեն իրենց իսկական երկիրը:

 

Մենք նմա՞ն ենք ամպերին, երբեմն մտածում եմ ես ու պատասխան չեմ գտնում:

 

Լսում եմ նորից.

 

-Խիո-խիո, խանե-խանե:

 

Պապս ու տատս նեղսրտում են, որ մեր երգերի փոխարեն հաճախ են հնչում օտար մեղեդիներ: Ավելի շատ նեղվում են, երբ գտնում են օտար տարրեր մեր հին երգերի նոր մշակումներում: Կարծում են, որ մեր տներում պիտի հնչեն մեր երգերը՝ հայերի մասին պատմող: Մեր նոր երգերն ի՞նչ են պատմում, հարցնում եմ ինքս ինձ ու պատասխան չգտնելով՝ լռում: 

 

Նորից եմ լսում կողքի տնից հնչող երաժշտությունն ու հասկանում՝ տատն ու պապը ճիշտ են. այդ մեղեդին մեր մասին չի պատմում: 

 

Ո՞ւր է այն երաժշտությունը, որ Կոմիտաս վարդապետը մաքրեց մեզ համար: Այն ուներ մեզ միացնող հիշողություններ:

 

Ինչո՞ւ ենք կտրվել մեր արմատներից, գնում, գալիս են՝ չուզենալով մեր տեղն ու դերն ունենալ, տեր լինել մեր ունեցածին՝ հողին, ջրին, երգին, հիշողություններին: Ո՞ւմ ենք դրանք թողնում:

 

Ես ներողություն եմ խնդրում Աստծուց, որ տեր չենք եղել մեր ունեցածին, որ հաճախ եղել ենք քամի, ցրված ամպ՝ ժայռի փոխարեն: 

 

«Քամուն վստահել չի լինի»,- կարծում էր Պետրոս պապը:

 

Ես ներողություն եմ խնդրում, որ շնորհակալ չենք եղել Տիրոջ տված ժառանգության համար, որ գոհ չենք եղել մեր ունեցածից:

 

«Մշտապես աղոթե՛ք և արթուն հսկե՛ք աղոթքի մեջ՝ գոհություն մատուցելով»։ (ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐԻՆ 4:2 ՆԷԱ)

 

Պապս նորից սկսում է երգել, միանում ենք թոռներով.

 

-Խիո-խիո, խանե-խանե:

 

Բառերն անգիր չգիտենք, բայց երգում ենք: Ամենալավը երգում է եղբայրս, որ կրում է պապիս անունը: Ձայները շատանում են. մենք մեծ ընտանիք ենք, պապ ու թոռ ապրում ենք միասին: Երբ միասին երգում ենք, իրար ավելի ենք նմանվում, հայտնվում են հիշողության մեջ ապրող տունը, երկինքը, աստղերը: 

 

Ես ուզում եմ, որ Տերը մեզ տա իմաստություն՝ մեր ունեցածը պահպանելու համար:

 

«Ներքին մի ձայն ինձ հուշեց, որ աշխարհը դեռ լիքն է մոկացիներով, ու նրանցից մեկնումեկի թոռը, որ Պետրոս պապի արյունն ու նրա հիշողությունն ունի իր մեջ, երբ ժամանակը գա, փակված աչքերով անգամ անսխալ կգտնի Մոկաց լայն ու երկար շուկայի մոտ գտնվող մեր պապական տան տեղը»,-գրում է պապս, որ տարիներ անց գտել է իր տունը:

 

Մեր տանը ցածր լսվում է երաժշտություն. եղբայրս է երգում աղջկա համար: Փոքրիկ Լուսեն քնել է՝ մեր հիշողությունների մասին լսելով, որոնք արդեն դարձել են իրենը:

 

Անի Ավագյան

  • 2023-11-23
×