Աղանդավորները թիրախավորում են արցախահայերին

Աղանդավորները թիրախավորում են արցախահայերին

Հայաստանում ակտիվացել են աղանդավորները. ահազանգում են հոգևոր հայրերը: 

 

Կա մտահոգություն, որ նրանք հատկապես թիրախավորում են Հայաստանում ապաստանած արցախահայերին՝ օգտվելով իրավիճակից, որ մեր հայրենակիցներն ունեն սոցիալական ու հոգեբանական խնդիրներ:

 

Կեղծ «բարեգործություն» ու «հոգեբանական օգնություն». մարդկանց իրենց շարքեր ինտեգրելու համար՝ հայտնի մեթոդներից են: Դրանք այսօր էլ հաճախ կիրառվում են, նշում է Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը:

 

Սոցիալական վիճակից ելնելով՝ արցախահայերին խոստումներ են տալիս կամ տրամադրում ինչ-որ օգնություն, սակայն դրա հետևում թաքցնում այլ բան, նկատել է քահանան:

 

«Մարդկանց սոցիալապես օգնելով՝ պարտադրում են մասնակցել իրենց հավաքներին, ինտեգրվել իրենց շարքերը»: 

 

Զգոն լինենք, որ չընկնենք ծուղակը

 

Տեր Բարդուղիմեոսի խոսքով՝ բարդ իրավիճակ է, քանի որ չես կարող արգելել մարդկանց «բարեգործություն» անել կամ օգտվել «օգնություն»-ից: Քահանայի խորհուրդն է՝ զգոն լինել. 

 

«Մարդիկ պետք է ուշադիր լինեն, թե որտեղից է գալիս օգնությունը: Սա նույնն է, երբ սատանան մոտենում է և առաջարկում որևէ խնդրի լուծում, բայց մարդ, իմանալով, որ ճանապարհը չար է, հրաժարվում է: Պետք է ցուցաբերել այդ կամքի ուժը: Մարդիկ կարող են օգտվել, բայց թույլ չտալ, որ այդ սոցիալական օգնությունը վերածվի հոգևոր զրույցի»: 

 

Աղանդավորներն օգտվում են նաև մեր հայրենակիցների ծանր հոգևիճակից, նկատում է Տեր Բարդուղիմեոսը.

 

«Գտնում են խիստ նեղության մեջ գտնվող մարդու՝ ճնշված հոգևիճակով: Փորձում են Աստծո խոսքի անվան տակ բավարարել հոգևոր ճնշվածությունն ու սրանով կախման մեջ են գցում»:

 

Կեղծ փրկիչների մասին Աստվածաշնչում ևս զգուշացվում է: Պողոս առաքյալը նշում է.

 

«Ուրիշ ավետարան չկա, այլ միայն կան ոմանք, որ ալեկոծում են ձեզ և ուզում են խեղաթյուրել Քրիստոսի Ավետարանը»։  (Գաղ. 1:7)

 

Փողոցներում կարելի է հանդիպել աղանդավորների, որ ներկայացնում են հոգևոր թեմայով տարբեր գրություններով պաստառներ: Ցավոք մարդկանց այստեղ հոգևորսությունից պաշտպանելը բարդանում է, քանի որ օրենքի կարգավորումները հստակ չեն, թեև ըստ օրենքի՝ Հայաստանի Հանրապետությունում հոգևորսությունն արգելվում է:

 

Տեր Բարդուղիմեոսի խորհուրդն է՝ աղանդավորների հետ զրույցի չբռնվել:

 

Ըստ քահանայի՝ աղանդավորական խմբերի անդամները հիմնականում ընտրում են հետաքրքիր վերնագրեր՝ մարդկանց հետ զրուցելու համար, իսկ նրանց հետ պետք չէ անգամ վիճել: Այդ դեպքում կարող են տպավորություն ստեղծել, թե տուժող են, ենթարկվել են բռնության: Եղել են դեպքեր, երբ քահանան փորձել է բացատրել նրանց, բայց անօգուտ: Ոստիկանությունից էլ հայտնել են, որ նրանք կարող են կանգնել փողոցում, սակայն իրավունք չունեն որևէ մեկին կանգնեցնելու և զրուցելու:

 

«Եթե փողոցում կկանգնեցնեն և կզրուցեն, կփորձեն առաջին քայլը անել, սա արդեն կարող է որակվել որպես հոգևորսություն: Կարելի է դիմել պատկան մարմիններին»:

 

Տեր Բարդուղիմեոսն առաջարկում է հարցը լուծել միասնական ուժերով: Համայնքի բնակիչները կարող են ստորագրահավաք կազմակերպել, դիմել պատկան մարմիններին՝ նշելով, որ չեն ցանկանում աղանդավորներին տեսնել այդ տարածքում: 

 

Անի Ավագյան

 
  • 2023-11-21
×