Նոյեմբերի 21. Սուրբ Աստվածածնի տաճարին ընծայման տոն
Նոյեմբերի 21. Սուրբ Աստվածածնի տաճարին ընծայման տոն
Եկեղեցիներում այսօր՝ նոյեմբերի 21-ին, մատուցվեց Սուրբ Պատարագ. Մարիամ Աստվածածնի տաճարին ընծայելու տոնն է: Այն Հայ Առաքելական Եկեղեցու անշարժ տոներից է:
Սուրբ Աստվածածինը մեզ համար կարծես խորհրդանշական տաճար է, նշում է Երևանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու քահանա Տեր Շահե Հայրապետյանը.
«Քրիստոս որտե՞ղ է ապրում, եթե ոչ Տիրոջ տաճարում, Ինքն ամեն օր մարմնանում է և այսօր էլ պետք է մարմնանա մեր հավատացյալ ժողովրդի և մեր փրկության համար»:
Հրեշտակն ավետեց ծնունդը
«Պիտի ճանաչվի նրանց սերունդը ազգերի մեջ և նրանց զավակները՝ ժողովուրդների մեջ. ամենքն էլ, երբ տեսնեն, պիտի ճանաչեն նրանց և ասեն. «Սրանք Աստծու օրհնյալ զավակներն են», ու ցնծությամբ պիտի ուրախ լինեն Տիրոջով։ (Եսայի 61:9)
Մարիամն աստվածատուր զավակ է, ում ծնունդն ավետել է հրեշտակը: Նա սերում էր քահանաների ու թագավորների տոհմից:
Ըստ ավանդության՝ Սուրբ Մարիամի ծնողները՝ Աննան ու Հովակիմը, երկար տարիներ ամուսնացած էին, բայց չէին կարողանում երեխա ունենալ:
Տեր Շահեի խոսքով՝ մի անգամ, երբ Հովակիմը տաճարում ուզում էր զոհ մատուցել, քահանան նրան մերժում է, քանի որ զավակ չուներ.
«Հովակիմը թողնում, հեռանում է լեռներ՝ աղոթելու: Խնդրում է Տիրոջը, որ իրեն զավակ պարգևի: Հայտնվում է հրեշտակն ու ավետում, որ զավակ կունենա»:
Հրեշտակը հայտնվում է նաև Աննային, որը ևս աղոթում էր Աստծուն: Ամուսիններն ուխտում են, որ երեխա ունենալու դեպքում՝ նրան ընծայելու են Աստծուն:
Տեր Շահեն նշում է՝ ունենում են մի պայծառ աղջնակ ու նրան կոչում Մարիամ՝ թարգմանաբար լուսավոր, լուսավորյալ: Ինչպես ուխտել էին, երեք տարին լրանալուց հետո՝ Մարիամին ընծայում են տաճարին: Այնտեղ նա ապրում է սրբությամբ ու աղոթքով, դաստիարակվում՝ իմացական լույսով։ Մարիամն աչքի էր ընկնում իր խոնարհությամբ, հեզությամբ:
Աստվածածինը՝ դրախտ
Մարիամը տաճարում մնաց մինչև 14 տարեկանը, այնուհետև նրան կնության տվեցին Հովսեփին: Շուտով ստացավ Գաբրիել հրեշտակապետի ավետիսը, ծնվեց Աստվածորդին ու եկավ մեր փրկությունը, նշում է Տեր Շահենը.
«Աստվածածինը նաև համարվում է դրախտ: Եթե 3-րդ օրը դրախտը տնկվեց երկրի վրա, Աստվածամոր որովայնում տնկվեց երկրորդ Ադամը: Եթե Ադամը նշանակված էր՝ դրախտը պահելու, մշակելու համար, ապա Քրիստոս մշակեց մեր փրկագործությունը և պահպանեց այնպես, որ օձը՝ սատանան, չմտնի այնտեղ»:
Ըստ քահանայի՝ Աստվածածնի պարզությունը գնահատելու համար՝ պետք է հիշենք, որ ջրհեղեղը բարձրացավ, բայց չհասավ դրախտին:
«Դատաստանի օրն էլ այդ կրակի հուրը, որ պետք է գա, չպետք է հասնի դրախտին, այդպես էլ Աստվածամայրը ապրեց, և մեղքը իրեն չհասավ, մնաց իր բարձրության վրա և պարգևեց մեզ մեր Տիրոջը»:
Երեքամյա Սուրբ Աստվածածնի տաճարին ընծայման տոնի հաստատումը կապված է այն տաճարի հետ, որ կառուցեց Հուստինիանոս կայսրը Ս. Աստվածածնի պատվին, հին հրեական տաճարի տեղում` Մորիա բլրի վրա։
Տաճարի նախատոնակը տեղի է ունեցել 543 թվականի նոյեմբերի 21-ին։ 638 թվականից հետո, երբ Հուստինիանոսի կառուցած տաճարը վերածվեց մուսուլմանական մզկիթի, տոնակատարությունը տարածվեց քրիստոնեական աշխարհում։