Նարեկացին և Նարեկագիտությունը (հատվածաբար). մաս 2

Նարեկացին և Նարեկագիտությունը (հատվածաբար). մաս 2

Գրիգոր Նարեկացին թարգմանվել է օտար լեզուներով: Նրա ստեղծագործություններից ֆրանսերեն թարգմանելու առաջին փորձը արել է բելգիացի բանասեր Ֆելիքս Նիզը՝  1886 թ., թարգմանելով 41 և 80-րդ գլուխները: 1900 թ. «Մերկյուր դը Ֆրանս» թերթում տպագրվում է Արշակ Չոպանյանի ուսումնասիրությունը` «Մատյան»-ի 30 հատվածների թարգմանությամբ: 1902 թվականին  «Պոեմ Արմենիեն» ժողովածուի մեջ տեղ են գտնում Չոպանյանի կատարած թարգմանությունները: 1904 թվականին Մխիթարյան միաբանության վանահայրերից մեկը «Մատյան»-ից ֆրանսերեն լեզվով  թարգմանում է մի քանի հատված: Գրիգոր Նարեկացու «Մատյան»-ի ամբողջական ֆրանսերեն թարգմանությունը պատկանում է  Հայր Սահակ Քեշիշյանին, որը հրատարակվել է Փարիզում՝ 1962 թվականին: 1904 թ. Աթանաս Տերոյանը իտալերեն  թարգմանում է Նարեկացու «Ներբող որբոյ Աստուածածնին» գործը, ուր ընդհանուր գծերով տրվել է նաև նրա համառոտ կենսագրությունը: 1916 թ. Լոնդոնում Զաբել Բոյաջյանը Նարեկացուց անգլերեն  է թարգմանել մի հատված և  տեղադրել իր «Հայկական լեգենդներ և առասպելներ» ժողովածուում: Իտալացի Ուպալտոս Ֆալդաթին 1922 թ. «Մատյան»-ից իտալերեն է թարգմանել մի քանի գլուխ:  «Մատյան»-ը հալեպցի Տեր Խաչատուր քահանա Սապաղյանի կողմից  թարգմանվել է արաբերեն, որի ձեռագիրը, ըստ Ա. Մխիթարյանի հաղորդած տվյալների, գտնվում է Հալեպում:  Գրիգոր Նարեկացու տաղերից երկուսը ռուսերեն թարգմանվեց Վալերի Բրյուսովի կողմից և ամփոփվեց 1916 թ. լույս տեսած «Поэзия Армении» ժողովածուում:   ԱՄՆ-ից հայոց եկեղեցու առաջնորդ Տիրան եպիսկոպոս Ներսոյանը և լոնդոնաբնակ Միշա Գյուտյանը զատ-զատ ձեռնարկել են  անգլերեն լեզվով «Մատյան»-ի ամբողջական թարգմանությունը: 1968 թ. ԱՄՆ-ում հրատարակված «Մայր Տաճար» գրքույկում «Մատյան»-ից տպագրված  էր անգլերեն մի հատված, որը թարգմանել էր Տիրան Ներսոյանը: Հեղինակը, սակայն, ուշադրություն է դարձրել միայն բառերի աստվածաբանական ճիշտ իմաստը վերարտադրելու վրա: Վերջերս ռուս մտավորականության շրջանում ևս հետաքրքրություն է նկատվում Նարեկացու ստեղծագործությունների նկատմամբ: 1969 թ. Երևանում հրատարակվեց Նաումա Գրեբնևի կատարած Նարեկացու մի քանի տաղերի և «Մատյան»-ից մի քանի գլուխների թարգմանությունները: «Մատյան»-ի ռուսերեն ամբողջական թարգմանությունը ձեռնարկել են Ալեքսանդր Մեժորովը և Մարգո Դարբինյանը: Վերոհիշյալ փաստերն ամենապերճախոս վկաներն են նարեկյան ստեղծագործությունների չմարող հմայքի:
 

Գրիգոր Նարեկացին հաճախ մեղադրվել է արաբական, պարսկական, հունական, եբրայական մշակույթներին տուրք տալու համար: Հայր Սահակ Քեշիշյանի «Մատյան»-ի ֆրանսերեն թարգմանության առաջաբանում Մսերյանը զարգացնում է այն թյուր տեսակետը, թե «Մատյան»-ը կրում է արաբական և բյուզանդական բանաստեղծության դրոշմը: Մեսերյանն արաբական ազդեցությունն ապացուցելու համար ենթադրաբար զարգացնում է այն միտքը, թե Նարեկացին եթե նույնիսկ արաբերեն չգիտեր, բոլոր դեպքերում լավ ծանոթ էր արաբական «սաջա» կոչվող բանաստեղծության ձևին (կշռութավոր արձակ, ներդաշնակ անդամներ և նույնանման վերջավորություններ): Այնուհետև Հ. Մեսեյանը, խոսելով բյուզանդական ազդեցության մասին,  կամայականորեն հորինում և ընդունում  է այն վարկածը, թե հունական ազդեցությունը պետք է բացատրել Նարեկա վանքում հունարենի և քաղկեդոնական գաղափարների ազդեցությամբ: Մանուկ Աբեղյանը ևս այն կարծիքին է, թե Նարեկացու  հանգավոր բանաստեղծությունները, կուտակումները արդյունք են արաբական ազդեցության: Նա ընդունում է նաև հունական, ասորական, եբրայական ազդեցությունները: Իսկ Մ. Չամչյանը ոչ միայն ընգծում է արաբական, հունական ազդեցությունների հարցը, այլև Նարեկացուն համարում է համոզված քաղկեդոնական: Ա. Չոպանյանը ևս շեշտում է արաբական ազդեցությունը: Գյուտ եպիսկոպոս Ղազարյանցի կարծիքով` թե՛ արաբական, թե՛ պարսկական ազդեցությունները անխուսափելի են: Եվ սա այն ժամանակ, երբ ասորական, պարսկական, արաբական քաղաքական ոտնձգությունները Հայաստանի վրա վերացել էին, իսկ հունական ազդեցությունը եկեղեցիների բաժանման պատճառով խիստ թուլացել էր:
 

Սովորաբար Գրիգոր Նարեկացու գրական ժառանգությամբ զբաղվողները ազդեցության խնդիրը քննելիս մի ծայրահեղությունից գնացել են մյուսը: Ովքեր փորձել են հերքել օտար ազդեցությունները, բավարարվել են միայն ընդհանուր  դատողություններ անելով: Նրանցից քչերն են փորձել ազգային նվաճումների լույսի տակ մեկնել ու բացահայտել Նարեկացու ստեղծագործությունները:

(շարունակելի)

 

Սկիզբը՝ այստեղ:

 

 

Սասուն Վարդանյան, «Նարեկացին  և նարեկագիտությունը», անտիպ էջեր

Պատրաստեց Սիլվա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

  • 2023-11-20
×