Վերստին Քրիստոսի` Աստծո Ծննդյան և Հայտնության Տոն է. Հիշատակ Բեթղեհեմի Սուրբ մանուկների (ըստ Հայսմավուրքի)

Վերստին Քրիստոսի` Աստծո Ծննդյան և Հայտնության Տոն է. Հիշատակ Բեթղեհեմի Սուրբ մանուկների (ըստ Հայսմավուրքի)

Այսօր Բեթղեհեմի Սուրբ մանուկների հիշատակն է: Ամբարիշտ Հերովդեսն առաջինն էր այլազգիներից, ով թագավորեց Երուսաղեմում և ամբողջ Հրեաստանում: Նա մորով հրեա էր, հորով՝ հեթանոս, Անտիպատր Ասկաղոնացու որդի և Հյուրկիանոս քահանայապետի թոռն էր: Սրա թագավորության երեսուներկուերորդ տարում ծնվեց մեր Տեր Հիսուս Քրիստոս Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում, Սուրբ Կույս Մարիամից: Եվ Արևելքից մոգերը՝ երեք թագավոր 12 հազարապետերով, եկան Նրան երկրպագելու՝ Աստծո հրեշտակի առաջնորդությամբ, ով աստղանման գնում էր նրանց առջևից, և դարձյալ գնացին իրենց երկիրը (Մատթեոս 2.1-12): Հերովդեսը, լսելով դրա մասին, սաստիկ բարկացավ և ուղարկեց կոտորելու Բեթղեհեմի բոլոր մանուկներին, որ երկու տարեկան ու ավելի փոքր հասակի էին, ըստ ժամանակի, որ ստուգեց մոգերից: Եվ կոտորվեցին թվով 14 162 մանուկ ութսունչորս գյուղերում:

 

Հերովդեսը այրեց հրեաների բոլոր սուրբ գրքերը և խափանեց քահանայությունը: Որովհետև անիրավությամբ տիրացավ վակասին (* քահանայական զգեստի մաս, քահանայության խորհրդանիշ) և վճարով ու կաշառքով տալիս էր անարժաններին: Սա բերեց Բաբելոնից Անանեին և քահանայապետ դարձրեց Մինամին, ով ղևտացի չէր: Նրանից հետո քահանայապետ դարձրեց Արիստաբուլոսին` Հյուրկիանոսի որդուն, իր քեռուն: Եվ ինքը, ընկնելով չարաչար հիվանդության մեջ, սաստիկ ցավերից տառապելով, սպանեց իր կնոջն ու որդիներից երեքին և ապա ինքնասպան եղավ` մարմնի սաստիկ ցավերի պատճառով: Եվ վերացավ չարն ու այնպիսի չարությամբ կորավ ամբարիշտը և չտեսավ Աստծո փառքը:

  • 2021-08-09
×