Յոթ խորհուրդ. Նվիրվելով աստվածայինին. Ձեռնադրության անջնջելի խորհուրդը

Յոթ խորհուրդ. Նվիրվելով աստվածայինին. Ձեռնադրության անջնջելի խորհուրդը

Ձեռնադրության խորհուրդն Ավետարան քարոզելու, Եկեղեցու խորհուրդները սպասավորելու, Քրիստոսով փրկությունը քարոզելու, ժողովրդին ապաշխարության հրավիրելու, նաև շնորհ փոխանցելու խորհուրդն է: Ձեռնադրության փոխարեն ասվում է նաև «Կարգ քահանայության» կամ «Խորհուրդ կարգի», որովհետև Եկեղեցում քահանայության աստիճանն է, որ իրավունք է տալիս ընծայվածին՝ կատարելու խորհուրդները։ Այս խորհուրդը, ինչպես Մկրտության ու Դրոշմի խորհուրդները, համարվում է անկրկնելի և անջնջելի: Ձեռնադրությունը շնորհի և իմաստության ստացման խորհուրդն է: Նվիրյալը ձեռնադրության արարողությամբ Աստծուց ընդունում է եկեղեցական կարգ, իշխանություն և երկնային իմաստություն: Ձեռնադրության խորհրդի մասին սուրբ Հովհան Մանդակունին ասել է. «Քահանան ամենակալ Աստծու հրեշտակն է: Եթե արհամարհես, Աստծու առջև ես մեղանչում, Ով նրան ձեռնադրեց, և նրա միջոցով Ինքն է կատարում Պատարագի խորհուրդն ու մկրտությունը»: 

 

Ովքեր ցանկանում են նվիրվել աստվածային ծառայության, անպայմանորեն պետք է համապատասխանեն հետևյալներին․ չափահաս լինեն, ինչպես նաև մարմնական, մտավոր և հոգեկան անթերի վիճակ ունենան, կոչմանը համապատասխանող մտավոր և հոգևոր պատրաստվածություն ունենան, հարմար և արժանավոր լինեն աստվածային պաշտոնին, անձնական կամ ներքին վկայություն ունենան իրենց արժանավորության մասին, ինչպես նաև՝ վկայություն Եկեղեցու (ժողովրդի) կողմից։

 

Ձեռնադրությունը կատարվում է եպիսկոպոսի կողմից և նվիրագործվում Սուրբ Հոգու օծումով: Ամփոփ կերպով ներկայացնենք, թե ինչպես է կատարվում ձեռնադրությունը: Եպիսկոպոսը հրապարակային քննությամբ ստուգում է ընծայլյալի արժանավորությունը՝ վերոհիշյալ հինգ կետերի համաձայն, ապա մասնավոր քննության է ենթարկում նրա հավատքի և դավանանքի ուղղափառությունը։ Կատարվում են աղոթքներ, ընթերցվածներ Սուրբ Գրքից և երգվում  շարականներ։

 

Այնուհետև տեղի է ունենում  Ձեռնադրությունը և քահանայական զգեստավորումը։ Խորհուրդն ավարտվում է  օծմամբ, որով և նվիրագործվում է Ձեռնադրությունը: Ձեռնադրվածին տրվում է իր  քահանայական անունը։

 

Ձեռնադրության խորհուրդի մասին տեղեկանում ենք Հին Կտակարանից, որը հաստատվել է Աստծո կողմից: Նա հրամայում է Մովսես մարգարեին, որ Հեսուին ձեռնադրի և իրեն հաջորդ նշանակի, որպեսզի նա, իմաստության հոգով լցվելով, կարողանա առաջնորդել Իսրայելի ժողովրդին: «Ապա փչեց նրանց վրա և ասաց.- Առե՛ք Սուրբ Հոգին. եթե մեկին ներեք իր մեղքերը, թող ներված լինեն, և եթե չներեք մեկի մեղքերը, թող ներված չլինեն» (Հովհաննես 20.22-23): Այս խոսքերով Քրիստոս աստվածային այդ իշխանությունը տվեց Իր աշակերտներին: Նրանց տվեց իշխանություն՝ քարոզելու, բժշկելու, դևեր հանելու (Մատթեոս 10.1-8), մեղքերին թողություն տալու, արձակելու և կապելու (Մատթեոս 16.19), Սուրբ Հաղորդության խորհուրդը կատարելու (Ղուկաս 22.19-20), ավետարանելու, մկրտելու (Մատթեոս 28.19-20), դրոշմելու: Այսպես կազմվեց Եկեղեցու նվիրապետական կառույցը, որն ունի ինը աստիճան. դռնապանություն, ընթերցողություն, երդմնեցուցչություն, ջահընկալություն, կիսասարկավագություն, սարկավագություն, քահանայություն, եպիսկոպոսություն,  կաթողիկոսություն: Դռնապանությունից մինչև սարկավագությունը կոչվում են փոքր աստիճաններ, իսկ վերջին երեքը` մեծ աստիճաններ: Քահանայության աստիճանից սկսած՝ արդեն իսկ կատարվում է ձեռնադրություն և օծում։

 

Առաջին ձեռնադրվածները՝ Քրիստոսի առաքյալները, իրենց տրված պատասխանատվությունն ու իշխանությունը փոխանցեցին իրենց անմիջական հաջորդներին, ինչպես պատվիրել էր Միածին Որդին՝ ասելով․  «Գնացե՛ք, ուրեմն, և բոլոր ժողովուրդներին իմ աշակերտնե՛րը դարձրեք: Մկրտեցե՛ք նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով: Սովորեցրե՛ք նրանց այն բոլոր պատվիրանները, որ տվեցի ձեզ: Եվ ահա Ես ձեզ հետ կլինեմ միշտ՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթեոս 28.19-20): Առաքյալները ձեռնադրեցին սարկավագներ, քահանաներ և եպիսկոպոսներ՝ այսկերպ կազմելով և շարունակելով եկեղեցու նվիրապետական կարգը, որը պահպանվում է առ այսօր։

 

 

Պատրաստեց

Վիկտորյա ՄԱՐԿՈՍՅԱՆԸ

Աղբյուրը՝ Շողակն Արարատյան

Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնաթերթ

  • 2023-11-15
×