Ընտանիքը փրկության համար է. բաժանությունները չեն խրախուսվում
Ընտանիքը փրկության համար է. բաժանությունները չեն խրախուսվում
«Զորավոր է այն ազգը, որն ունի զորավոր ընտանիքներ»: Ժամանակին նշել է Մուրացանը:
Այսօր ընտանիքի մասին պատկերացումները տարբեր են՝ երբեմն քրիստոնեական ընտանիքին հակասող: Բաժանությունները շատ են, մինչդեռ եկեղեցին չի խրախուսում դրանք:
Քրիստոնեական վարդապետության համաձայն՝ ընտանիքը նախ մարդու փրկության համար է, ընդգծում է Մայր Աթոռի դիվանատան եկեղեցական-ժողովական գրասենյակի պատասխանատու Տեր Տիգրան քահանա Բադիրյանը:
Ավանդական ընտանիք, թե՞
Մարդիկ, հաճախ խոսելով ավանդական, հայկական ընտանիքի մասին, նկարագրում են միջնադարյան իսլամական ընտանիքի՝ ոչ քրիստոնեական, որտեղ կինը չունի իրավունքներ: Մինչդեռ մեր հասարակության, քրիստոնեական ընկալման մեջ կնոջ դերը միշտ եղել է ամենաբարձրը, նկատում է Տեր Տիգրանը:
«Հայ եկեղեցում կինը երբեք ստորադասված չի եղել»:
Կնոջ դերի բարձր լինելու վառ ապացույցն են տարածված խոսքերը, օրինակ՝ մայրը սրբություն է: Հենց քրիստոնեությունն է նպաստել իգական սեռի հանդեպ վերաբերմունքի փոփոխությանը:
«Ժամանակակից աշխարհում կնոջ դերը ունենք գլխավորապես քրիստոնեության շնորհիվ, Պողոս առաքյալն էր ասում՝չկա տարբերություն՝ արուի և էգի»:
Քահանան ընդգծում է՝ պետք չէ խառնել տարբեր ազգերի պրակտիկան քրիստոնեական վարդապետության հետ: Եվրոպայում միջնադարում կանայք չունեին դեր, մինչդեռ մեր պատմական աղբյուրներում նշված է՝ 16-17-րդ դարերում տղամարդիկ ու կանայք ճաշում էին միասին:
Քրիստոնեական ընտանիք. մեկ լինելու պատրաստակամություն
Հին Կտակարանում ընտանիք կազմելու գլխավոր նպատակը որդեծնությունն էր, նշում է Տեր Տիգրանը: Նոր Կտակարանում ընտանիքի հիմքում սերն է։
«Ովչիսիրում, չիճանաչումԱստծուն, քանիորԱստվածսեր է»: (Ա ՀՈՎՀԱՆՆԵՍ 4:8)
Ըստ քահանայի՝ «Աստվածաշնչյան սերը միության, մեկ լինելու պատրաստակամությունն է»:
Այսինքն՝ չունենալ առանձին շահ, նպատակ, ունեցվածք: Ընտանիք ձևավորում են տղամարդն ու կինը: Կնոջ հավատքը կարող է փրկել ամուսնուն, ամուսնու հավատքը՝ կնոջը, իսկ երեխան լցնում է ընտանիքը:
«Ժամանակակից աշխարհի ամենամեծ խնդիրն այն է, որ մարդիկ չունեն մեկ լինելու ցանկություն: Ապրում են մեկ հարկի տակ, նույն կենցաղով, բայց իրենց զգում են օտար»:
Քահանան հիշեցնում է Բարսեղ Կեսարացու ճառը, ըստ որի՝ ընտանիքը Աստծո Արարչության մանրակերտն է, Աստծո եկեղեցին, և եկեղեցու քահանան կինն է:
«Երբ մարդիկ մտնում են եկեղեցի, տեսնում քահանաներին, կարող է տպավորություն լինել, թե նրանք այդ ամեն ինչի տերն են, բայց քահանաները ծառայում են: Նույնը ընտանիքում է»:
Առաջին տպավորությամբ կինը ամեն ինչ տերն է. կենցաղի հոգածուն է, բայց իրականում ամուսնու հետ ունի նույն նպատակի համար գործելու պատրաստակամություն:
«Երկուսը մեկ մարմին պիտի լինեն։ Հետևաբար, այլևս երկու չեն, այլ մեկ մարմին։» (Մարկ․ 10։8):
Ըստ Տեր Տիգրանի՝ առաջին ընտանիքը ստեղծվեց, երբ մարդիկ վտարվեցին դրախտից: Աստված մարդուն տվեց աշխատանք՝ ավելի լավը դառնալու, Աստծո պատկերը վերականգնելու համար և կողակից՝ անձնային հատկանիշները փոխելու համար:
«Կին-տղամարդ հարաբերությունները մեզ ավելի մոտ են դարձնում Աստծուն: Աստծուն չտեսնելով սիրելու համար՝ պետք է նախ կարողանալ սիրել մերձավորին, որին տեսնում ես: Ըստ էության՝ Նոր Կտակարանում օգտագործվող մերձավոր բառը նկատի ունի ընտանիքի անդամին»:
Անընդունելի բաժանություններ և բացառություններ
Եկեղեցին չի խրախուսում բաժանությունը, որովհետև ինքդ քեզնից բաժանվել չես կարող, նկատում է քահանան:
«Արդ, մարդը թող չբաժանի այն, ինչ Աստված միացրեց» (Մարկ․ 10։7-9):
Բաժանությունները թույլատրվում են մի քանի դեպքում: Օրինակ՝ երբ կողակիցն անհետ կորած է, 7 տարի նրանից լուր չկա, ունի հոգեկան անբուժելի հիվանդություն, և նրա հետ ապրելը կյանքի համար սպառնալիք է։ Թույլատրվում է նաև մահվան դեպքում: Այդ ժամանակ երկրորդ անգամ ամուսնությունը խրախուսվում է, երբ կան խնամքի կարիք ունեցող մանկահասակ երեխաներ: