«Բայց արդ, մնում են հավատ, հույս, սեր...»: Ա Կորնթ. 13:13
«Բայց արդ, մնում են հավատ, հույս, սեր...»: Ա Կորնթ. 13:13
Այո՛, սակայն մեծագույնը սերն է, քանզի սերը հենց Տերն է (հմմտ․ Ա Հովհաննես 4:16)՝ բոլոր առաքինությունների մարմնացումը։ Հավատը, հույսը և սերը, լինելով մյուս բոլոր առաքինությունների հիմքում, կոչված են քրիստոնեական գլխավոր առաքինություններ։ Այս երեքը նման են աշխարհն ու կյանքը լուսավորող ճառագայթների։ Հավատը բացատրում ու լիացնում է ամբողջ կյանքը, հույսը մարդուն ապրեցնում է, պայքարելու ուժ տալիս ու առաջ տանում, իսկ սերը, ինչպես արդեն նշեցինք, բովանդակում է ամբողջ տիեզերքը. «Աստված սեր է» (Ա Հովհաննես 4․16) վկայությամբ։
Արդ, զուր չէ, որ մկրտության ժամանակ քահանայի հարցին, թե ի՞նչ է ցանկանում երեխան, կնքահայրը պատասխանում է. «Հավատք, հույս, սեր և մկրտություն»: Չէ՞ որ անհրաժեշտ է նոր ծնվող քրիստոնյային զինել հոգին ապրեցնող կարևորագույն առաքինություններով, որովհետև ինչպես որ մարմինը չի կարող ապրել առանց օդի, ջրի և հացի, այնպես էլ հոգին` առանց հավատի, հույսի և սիրո, որոնք մկրտության, ապաշխարության ու Սուրբ Հաղորդության պես միաձուլված են միմյանց։
Արդ, այս երեք առաքինություններն առանձին չեն գործում. հավատից ծնվում է հույսը, իսկ այս երկուսին ամփոփողը սերն է, որն ամեն բանի հավատում է և մշտապես հույս է տածում (հմմտ. Ա Կորնթացիներ 13.7):
Անշուշտ, Աստված միշտ մեզ հետ է, սակայն մեր հավատն է, որ պետք է բացի դռները Նրա առաջ և ներս թողնի։ Ճշմարիտ Աստծո նկատմամբ հավատն է ապրեցնում այս կյանքում և հավիտենական կյանքի ու հոգու փրկության հույս պարգևում: Երանի նրան, ով կարժանանա այս ավետիսը լսելուն․ «Քո հավատքը քեզ փրկեց» (Մատթեոս 9.22): Այո՛, հենց այս հավատին է Տերը սպասում։ Եվ այդ հավատն առանց գործերի մեռած է, ճիշտ այնպես, ինչպես որ մեռած է մարմինն առանց հոգու (հմմտ. Հակոբոս 2․26)․ «Եղբայրնե՛ր իմ, օգուտն ի՞նչ է, եթե մեկն ասի, թե հավատ ունի, սակայն հավատն արտահայտող գործեր չունենա: Մի՞թե հավատը նրան կկարողանա փրկել․․․ Դու հավատում ես, որ մեկ է Աստված. լավ ես անում: Դևերն էլ են հավատում և դողում: Ո՛վ փուչ մարդ, ուզո՞ւմ ես իմանալ. հավատը դատարկ բան է առանց գործերի: Աբրահամը՝ մեր հայրը, չէ՞ որ գործերով արդարացավ՝ սեղանի վրա հանելով իր որդուն՝ Իսահակին, որպես զոհ» (Հակոբոս 2․14-21):
Իսրայելի պատմության սեմին հանդիպում ենք Աբրահամին՝ մեծ հավատավորի լավագույն մարմնավորմանը, որ որպես փառահեղ օրինակ տրվել է մարդկությանը։ Աբրահամը Արարչի կամքին հնազանդվելու համար չի վարանում անգամ սրով խոցել իր հարազատ որդուն: Նա շնորհիվ առ Տիրոջ խոսքն ունեցած իր անվերապահ հավատքի և վստահության՝ ողջ մարդկության պատմության մեջ անմահանում է «հավատքի հայր» կոչմամբ։
Հավատը, որի արմատները Քրիստոսի փառավոր կյանքից են բխում, իրականություն է դարձնում բարու հաղթությունը: Ահա այսպիսի հավատի և փառավորյալ Սիրո հետ մի երրորդություն է կազմում հույսը, որի մասին վկայված է․ «Հույսը երբեք չի ամաչեցնում, որովհետև Աստծու սերը սփռված է մեր սրտերում Սուրբ Հոգու միջոցով, որ տրվեց մեզ» (Հռոմեացիներ 5․5):
«Որտեղ հույսը մեռնում է, այնտեղ դատարկություն է առաջանում»,- ասում է Լեոնարդո դա Վինչին: Փորձենք մի պահ ընկնել հուսահատության գիրկը և կտեսնենք, թե այն ինչպես է մեզ տանում դեպի դատարկություն, դեպի անդունդ․ մռայլ ու անիմաստ է դառնում ամեն բան, երբ դադարում ենք հուսալ և հավատալ։ Իսկ ինչո՞ւ է մարդը կորցնում իր հույսը և դադարում հավատալ։ Անշուշտ, պատճառները շատ են և կարող են լինել խիստ անհատական, բայց չէ՞ որ «Ամենայն չարիք մտանեն ի միտս մարդոյ յանուսումնութենէ»։ Եվ իսկապես հուսահատությունը մեծագույն չարիք է, որ կարող է երբևէ բնակություն հաստատել մարդու հոգում՝ դառնալով բազում այլ չարիքների առաջացման պատճառ։
Բայց եթե մարդը ծանոթ լինի Աստվածաշնչին և հավատա այնտեղ ամփոփված բոլոր իրադարձություններին, գիտենա Աստծու գթասրտության և ողորմածության անսահմանությունը, երբեք չի հուսահատվի, այլ կհարատևի աղոթքի մեջ՝ հավատալով, որ չի մնալու ամոթով։
Սիրո մասին պատկերացում կազմելու համար, բավական է միայն ծանոթանալ Աստծու կյանքին, ինչի համար էլ ուղղակի անհրաժեշտ է ընթերցել Աստվածաշունչը, որից սեր է ճառագում և սիրո պատգամն է տրվում։ Սիրո դրսևորման հրաշափառ տեսարանը բացվում է ընթերցողի առաջ Գողգոթայի բարձունքում, որտեղ Քրիստոսի՝ մարմնացած Սիրո, առաքելության լրումն է իրագործվում։ Քրիստոնեական սերը, որը և ողջ քրիստոնեության էությունն է, ասես վառվող մոմ լինի, որը լույս տալու համար սպառում է ինքն իրեն:
Հավատը, հույսն ու սերը մեկ աղբյուրից են հոսում, բայց միևնույն ժամանակ առանձին զորություններ են, որոնց միասնականությամբ է միայն հնարավոր դառնում կյանքի նորոգումն ու փրկությունը։
Արդ, Սուրբ Երրորդության Երեք Անձերին ընդունելով՝ մարդը պետք է բարձրանա աստվածային այս առաքինություններով՝ հույսով, հավատով ու սիրով դրոշմված երեք աստիճանաքարերով։
Պատրաստեց
Լաուրա ԱՂԱՋԱՆՅԱՆԸ
Աղբյուրը՝ Շողակն Արարատյան
Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնաթերթ