Կանգ առ և ճանաչի՛ր:

Կանգ առ և ճանաչի՛ր:

Առանց այդ էլ աղմկոտ մեր քաղաքում ավելի է շատացել աղմուկը: Խոսակցությունները դատարկ են, ծիծաղը՝ բարձր: Ամենուրեք հոգնած ու տխուր աչքեր են, սառը դեմքեր, անհասկանալի մտքեր, գաղափարներ: Փողոցներում, դրանց կից սրճարաններում, ուր մարդիկ մտերմիկ զրույցներ են փնտրում, միայն աղմուկ են գտնում: 

 

Մենք շարունակ գոռում ենք՝ միմյանց, աշխարհին լռեցնելու կամ չհիշելու, մոռանալու համար: Ցավը մեղմելու համար՝ իրար քննադատելը, մեղադրելը, ատելը հեշտ լուծում է, փախուստ՝ ինքներս մեզնից, իրարից, աշխարհից:

 

Վերջերս մենք շարունակ վիճում ենք, իրար մեղադրում: Սկսել ենք իրար չսիրել, որովհետև դադարել ենք միմյանց լսել: Այնքան ենք հուսահատվել, որ շարունակ փնտրում ենք մեղավորներ: Իրար լսելու համար՝ պիտի փորձենք մի պահ լռել: Մենք այնքան ենք աղմկել, որ հեռացել ենք ինքներս մեզնից, իրարից, Աստծուց:

 

«Զգո՛ւյշ եղեք, չլինի թե մեկը չարին չարով հատուցի, այլ միշտ ջանացե՛ք բարին գործել թե՛ միմյանց և թե՛ բոլորի հանդեպ»: (Ա ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ 5:15)

 

Փողոցի աղմուկը չէր հասնում Բուրաստան տատին: Երբ նրան տեսա, զինվորների համար գուլպա էր գործում՝ դողացող ձեռքով, կկոցած աչքերով: Դանդաղ էր գործում. գիշերը ընկել էր, վնասել թևը։ Ձեռքը ցավում էր, բայց հենց չէր գործում, սիրտն էր ցավում. մտածում էր, թե իր պատճառով զինվորները սառում են։ Մի քանի անգամ արդեն գուլպաների շարքը ուղարկել էր հասցեատերերին: Տատը հատկապես մեղավորության զգացում էր ունենում, երբ նայում էր հեռուստացույցով ժպտացող զինվորների դեմքերին։ 

 

Բուրաստան տատի սիրտը, որ արդեն մի քանի պատերազմի դիմացել էր, հիմա շատ էր ցավում: Սիրում էր բոլոր զինվորներին, իրենք էլ երևի իրեն` առանց ճանաչելու։ 

 

«Եղբայրասիրությունը թող հաստատ մնա ձեր մեջ»։ (ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ 13:1)

 

Աղմուկը խլանում էր, երբ լսվում էին դպրոցական Գոռի գործիքի ձայները: Կիթառ էր նվագում, որ վաստակած գումարով օգներ կարիք ունեցողներին: 

 

«Այս հողում ապրող յուրաքանչյուր մարդ պետք է կատարյալ դառնա, որովհետև այստեղ այնքան հերոսներ են զոհվել, այնքան պայքարողներ են եղել: Հողը կարծես սրբացել է»:

 

Մի անգամ ասաց Գոռը, որ թեև դպրոցական էր, բայց մեծ մարդու հայացք ուներ:

 

Այս երկարատև աղմուկի, մեղադրանքների մեջ սկսել ենք չնկատել իրար՝ Բուրաստան տատին, Գոռին, մեր կողքին եղած հազարավորներին:

 

Եթե Աստված մեզ պատասխանի, մեզ հետ խոսի, կլսե՞նք, կյանքի աղմուկը կթողնի՞: Աստծո ձայնը լսելու համար՝ պետք է մի պահ կանգ առնել: Ասում է Տեր Եսայի քահանա Արթենյանը:

 

«Աղմուկը շատ է, ոչ թե Աստված թաքնվել է, այլ այդ աղմուկը չի թողնում, որ մենք Աստծուն գտնենք, բացահայտենք մեր կյանքում: Աստծուն տեսնելու, գտնելու, նրա ձայնը լսելու համար՝ հատուկ ունակություններ, որակներ են պետք, որ մեր մեջ ձևավորվեն»:

 

Աստված մեզ ասում է՝ կանգ առ և ճանաչի՛ր: Գոհունակությամբ ապրելն Աստծո կամքն է:

 

«Մշտապես ուրա՛խ եղեք, անդադար աղոթե՛ք, ամեն ինչում գոհությո՛ւն հայտնեք, որովհետև դա է Աստծու կամքը Քրիստոս Հիսուսով ձեզ համար»։ (Ա ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ 5:16-18)

 

Անի Ավագյան

 
  • 2023-11-10
×