«Եթե ողջ եմ, պիտի անեմ». հավատում եմ, կարող եմ

«Եթե ողջ եմ, պիտի անեմ». հավատում եմ, կարող եմ

Պատերազմում ոտքը կորցրած քանդակագործը շարունակում է իր աշխատանքներով ապրեցնել մարդկանց, հույս ու լույս փոխանցել:

 

44-օրյա պատերազմի մասնակից Էրիկ Գրիգորյանը կորցրել է տունը, ընկերներին, արկի պայթյունից՝ ոտքը, ստացել բազմաթիվ վնասվածքներ, բայց չի կորցրել հավատն ու ուժը:

 

Պայքարում է:

 

Ապրեցնող քանդակներ

 

Վերցնում է իր ստեղծագործելու զենքերը, ու ներսում կուտակվածը վերածվում է քանդակի: Արվեստի միջոցով նաև փորձում է բուժել պատերազմի վերքերը: 

 

«Այն, ինչ քո ներսում կատարվում է, փորձում ես ներսիցդ հանել արվեստի միջոցով: Երբ ստացվում է, հանգստանում ես»:

 

Եթե հավատ չունես, կորած ես: Կարծում է 23-ամյա քանդակագործը, որ երբեք չէր պատկերացնի, որ կստեղծագործեր: Հավատի ու պայքարի մասին պատմող իր բրոնզե մանրաքանդակների հենարանը տնից՝ Շուշիից բերված քարերն են:

 

Գործերին պետք է բոլոր կողմերից նայել: Խորհուրդ է տալիս Էրիկը: Ամեն քանդակի համար գրում է իր մտքերը: Օրինակ՝ այս աշխատանքին նայելիս տեսնում ենք մեծ գլուխ: Հեղինակը վստահ է՝ իր ստեղծած հերոսը ամենակարող չէ:

 

 

«Նայելով ձեռքին, կարող ենք տեսնել, որ խաչը կիսատ է։ Դա ներսի հավատն է։ Կարևոր չէ, թե որքան հզոր և խելացի է մարդը, կարևորը հավատն է։ Եթե հավատը լիարժեք է, կարելի է և ՛ հզոր լինել, և ՛ խելացի, և ՛ կանգ չառնել ոչ մի խոչընդոտի առաջ»։

 

Ընդգծում է՝ առաջ շարժվելն ավելի հեշտ է, երբ կան օգնող ձեռքեր: Իր ստեղծագործական ուղին գծելու հարցում՝ մեծ ավանդ ունի ուսուցիչը՝ դիզայներ, ոսկերիչ Նուռը: 

 

Մոտ մեկ տարի առաջ Էրիկի կուճիր (փոքր) հույզերը ներկայացվեցին հանրությանը: «Կուճիր հույզեր» խորագրով ցուցադրությունը բարեգործական էր: Մասնակցել է բարեգործական ցուցադրության նաև  ԱՄՆ-ում: АrmeniArtsakh խորագրով միջոցառման ընթացքում ներկայացվել է Հայաստանի ու Արցախի մշակութային ինքնությունը: Ցուցադրվել են այլ գործիչների աշխատանքներ ևս: Գործերին տեղում ծանոթացել են ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։

 

«Չեմ կարող հանձնվել»…

 

Գրիգորյանենց ընտանիքում հայրենիքի համար կռիվ են տվել մեծից փոքր: Արցախյան առաջին պատերազմի մասնակից է տատը, ցավոք առայսօր նրանից տեղեկություն չունեն։ Կռվել են հայրը, հորեղբայրները, եղբայրները:

 

44-օրյա պատերազմի ժամանակ հայր ու որդի վիրավորվել են ու իրար գտել հիվանդանոցում: 

 

«Պահեր են եղել, որ ուզել եմ հանձնվել, բայց հիշել եմ, որ մարմնիս կեսը թողել եմ Արցախում: Դա իզուր չէր, պիտի նորից հետ գնամ: Երբեք չեմ կարող հանձնվել, կպայքարեմ այնքան, որ հասնեմ իմ նպատակին, դա երազանք չի, նպատակ է»:

 

Էրիկն այժմ ստեղծում է միջին չափի քանդակներ ևս: Հենարանի համար Շուշիից բերված քարերի կողքին օգտագործում է նաև Երևանի տուֆը:

 

«Կյանքս այդքան չէի գնահատում: Երբ վիրավորվել եմ, զգացել, որ ամեն վայրկյան կարող եմ անջատվել ու չլինել, ասել եմ՝ վերջ իմ կյանքը պիտի գնահատեմ ու ապրեմ: Իզուր չեմ ողջ մնացել, ուրեմն՝ մի բան պիտի անեմ»:

 

Պատրաստվում է նոր ցուցադրությունների, որոնց մասին կհայտնի ավելի ուշ: Հույս ունի հետագաում, երբ կդառնա հայտնի քանդակագործ, աշխարհին ներկայացնել Արցախն ու Հայաստանը:

 

 

Երիտասարդ քանդակագործի վերջին շրջանում արված աշխատանքը չհանձնվելու խորհուրդ ունի: Պատկերել է մարդկանց, որ շարժվում են աղոթքով՝ չվախենալով մահից:

 

«Աղոթքը դարձավ նրանց վահանը և կերտեց հաղթանակը»։

 

Անի Ավագյան

 
  • 2023-11-08
×