Քրիստոսի՝ մեր Աստծո Ծննդյան և Հայտնության Տոնի երրորդ օրվա պատճառ (ըստ Հայսմավուրքի)

Քրիստոսի՝ մեր Աստծո Ծննդյան և Հայտնության Տոնի երրորդ օրվա պատճառ (ըստ Հայսմավուրքի)

Ինչպես որ երկրորդ օրը Աստված ստեղծեց հաստատությունը, բաժանեց ջրերը ջրերից (Ծննդոց 1.6-7), ու երևաց ցամաքը, այսպես և երրորդ օրը զարդարեց Իր Խոսքով երկրի երեսը՝ բույսերով և տնկիներով, և պեսպես ծաղկազարդ գույներով, և փթթազարդ երանգներով, անուշահոտ ու գեղեցկահարմար բուրաստաններով (Ծննդոց 1.9-12):


Իսկ հիմա՝ նոր արարչագործության՝ Քրիստոսի Ծննդյան, տոնախմբության երրորդ օրը հիշատակվում են Բեթղեհեմի մանուկները, ովքեր Քրիստոսի փոխարեն սպանվելով՝ կոտորվեցին Հերովդեսից: Եվ Բեթղեհեմի երկիրն առավել ևս պայծառացավ և զարդարվեց սուրբ մանուկների արյան ցայտմամբ, քանզի իր երեսն անբան (* անհոգի) տնկիներով վայելչացրած` այն երկիրն էր, որի մասին ասել էր մարգարեն. «Ձայն գուժեց Ռամայում. լաց, ողբ և սաստիկ սուգ» (Երեմիա 31.15, Մատթեոս 2.18): (* Պաղեստինում շատ տեղեր կոչված են «Ռամա» անվամբ:


Բենիամինի Ռամա քաղաքը գտնվում էր Երուսաղեմի շրջակայքում, դեպի հյուսիս): Երբ Նաբուգոդոնոսորը (* Բաբելոնի արքան) գրավեց Երուսաղեմը (* 587թ. ն. Ք.), այնտեղ՝ Ռամայում, բոլոր արուներին կոտորեց: Լացի ու ողբի ձայնը հասավ Երուսաղեմ: Եվ դարձյալ, կնոջը չարչարելու պատճառով Բենիամինի ցեղը միօրինակ բնաջնջվեց իր եղբայրների մոտից, ու սակավաթիվ տղամարդիկ փրկվեցին դրանից (Դատավորներ 20): Ինչի պատճառով ասում է. «Ձայն գուժեց Ռամայում»: Սրանք օրինակներ էին Բեթղեհեմի մանուկների կոտորածի՝ իրականացված Հերովդեսի կողմից: Մարգարեության խորհուրդն այս էր. Ռաքելը ողբում էր իր որդիներին, ովքեր Քրիստոսի համար չէին մեռել, և Ռաքելը Բենիամինին ծննդաբերելուց մահացավ: Եվ հայտնի է, որ այստեղ Ռաքելը բոլոր մանուկների համար էր լաց լինում: Որովհետև մայրը և սրանք ծնունդից հետո մեռան. զուգահավասար էր վիշտը: Այդ պատճառով մեկ անունով կոչվեցին սրանք և նրանք՝ պապերն ու թոռները:


Քանզի այն ժամանակ՝ Բենիամինի ծնվելիս, մայրը մահացավ, իսկ այստեղ՝ Քրիստոսի ծնվելուց հետո, մանուկները կոտորվեցին: Ռաքելն օրինակ էր հեթանոսների եկեղեցու. ողբում էր իր որդիներին, ովքեր չծնվեցին Սուրբ ավազանով, այլ խավարում ու մահվան ստվերում էին նստել: Այս է, որ ասվում է. «քանզի իրենը չէին», որպես և մարգարեն է ասում. «առյուծ և կորյուն առյուծի» (Եսայի 31.4): «Առյուծ» է կոչում Աբրահամին, Իսահակին ու Հակոբին, իսկ «առյուծի կորյուն» է անվանում Սամուելին և այլ մարգարեների, ովքեր միապես վիշտ կրեցին աշխարհում և առյուծաբար հաղթեցին սատանային ու նրա դևերին:


Այլև Ս. Հովհաննես Կարապետը լաց էր լինում Երուսաղեմ քաղաքի համար, որովհետև չընդունեցին Քրիստոսին: Նույնպես և Սուրբ Եկեղեցին լաց է լինում իր այլ որդիների համար, ովքեր Քրիստոսից առաջ ու հետո էին և չճանաչեցին Քրիստոսին: Նրան է Ռաքելը կոչում «գառ», որ նշանակում է՝ Հիսուս Քրիստոս, Ով կոչվեց Աստծո Գառ (Եսայի 53.4-9, Հովհաննես 1.29) և լաց եղավ Երուսաղեմ քաղաքի համար: Որպես և գրված է, թե՝ տեսավ քաղաքը և լաց եղավ նրա համար (Մատթեոս 23.37-39), որովհետև չընդունեցին Նրա Սուրբ Ավետարանի քարոզությունը:


Եվ արդ, պետք է իմանալ մոգերի մասին, թե ովքե՞ր էին և կամ թե որտեղի՞ց էին: Ասում են, թե Աբրահամի որդիներից էին, քետուրական սերնդից: Ուսյալ էին Բաղամի մարգարեությունից, թե՝ երբ կծագի Հակոբի աստղը, գնացե´ք նրա ետևից: Այդ պատճառով երեք թագավոր տասներկու հազար հեծյալներով ելան ճանապարհ՝ հետևելով աստղին, ու աստղն առաջնորդեց նրանց մինչև Երուսաղեմ: Եվ աստղի միջից երևում էր կույսի պատկերը՝ որպես տասնհինգամյա աղջիկ, ով գրկում ուներ լուսատիպ, թագավորակերպ մանուկ: Երբ մոգերը հասան Երուսաղեմ, աստղը ծածկվեց նրանցից, մինչև որ իմացան Միքիա մարգարեի վկայության մասին (Միքիա 5.2-3, Մատթեոս 2.4-6): Եվ ապա դարձյալ երևաց աստղն ու առաջնորդեց նրանց, մինչև եկավ կանգ առավ այրի վրա, ուր մանուկ Հիսուսն էր խանձարուրապատ դրված մսուրում: Ուրախանալով, ընծաներ մատուցելով, մոգերը երկրպագեցին Հիսուս նորածին մանկանն ու այլ ճանապարհով գնացին իրենց երկիրը:


Հերովդեսը մարդահամարի հրամանի կատարմամբ զբաղվեց 51 օր, մինչև քառասնօրյա Հիսուս եկավ Տաճար ու, գգվելով Սիմեոն ծերունուց, արձակեց նրան մարմնի կապանքներից (Ղուկաս 2.25-35): Եվ Տաճարից գնաց Նազարեթ: Դրանից տասներկու օր անց փախավ Հերովդեսից Եգիպտոս, որպես Մովսեսը` փարավոնից: Երբ Հիսուսը մտավ Հերմուպոլիս, կուռքերը, որոնք կանգնած էին պարսպի վրա, ընկնելով՝ փշրվեցին: Այնտեղ էին այդ պահին Հնդկաստանից եկած դեսպանները: Տեսնելով դա` նրանք գնացին ու պատմեցին սքանչելիքն իրենց երկրում: Սա է, որ ասվում է սաղմոսում. «Հնդիկներն առաջինը կմեկնեն ձեռքերն առ Աստված» (Սաղմոս 67.32): Եվ երբ Թովմաս առաքյալը գնաց այնտեղ, նրանք դյուրությամբ հավատացին ի Քրիստոս: Լսեցին դա և Աթենքում կանգնեցրեցին անծանոթ աստծո բագինն, ասելով, թե` բարին չի անում, սակայն իրենով չարն արգելում է:


Ոմանք ասում են, թե թվով 72 էին մանուկները, ում կոտորեց Հերովդեսը, իսկ այլոք ասում են, թե 84 էին: Եվ Տեր Հիսուս այդ պատճառով ընտրեց Իր համար 12 և 72 աշակերտ, որ անում է 84: Իսկ ի՞նչ է նշանակում «երկու տարեկանից և ցածր»: Ասում են, թե Օգոստոս կայսրից հրաման հասավ Հերովդեսին՝ գնալ Հռոմ, և նա այնտեղ մնաց երկու տարի: Վերադառնալով Երուսաղեմ` Հերովդեսը հիշեց մոգերի խոսքերը և կոտորեց 14 162 մանուկների 84 գյուղից: Այդ պատճառով լալիս էր Ռաքելը` Հակոբի կինը ու չէր կամենում մխիթարվել, որովհետև այլևս չկային: Եվ ի՞նչն էր պատճառը՝ չմխիթարվելու: Նախ այս իմանանք, որ մեռյալների համար սգալու և լաց լինելու համար Մովսեսի կողմից սահմանվեց 30 օր, որպես և Իսրայելի որդիները սգացին Ահարոնի համար 30 օր, նույնպես և Մովսեսի ու բոլոր մարգարեների համար:


Եվ ինչո՞ւ 30 ու ոչ պակաս, կամ ավելի: Որովհետև ամիսը 30 օր է, և 30 օրից լուսինը նորանում է: Այդ պատճառով 30 օր լաց էին լինում ու սգում էին մեռյալներին և ապա, սգից դուրս գալով, ուրախանում ու մխիթարվում էին: Իսկ Ռաքելը մարգարեաբար տեսավ որդիների կոտորածը, և քանզի դեռ ծնված չէին ու չէին վախճանվել, չէր կամենում մխիթարվել, մանավանդ, որ Բենիամինին ծնեց ու ինքը մահացավ: Ռաքելի անմխիթար լինելու երկրորդ պատճառն այս է. Բեթղեհեմի երկիրը Բենիամինի բաժինն էր, և ղևտացի կնոջը չարչարելու համար Բենիամինի ցեղը բնաջնջվեց իր չար գործերի համար: Նրա համար էր Ռաքելն անմխիթար լաց լինում, քանզի իր որդիներն այն ժամանակ չարիքների համար կոտորվեցին և ո´չ հիմա` Քրիստոսի համար: Երրորդ պատճառն այն էր, որ մանուկներն, ովքեր կոտորվեցին, Հուդայինն էին (* Հակոբի չորրորդ որդու) և ոչ Բենիամինինը: Քանզի Հուդայի ցեղին փոխանցվեցին Բենիամինի ցեղի կալվածները նրանց կոտորվելուց հետո: Այդ պատճառով Ռաքելը լաց էր լինում ու չէր կամենում մխիթարվել, քանզի մանուկներն իր որդիները չէին:


Հայտնի է, որ Քրիստոս, մարդանալով՝ կարող էր անմիջապես հայտնվել ըստ Ադամի հասակի, ում Նա ստեղծեց երիտասարդ հասակով, սակայն անպատշաճ էր: Քանզի որ հասակը չապրեր Քրիստոս, փրկված չէր լինի: Այդ պատճառով սկզբի հասակից ի հայտ եկավ Քրիստոս և մանկան պես ծնվեց Սուրբ Կույսից ու ապրեց մանկության և երիտասարդության հասակները: Եվ երեսուն տարեկանում մկրտվելով` հայտնեց Իր աստվածության փառքը ու շնորհեց մեզ վերստին ծնվել մկրտության ավազանով` երկնավոր Հորը որդեգրվելու և Աստծո որդիներ լինելու համար, որպես և Նա ծնվեց Կույսից և մարդու որդի եղավ: Այդ պատճառով մանկության հասակից ի հայտ եկավ Քրիստոս` ծնվելով որպես մանուկ ու մեզ հայտնում է, թե կամեցավ ապրել մարդկային բնության երեք հասակները. մանկությունը` անմեղությամբ, երիտասարդությունը` արիական քաջությամբ, ծերությունը` հոգով իմաստնանալով ու գիտության լույսով պայծառանալով` արդարություն գործելով:


Եվ ինչպես արարչագործության առաջին երեք օրերում առանց արեգակի երևում էր պայծառ և համատարած լույսը` հայտնելու մեզ Սուրբ Երրորդության անձերին առանց չափի, նույնպես և այստեղ Սուրբ Երրորդության ճշմարիտ լույսը երեք հասակներում երևաց. սուրբ ավազանի աննյութ (* հոգևոր) ծննդյամբ` առաքինությամբ ամենքին մանկացրեց մեղքերից, արիությամբ երիտասարդացրեց և իմաստությամբ ծերացրեց` Քրիստոսի՝ մեր Աստծո փառքի համար:


Այսօր եղավ Գալիլիայի Կանայի հարսանիքը, ուր գնաց մեր Տեր Հիսուս Քրիստոս Իր մոր և աշակերտների հետ միասին և ջուրը դարձրեց գինի Քրիստոսի մկրտությունից մեկ տարի ու երկու օր անց:


Քրիստոս Աստված, որ Աստվածդ մարդ եղար և մարդուն աստվածացրեցիր: Որ երկիրը երկինք դարձրեցիր և ջուրը գինի դարձրեցիր: Նույն ամենակարող զորությամբդ և մեզ մեղքերից դեպի արդարություն դարձրո´ւ` ներելով մեր բոլոր մեղքերը:


Ողորմի´ր, Քրիստոս Աստված, այս գիրը կարդացողին:

  • 2021-08-09
×