Ինչպե՞ս չհուսահատվել, որտե՞ղ գտնել ապրելու լույսը

Ինչպե՞ս չհուսահատվել, որտե՞ղ գտնել ապրելու լույսը

 «Եթե տեսնում ես, թե ինչպիսի հրաշք է Աստված, իր Արարչությունը, (դու էլ դրա մի մասնիկն ես), ուրախանում ես, ոգևորվում, շնորհակալ ու գոհունակ ոգի ես ունենում Աստծո նկատմամբ»:

 

Տեր Հովհաննես քահանա Մաթևոսյանը հարցազրույցի միջոցով փորձում է իր հոտին փոխանցել այն խորհուրդները, որոնք կօգնեն մարդկանց մտնել Աստծո արքայություն և լինել արժանի զավակ:

 

  • Տե՛ր Հայր, ասացե՛ք խնդրեմ, ո՞րն է հոգևոր սպասավորի դերը պատերազմի դաշտում:

  • Մարտի դաշտում հոգևոր սպասավորի առաքելությունն է Աստծո գործոնը` հավատքը, պահել սթափ կարգավիճակում՝ մարտիկների մտքում, էության մեջ, որ մարդը միշտ հավատարիմ մնա Աստծուն, նրանով վարի իր մարտը՝ լինելով Աստծո մարտիկ՝ արդարության, ճշմարտության: Հոգևոր սպասավորի ներկայությունը հնարավորություն է տալիս, որ մարտիկը հաղթահարի իր ներսում գտնվող տագնապը, առավելագույնս օգտագործի իր ձիրքերը, գիտելիքը, որպեսզի կարողանա իր սրբությունները և հայրենի հողը պաշտպանել, դառնալ իրապես զինվորյալ անձ, ով Աստծո արդարության ճանապարհով է ընթանում և հենց այս նյութաշխարհի մեջ այդ պաշտպանող մարտիկն է:

 

  • Ո՞րն է բանակի՝ ամուր լինելու գրավականը:

  • Բանակը ամուր պահելու գրավականը արդարությունն է, կարգապահ աշխատանքը, հզոր հավատքը, եղբայրասիրությունը:

 

  • Ազգ-բանակ օղակը ինչպե՞ս է այսօր, արդյո՞ք զինվորները հեշտությամբ են կարողանում հոգևոր սպասավորի հետ խոսել իրենց դժվարություններից ու հոգեբանական ճնշումներից:

  • Զինվորները հեշտությամբ են կարողանում հոգևոր սպասավորի հետ խոսել, քննարկել իրենց խնդիրները, որովհետև հոգևոր սպասավորը նույն ազգի ներկայացուցիչն է, կրում է այն նույն խնդիրները և ունի նույն հաջողությունները, ինչ-որ այդ ազգի զինվորը: Բնական է, որ այս անկեղծությունից, ազնվությունից առաջանում է շատ մեծ դրական էներգիա, որի արդյունքում հոգևորականը կարողանում է զինծառայողին առավելագույնս օգտակար լինել: Փոխվստահությունը ստեղծում է մի իրականություն, որտեղ Աստված սկսում է օգտագործել գնդերեցին, հոգևորականին՝ զինծառայողի կյանքն էլ ավելի նորոգելու, զորացնելու համար: Զինծառայողին էլ իր հերթին օգտագործում է, որպեսզի հոգևորականի հավատքը, հոգևոր փորձառությունը ավելի զորացնի: Այս փոխադարձության սկզբունքի մեջ էլ կատարվում է Աստծո ծրագիրը:

  • Ի՞նչ է մարդկային կյանքը:

  • Մարդկային կյանքը Աստծո Արարչության շարունակությունն է, կամ մարդն իր էությամբ Աստծո Արարչության թագն ու պսակն է: Երբ մարդը հասկանում է սա, ըմբռնում,  հասկանում  է, թե ի՞նչ գործ ունի այս աշխարհի վրա: Հասկանում է, որ Աստված իրեն հոգի է տվել՝ այս աշխարհում իր հոգու փորձառությունն անելու, Աստծուն հաճելի կյանք ապրելու և իր առաքելությունը լիարժեք հասկանալու համար: Ինչո՞ւ, որպեսզի Աստծո արքայություն մտնի և ժառանգի հավիտենական կյանք, փրկված հոգի դառնա և Աստծո արքայության մեջ լինի, դրա մասնիկը դառնա:

 

  • Մարդկային կյանքը, հույզերն ու ապրումները գրեթե բոլորիս մոտ նույնն են լինում, երբ գտնվում ենք դժվարին իրավիճակում: Այս օրերին ինչպե՞ս կարող է մարդկային էակը փորձել սառը լինել, սակայն, գործել հստակ ու ճշմարիտ:

  • Ի վերջո մարդը պետք է հասկանա՝ ինքը առաջնորդվում է հավատքով, սթափ տրամադրությամբ թե հույզերով: Երբ մենք հաճախ խնդիրներից զտում ենք հույզերը, մնում է պարզ լուծելի իրականությունը, իսկ երբ հույզերը գլուխ են բարձրացնում, իրենք մարդուն հաճախ կուրացնում են: Քանի որ դու հույզից կուրացած ես, քո ճանապարհը հստակորեն չես տեսնում: Դրա համար ես խորհուրդ եմ տալիս ցանկացած իրավիճակում զտել հույզերը և իրավիճակին նայել սթափությամբ, հավատքով, ինչպես  Աստված է նայում: Աստված հույզերը չի քննում, Նա քննում է իրավիճակը, մարդու վերաբերմունքը, պահվածքը: Իսկ երբ մարդը հույզերի արդյունքում հայտնվում է տագնապի, վախի, կասկածի մեջ, ձեռք է բերում նյարդային խնդիրներ:  Աստծո զավակը չպետք է այդպես լինի,  որովհետև նա ամենածանր խնդիրները հանձնում է Աստծո ձեռքը, չէ՞ որ Աստված ասում է. «Ինձ մոտ եկե՛ք բոլոր հոգնածներդ և ծանրաբեռնվածներդ, և ես հանգիստ պետք է տամ ձեզ»: Աստված այս հնարավորությունը մեզ տվել է, որ մեր խնդիրները տանենք և դնենք իր ոտքերի առջև, վերցնենք իր խաչը, իր լուծը, որը թեթև է, և գնանք մեր առաքելությունը շարունակելու: Հաճախ մենք հենց ինքներս մեզ խաբում ենք այս ճանապարհին, երբ ասում ենք՝ այս խնդիրները ես կլուծեմ: Ես-ը մեր էգոն է: Այն, ինչը մենք մեր ես-ով ենք փորձում լուծել, միշտ կարճաժամկետ  է, իսկ Աստծով լուծված ամեն մի հարց երկարաժամկետ է, և որ ամենակարևորն է՝ ճշմարիտ:

 

  • Ի՞նչ է համբերությունը, և մարդ ինչպե՞ս այն ձեռք բերի:

  • Համբերությունը կյանք է, ինչպես Սուրբ Գիրքն է ասում, եթե դու ուզում ես ապրել, իրական ապրելակերպ և օրհնված կյանք ունենալ, ապա դու պետք է սովորես համբերել, չշտապել: Չշտապել չի նշանակում հետ ընկնել: Համբերություն նշանակում է իմաստուն կյանք Աստծո հետ, Աստծո մեջ, երբ քո ամեն խոսքը, ամեն միտքը, ամեն պահվածքը Աստծուց է առաջնորդվում, և դու իմաստուն կերպով, համբերատար քո առաքելությունն ես իրականացնում այս խառնաշփոթ, հաճախ մրցավազքային աշխարհում: Եվ ով ապրի, ով համբերի, նա իսպառ կապրի: Այսինքն՝ եթե դու համբերություն ունեցար, ապա Աստված ինքն է գործի անցնում և քո կյանքում եղած դժվարությունները հաղթահարելու համար՝ տալիս է անհրաժեշտ զորությունը: Եթե անհամբերությամբ սկսում ես տոգորվել և հոգեվիճակով խառնվել իրար, ապա անհամբեր կեցվածքիդ արդյունքը լինում են ձախողումներն ու կորուստները: Դրա համար մեզ պետք է Աստծո նկատմամբ հավատքով, միշտ սթափ ու զորացած լինել, որ համբերությունը դառնա մեր կյանքի էությունը, և կարողանանք տիրանալ հաջողություններին: Դա մեր պարագայում հնարավոր է, ուղղակի պետք է Աստծո հետ լինենք:

 

Երբ համբերությանը գումարում ես հավատք, իսկ հավատքին գումարում ես համբերություն, ստանում ես շատ լավ արդյունք: Երբ համբերում ես, դառնում ես աստվածանման, որովհետև Աստված էլ է չէ՞ համբերում ու հանդուրժում մեր սխալները: Եթե չենք համբերում, ապա Աստծո զավակ չենք, իսկ եթե համբերությամբ ենք լցվում մեր շուրջը գտնվող մարդկանց, իրենց պահվածքինկատմամբ, մենք դառնում ենք աստվածանման: Աստվածանմանության մեջ կա սեր, կա ներողամտություն, որն էլ քեզ ուժ է տալիս և դարձնում քո իրական աստվածային կերպարով անձը, ում Աստված ուզում է տեսնել, որպես իր ձեռքի գործիք այս խառնաշփոթ աշխարհում և քո միջավայրում:

 

  • Ի՞նչն է ամենադժվարը հոգևորականի կյանքում: Գուցե այն, որ ոչ թե ինքներդ Ձեզ, այլ Աստծուն եք պատկանում:

  • Յուրաքանչյուր հոգևորական ձգտում է միշտ Աստծո հետ լինել՝ գիշեր-ցերեկ, տանը նստելիս, ճանապարհ գնալիս, որովհետև հոգևորականի՝ Աստծո հետ լինելու հանգամանքով պայմանավորված է նաև իր հոտի՝ Աստծո հետ լինելու հանգամանքը: Հոգևորականը հովիվն է, որը պետք է միշտ սթափ լինի՝ իր հոտին Աստծուն մոտ պահելու համար: Եթե ոչ, ապա հոշոտող գայլերը անընդհատ պետք է գան, վնասեն և՛ հովվին, և՛ հոտի անդամներին: Առհասարակ, մենք բոլորս ենք Աստծուն պատկանում: Իսկ երբ մենք՝ թե՛ հովիվ, թե՛ հոտ լինում ենք պատասխանատու միմյանց համար, և պատասխանատու բոլորս Աստծո դիմաց, ապա մենք փորձում ենք լինել միշտ հոգով սթափ  և լիարժեք անել ամեն բան:

  • Ըստ Ձեզ, ի՞նչ է երջանկությունը:

  • Երջանկությունը ներդաշնակությունն է քո ու քո միջև և հարաբերությունդ Աստծո հետ: Ու դու երջանիկ ես, որովհետև Աստված կա: Եթե Աստված կա, ապա քո լինելու պատճառն էլ Աստծո գոյության պատճառի մեջ է: Աստված սեր է, ուրեմն դու էլ սեր ես: Եթե սեր ես, ապա համակ երջանկություն է ամենուր՝ քո շուրջբոլորը:

 

  • Եթե մարդ արարածը բարեգործություն է անում ի ցույց դնելով մարդկանց՝ իր բարի գործը հանրայանցնելով, արդյո՞ք երկնքում վարձ կունենա:

  • Այն բարեգործությունը, որը արվում է ի ցույց մարդկանց, լինում է տվյալ անողի վարձքը, որովհետև մարդիկ տեսնում, ասում են «վա՜յ, ապրես, էս ի՜նչ բարի գործ արեցիր», և վարձքը դրանով սպառվում է: Այնպես չէ, որ վարձ չկա: Վարձ կա, բայց դա տեսնող մարդկանց միջոցով է: Երբ մարդը բարիք է գործում և դա անում է ծածուկ, Աստված է տեսնում, իսկ Նրա տված վարձքը մարդկանց տվածից միշտ ավելի զորավոր է, ավելի իմաստալից: Այն և՛այս աշխարհի համար է, և՛մարդուն տանում է մինչև Աստծո արքայություն: Դրա համար Աստված ասում է. «Ողորմություն արեք ծածուկ, ու թող ձեր աջ ձեռքը չիմանա՝ ձախը ինչ արեց»: Այսինքն՝ եթե բարիք ես գործում, փող մի՛ հնչեցրու, ամբողջ աշխարհին մի՛ասա, գովազդ մի՛արա, ընդհակառակը, անկեղծ սրտով ասա. «Տե՛ր Աստված, ինչ որ անում եմ այս մարդկանց համար կամ այս իրավիճակի, Քեզ համար եմ անում»: Մեր գործած բարիքը նախ Աստված է ստանում: Միշտ պետք է իմանալ, որ երբ մեկին մի բան ենք տալիս, դնում ձեռքում, վերցնողը Աստված է, գնահատողը Աստված է:

 

  • Մարդիկ հաճախ են ասում, որ «Լինող բանը կլինի» կամ «Ինչ-որ լինելու է, կլինի»: Դուք ի՞նչ կարծիք ունեք այս ամենի մասին:

  • Այո՛, ինչ-որ լինելու է՝ կլինի, ինչ-որ չի լինելու՝ չի լինի: Սակայն կապ ունի, թե դու որպես մարդ, ում Աստված օժտել է ազատ կամքով, ինչպես կդրսևորես քեզ: Այս հարցի պատասխանն իրականում հենց այն է, թե ինչ ես ընտրելու՝ Աստծունը, թե չարինը: Կընտրես Աստծո կամքով քեզ նեղություն տալը, թե  հեշտ, կարճ ճանապարհը, որը իրականում չարիք է: Եվ ինչ-որ կլինի՝ կլինի, թեկուզ քո սրտով կամ ոչ քո սրտով: Սրա մեջ էականը քո ընտրությունն է, արդյոք դու դժվարության մեջ էլ շարունակեցիր մնալ Աստծո լիարժեք զավակը:

 

  • Ինչպիսի՞ն է դեպի հավատք տանող ճանապարհը:

  • Հավատք տանող ճանապարհը ինքնաճանաչողության կանգառներով է անցնում: Եթե դու ինքնաճանաչողության ցանկություն ունես, ապա հավատքդ ամեն անգամ կզորանա, որովհետև քեզ ճանաչելու հետ դու նաև Աստծուն ես ճանաչում: Եթե տեսնում ես, թե ինչպիսի հրաշք է Աստված, իր Արարչությունը, (դու էլ դրա մի մասնիկն ես), ուրախանում ես, ոգևորվում, շնորհակալ ու գոհունակ ոգի ես ունենում Աստծո նկատմամբ: Իսկ, երբ դու մեկին շնորհակալ ես, ուրեմն հավատում ես, չէ՞, որ ինքը կա: Ամեն մարդու մոտ հավատքը յուրօրինակ է դրսևորվում, և այս եզակիության մեջ էլ Աստծո հրաշքն է կայանում: Աստված նույն ձևով նաև մարդկանց է եզակի ստեղծել. ոչ մեկը ոչ մեկին նման չէ: Թեկուզ բոլորս էլ ունենք երկու ձեռք, երկու ոտք, ստեղծված ենք երկու աչքով, երկու ականջով, մեկ գլխով, բայց մեր էությամբ, մեր բնավորության գծերով էականորեն իրարից տարբերվում ենք: Նույնիսկ Աստծո ստեղծած նույն ծառի հազարավոր տերևներ իրար նման չեն: Ամեն տերև մյուսից տարբեր է, և սրա մեջ էլ կայանում է Աստծո Արարչության հրաշքը. որքան նմանություն, այնքան էլ տարբերություն կա: Տարբերությունների նպատակն էլ փոխլրացում ունենալն է, ոչ թե հակադրություն ստեղծելը:

 

 

  • Լույսի ու խավարի մասին Աստվածաշունչը Ծննդոց գրքի 1-ին գլխի 4-րդ համարում այսպես է ասում. «Աստված տեսավ, որ լույսը լավ է, Աստված լույսը բաժանեց խավարից», ի՞նչ  կարող եք ասել լույսի ու խավարի տարբերության մասին:

  • Պետք է միշտ իմանալ, որ լույսն ու խավարը, այսինքն՝ լույսի ու խավարի իրականությունը միշտ իրար հետ են: Պարզապես խավարը լույսի բացակայությունն է: Խավարի ու լույսի մասին մի առակ կարելի է մեջբերել, քանզի մարդը միշտ ընտրության առջև է կանգնում.  ընտրի լո՞ւյսը, թե՞ խավարը:
    Ասում է, խավարը մի օր գնաց դատավորի մոտ, բողոքեց լույսից և ասաց. «Դատավո՛ր, լույսը ինձ խանգարում է»: Դատավորը կանչեց լույսին և ասաց. «Ինչո՞ւ ես խավարին խանգարում»: Լույսը պատասխանեց. «Բայց ես նրան չեմ էլ տեսել, որ խանգարեմ»:

Եվ բնական է, ինչպե՞ս կարող է լույսը խավարին տեսնել, որովհետև որտեղ ինքն է, այնտեղ պարզապես խավարը գոյություն չունի: Հիմա մարդն է ընտրում՝ ինքը լույսի հետևից է գնում, դառնում լույսի որդին, թե խավարի: Մեզ համար բնականորեն շատ պարզ է. լույսը Աստծո խորհուրդն ունի, իսկ խավարը՝ չարիքի: Յուրաքանչյուր մարդ ազատ կամք ունի ընտրել կա՛մ լույսը, կա՛մ խավարը: Երկուսը միասին չես կարող ընտրել:

 

  • Ասացե՛ք  խնդրեմ, Տե՛ր Հայր, ո՞րն է այսօրվա ապրելու հույսն ու լույսը:

  • Ապրելու հույսը այն է, որ եթե ես առավոտյան արթնացել եմ, ուրեմն անելիք ունեմ, որովհետև Երկիր մոլորակը ամեն օր պտտվում է: Քանի ապրում եմ այս աշխարհի վրա, ֆիզիկապես ներկա եմ, պարտավոր եմ իմ առաքելությունը սիրով իրականացնել: Հույսը Աստծո տված հույսն է. ամեն օր արևը ծագել է քեզ վրա, զորացի՛ր, առա՛ջ նայիր, ետ մի՛ նայիր: Ճիշտ նման Սոդոմի և Գոմորի կործանմանը, երբ Աստված Ղովտին ու իր ընտանիքին դուրս հանեց, բայց մյուսներին կործանեց, որովհետև չարացել էին: Նա պատվիրեց Ղովտին ու իր ընտանիքին քաղաքից դուրս գալուց ետ չնայել, որովհետև ետ նայելուց աղե արձան կդառնային: Մենք հաճախ նայում ենք ետ՝ անցյալ, մեր սխալներին, թերություններին, անմիաբանությանը: Սրանից մեր հոգեվիճակը դառնում է բացասական, և ետ նայելով՝ վերածվում ենք աղե արձանի: Հույս չի մնում այնտեղ, դրա համար միշտ պետք է նայել առաջ, որովհետև մարդու հնարավորությունները ոչ թե հետևում են, այլ առջևում: Եվ ինչպե՞ս ես պետք է զորանամ: Աստվածաշնչյան այս խոսքով՝ ես զորավոր եմ նրանով, ով ինձ զորացրեց, կամ ամեն ինչ կարող եմ նրանով, ով ինձ զորացրեց:

Եվ մենք, որպես ազգ, Աստծո ձեռքին գործիք ենք ու գործոն: Պարզապես դրա մասին մոռացել ենք: Պետք է դարձ ունենանք, մեղա գանք մեր Արարիչ Աստծո առջև, որովհետև Աստված մեզ հետ ծրագիր ունի, և ասենք. «Տե՛ր Աստված, մենք մտնում ենք քո առաքելության ճանապարհը: Զորացրո՛ւ մեզ ու ցո՛ւյց տուր, թե ի՞նչ պետք է անենք»: Եթե մենք դարձի գանք, փոխվենք մեր մտքով, էությամբ, մարդկային պահվածքով, սերն ու եղբայրասիրությունը դառնան մեզ համար նպատակ, ապա մենք կընկնենք Աստծո ճանապարհի վրա: Իսկ Աստծո ճանապարհի մոտ դու զորավոր ես, դու ապահով ես և շատ նպատակներ ունես: Աստծով գնում ես դրանք իրագործելու:

 

- Ո՞րն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:

  • Իմ ոգեշնչման աղբյուրը Աստծո գոյությունն է, և իմ գոյությունը Աստծո մեջ՝ Աստծո կամքով: Իմ ոգեշնչման մյուս աղբյուրն էլ իմ հողն ու ջուրն է: Ոգեշնչման աղբյուր է նաև իմ ներսի արքայությունը և ինձնից դուրս գտնվող դրախտավայր Հայաստանը:

Լիա Սարգսյան

  • 2023-11-06
×