Մտքերը՝ խառնված, երազանքները՝ հեռու, գույներն ո՞ւր են...
-Մամ, պապան այսօր գալո՞ւ է։
Լսում եմ փողոցում ու կանգնում, հետո շարունակում եմ քայլել. դրսում անձրև է. կթրջվեմ, անձրեւ չեմ սիրում։
-Մամ, պապան շուտ է գալու, չէ՞։
Լսում եմ, բայց էլ չեմ կանգնում։ Քայլերն արագացնում ենք։ Փոքրիկը «բայց, մամ, բայց, մամ» է ասում, ես ատամներս սեղմել եմ, մայրը չի պատասխանում: Արագ տանում է երեխային. կթրջվի, կհիվանդանա։
Օրերը գլորվում են, իսկ մենք շարունակում ենք մնալ մոլորված:
Բարդացել է «ո՞նց ես» հարցին պատասխանելը: Երբ ասում ես՝ լավ ես, մի պահ սառում ես, սկսում մտածել։ Ինչո՞ւ եմ խաբում, ես լա՞վ եմ։ Առավոտը բացվում է, կարդում ենք մահերի մասին՝ մեկը հիվանդությունից, մյուսը՝ հայրենիքը պաշտպանելիս, մեկը՝ հիվանդանոցում, մյուսը՝ սահմանին։ Մահեր, հիվանդություն, ցավ, ատելություն, սպասում, կարոտ, վախ…
Հետո սկսում ես ամաչել, որ լավ ես: Տանդ տաք է, մտածում ես՝ տեսնես տուն գտավ այն ընտանիքը, որ երեկ ամբողջ օրը կացարան էր փնտրում: Տաք տեղո՞ւմ են, թե՞ մնացին դրսում, որտե՞ղ քնեցին ի վերջո: Անկողինդ փափուկ է, մտածում ես՝ արդյո՞ք վերմակներ հասցրին այն երեխաներին: Մրսել, հիվանդացել էին. նախորդ գիշեր շատ ցուրտ էր:
Սկսում ես մտածել՝ արդյո՞ք լավ լինելու իրավունք ունես, երբ հայրենակիցներդ օգնության կարիք ունեն:
Ավելի շատ հարցեր են առաջանում, երբ ասում ես՝ վատ ես։ Հիվանդանոցում ոտքերը կամ ձեռքը կորցրած, այրված տղան ժպտում է, իսկ դու ասում ես՝ վատ ես։ Այդ տղան պատերազմ է տեսել, պայքարել է, կորցրել է, հաղթահարել է փորձություններ ու կարողանում է ժպտալ:
Դժվար է «ո՞նց ես» հարցին պատասխանել պատերազմի ժամանակ, ավելի դժվար՝ պատերազմից հետո: Առհասարակ այսօր շատացել են հարցերը, որոնք պատասխաններ չունեն. բարդ ժամանակներ են: Կպնդի մեկը, իսկ մյուսն էլ կպատասխանի՝ ե՞րբ են եղել հեշտ ժամանակներ:
Ի՞նչ ենք մենք անում այդ հարցերին պատասխանելու կամ դրանց լուծում գտնելու համար: Մենք սովորել ենք աղոթել ու պահանջել, սպասել, որ խնդիրներն արագ կլուծվեն՝ մի աղոթքով՝ առանց ջանքի:
Մենք սովորել ենք մեկ, երկու անգամ աղոթք ուղղել Տիրոջն ու բողոքել, որ Աստված մեզ մենակ է թողել. աղոթեցինք, բայց ոչ մի փոփոխություն:
Մենք սովորել ենք խնդիրների պատճառը, լուծումները գտնել միայն դրսում՝ մեզնից հեռու: Սպասում ենք, որ երկնքից կարգավորվեն բոլոր հարցերը: Մոռացել ենք, որ հավատն ու գործն իրար կողքի պիտի լինեն:
«Ինչպես որ մարմինն է մեռած առանց հոգու, այնպես էլ հավատն է մեռած առանց գործերի»։ (ՀԱԿ. 2:26)
Այն, ինչ-որ խնդրում ենք Աստծուց, մենք ինքներս պիտի դրան հասնենք: Աստված այդ ճանապարհին մեզ զորացնելու է, ուժ, կարողություն է տալու, բայց ոչինչ երկնքից չի ընկնելու: Ասում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը: Մենք աղոթում ենք, որ Աստված մեզ ուժ տա՝ այդ դժվարությունները հաղթահարելու համար:
«Ո՛վ փուչ մարդ, ուզո՞ւմ ես իմանալ. հավատը դատարկ է առանց գործերի»։ (ՀԱԿ. 2: 20)
Աղոթենք, հավատանք, ցանկանանք, սիրենք, գործենք, որ բարդ հարցերը վերջապես պատասխաններ ունենան, որ դրանք մեզ օգնեն՝ լուծելու մեր խնդիրները:
«Քաջերի սահմանն իրենց զենքն է»,-ասում է Խորենացին:
Քո սահմանները քո զենքով են գծվում, ապահովվում, իսկ քո զենքը քո հավատն է, քո ուժը, քո պայքարը:
Անի Ավագյան
×