Իրավունք չունենք` չապրելու

Իրավունք չունենք` չապրելու

«Իրավունք չունենք` չապրելու», կարծում է Տեր Հուսիկ քահանա Դոխոլյանը, ով Արցախի թեմից է եկել և այսօր Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Երրորդություն եկեղեցում է կոչված ծառայության:

 

Թեև Արցախն այսօր թշնամու տիրապետության տակ է ու հայկական հողից բռնի տեղահանվել է 100.000-ից ավելի բնակչություն, հոգևոր հայրը վստահ է՝ պայքարը հանուն ոչնչի չէր, մեր զավակների մահն անիմաստ չէր: Եթե չլինեին կռվող տղաները, որոնք տվեցին իրենց կյանքն ու առողջությունը, այսօր կունենայինք ավելի շատ զոհեր, բռնի տեղահանված մարդկանց մեծ մասը կկոտորվեին: Յուրաքանչյուրս երախտապարտ ենք իրենց ու պիտի երախտապարտ լինենք:

 

Իզուր չէր նրանց կյանքը

 

«Նրանք պայքարեցին, կռվեցին, իրենց կյանքը, առողջությունը տվեցին, որ մենք ապրենքԴժվար է կանգնելը, գոտին ամրացնելը, բայց եթե կոտրվենք, առաջ չնայենք, կդավաճանենք նրանց կյանքերին, որ տրվեցին մեզ՝ ապրելու համար»:

 

Իսկ ինչպե՞ս ապրել, երբ այսքան կոտրված ենք: Պատասխանը հստակ է. «Ապրե՛ք մի կյանք, որում Աստված կա»:

 

Տեր Հուսիկը հիշեցնում է «Աղքատ Ղազարոսի առակ»-ը, երբ մեծահարուստը մահանում է, գնում Աստծո մոտ, և հասկանալով, որ իր կյանքն ապրել է շռայլորեն, անփույթ ձևով՝ խնդրում է, որ Աստված հրեշտակներից մեկին ուղարկի, որ իր եղբայրները այդպիսի կյանքով չապրեն, հետևեն պատվիրաններին:

 

«Մեծահարուստն ասաց. «Արդ, աղաչում եմ քեզ, հայր, որ Ղազարոսին ուղարկես իմ հոր տունը, որտեղ ես հինգ եղբայրներ ունեմ, որպեսզի նրանց վկայություն տա, որ նրանք էլ չգան տանջանքների այս վայրը»»: (Ղուկ. 16:27-28)

 

Տեր հոր խոսքով՝ այսօր մենք էլ այդ մեծահարուստի նման ենք ապրում: Մինչդեռ պիտի գնահատենք այն կյանքը, որը տրվել է, որի համար նաև պայքարել են մեր կռվող տղաները.

 

«Եկեղեցին մեզ փարոս ու ուղեցույց պիտի լինի, իսկ առանց փարոս ծով դուրս եկած նավը ենթակա է նավաբեկության, հետևենք փարոսին, որ մեզ պետք է հանի խաղաղ նավահանգիստ»:

 

Տեր Հուսիկի խոսքով՝ բարդ իրավիճակում հայտնվել ենք՝ մեր Տիրոջ խաչելության օրվանից սկսած: Լույսը տարածվեց, մարդիկ ընդունեցին քրիստոնեությունը, բայց ժամանակի ընթացքում հետընթաց եղավ:

 

«Հավատը դարձել է բնաջնջվող երևույթ»,- նշում է քահանան:

 

Այսօրվա քաղաքական, կենցաղային իրավիճակն էլ հետևանք է համարում հոգևոր անկման: Հակառակ դրան՝ եկեղեցում պահպանվում են սրբազան ավանդույթները և ուղիղ հավատը: 

 

Ըստ նրա՝ թեկուզ մարդը գնում է եկեղեցի, մոմ է վառում, բայց քրիստոնեական հավաքական հավատի հետընթաց է, որն էլ բերում է անհատական հավատի հետընթացի.

 

«Ամբողջովին մոռացել ենք՝ ինչ է նշանակում հոգևոր կյանք, հավիտենականություն»:

 

Տեր Հայրը հիշեցնում է՝ ուշադրություն ենք դարձնում արտաքինին: Մեր հոգին, միտքը, սիրտը շղթայվում է արտաքին, մեր կյանքի համար վտանգավոր երևույթներով:

  • 2023-10-27
×