Հուսահատվելը ելք չէ

Հուսահատվելը ելք չէ

Նա ամբիոնին մոտեցավ շատ դանդաղ՝ տատանվելով, հավանաբար փնտրում էր բառեր: Դժվար է գոտեպնդող ճիշտ խոսքեր ընտրել՝ պատերազմի ժամանակ զոհված զինվորին նվիրված երեկոյի համար: Հատկապես, երբ պարտվել ես կռվում:

 

Պատերազմը սառն է ու ցուրտ, մռայլ, դող առաջացնող։ Սպասողների համար այն մի լուրով ապրելն ու մեռնելն է։ Այդ լուրից կուչ գալը: Այն սպասում է զանգի, ձայնի, լուրի ու շշուկների: Իրականությունն ամբողջովին՝ իր ողջ ցավով ընկալելու համար՝ կարող ես խելագարվել, մենք պատրաստ չէինք:

 

Նա ցավը մեղմող բառեր չասաց, ներկայացրեց իր պատմությունը՝ ողբերգական կյանքը՝ 3 նախադասությամբ՝ 3 րոպեում ու լռեց։ Լռությունից լավ ոչինչ չնկարագրեց իր տառապանքը։ Երբեմն դաժանությունն այնքան մեծ է, որ այն արտահայտելու համար՝ ձևեր չկան։ Իրենց տանը վաղուց սպառվել են արցունքները։

 

Մեծացել էր՝ առանց հորը տեսնելու. հայրը զոհվել էր Հայրենական մեծ պատերազմում։ Որդին իր պապու ծանր ուղին էր բռնել, զոհվել Արցախյան ազատամարտի ժամանակ։ Թոռը զոհվեց 44-օրյա պատերազմի ժամանակ։ 4 սերունդ է՝ իրենց տանը սպասում են ու կարոտում, բայց չեն կոտրվում:

 

Հոր, տղայի, թոռան երազանքները չպիտի կորչեն: Մտածում է իմ հերոսը: Հավատում է նրանց գործին, հավատարիմ է նրանց երդումին: Գիտի, որ կոտրվելու իրավունք չունենք, երբ այսքան մեծ գին ենք վճարել: Նա հույսը չի կորցրել: Հույսը, որ մարդու կյանքում լույս է՝մշտապես ապրեցնող, պայքարելու ուժ տվող: Քրիստոնեությունն ասում է՝ հույս է պետք: Չէ՞ որ հույս ենք ունենում հավիտենական կյանքի՝ հավատալով Քրիստոսի Հարությանը: Հույսը կարող է դառնալ նոր սկիզբ: Այդ դեպքում ինչո՞ւ չենք պայքարում:

 

«Ամեն ինչ կարող եմ նրանով, որ զորացրեց ինձ»։ (ՓԻԼԻՊԵՑԻՆԵՐԻՆ 4;13)

 

Սառն են օրերը՝ թե ամռանը, թե ձմռանը, որովհետև մեր ներսում կուչ ենք եկել: Զգացմունքները, էմոցիաները վաղուց սառել են: Ժպտալու առիթները պակասել են, արժեզրկվել են օրերը։ Միակ ապացույցը, որ ողջ ենք՝ հավատն է դեպի լավը, իսկ մենք այն կորցնելու իրավունք ունե՞նք: Մի՞թե ավելի մեծ ուժով չպիտի պայքարենք: Իմ հերոսն ամուր կանգնած է, իսկ մե՞նք: Իմ հերոսը պատրաստ է պայքարելու, իսկ մե՞նք: Հույսը կարող է չմարել նույնիսկ կյանքի ամենասարսափելի իրավիճակներում ու խոստանալ փրկություն:

 

Սուրբ Գրքում ասվում է.

 

«Հույսո՛վ ուրախացեք. նեղությանը համբերե՛ք, հարատև աղոթե՛ք»: (Հռոմեացիներին 12;12) 

 

Այսօր, երբ մեր երկիրը հայտնվել է բարդ իրավիճակում, երբ շարունակ լսում ենք, թե ամեն բան անիմաստ է, հույս չկա այլևս: Դժվարացել է իմաստ գտնելը՝ պայքարելու, սիրելու, բայց մի՞թե հուսալքությունը ելք է: Իմ հերոսը գիտի գինն ու վստահ է, հաջողելու ենք՝ պայքարով, իրար օգնելով, սիրով:

 

«Արդ, մնում են այս երեքը՝ հավատ, հույս, սեր, և սրանցից մեծագույնը սերն է»։ (Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 13;13)

 

Հույսը, հավատն ու սերը փրկության տանող բանալիներն են:

 

Անի Ավագյան

 
  • 2023-10-26
×