Այսօր հիշատակ է Սուրբ Սիմեոն ծերունու, Աննա մարգարեուհու և Եղիսաբեթի` Հովհաննես Մկրտչի մոր: Այս օրը նույն խորհուրդն ունի, ինչ Տեառնընդառաջը և Սուրբ Աստվածածնի վերափոխումն ի փառս Քրիստոսի մեր Աստծո:
Արդ, արարչագործության հինգերորդ օրում Աստված հրամայեց ջրերին ծնել երկու տեսակ կենդանիներ, ոմանց՝ ջրերում լողալու և ոմանց՝ օդում սավառնելու:
Եվ հինգերորդ դարում Աստված հրամայեց Մովսեսին պատրաստել ավազան և քահանաների լվացարան` մարմնի սրբության համար: Եվ նախ ժողովուրդը ծովի միջով անցավ, ինչը պատկերն էր մկրտության (Ելք 14:15-30), իսկ երբ Նոր Ուխտի շնորհները մեզ հասան, նոր օրենքների մաքրությունը պայծառացավ Քրիստոսի Մկրտությամբ, Սուրբ Հոգու շնորհներով, որոնք տրվեցին մարդկանց, ովքեր Քրիստոսի Հարությունից հետո, աստվածաստեղծ թևեր առած, բարձրանում են Տիրոջն ընդառաջ, վերնային օդ (*Երկինք):
Սակայն հայտնի է, որ աղավնիների և տատրակների հետ նաև սողուններ և զեռուններ առաջացան, որպես և Սուրբ Առաքյալների աղավնիների երամում` Հուդան, Նիկողայոսը և Աղեքսանդրոսը:
Արդ, այս տոնախմբության հինգերորդ օրը սահմանված է «լեռների և բարձունքների» հոգևոր երգը երգել, որովհետև առաջին կույսի (* Եվայի) միջոցով դաշտացավ (*ցածրացավ) մարդկային բնությունը և թշնամու ոտքերի կոխան եղավ, ու մենք, մեղքի մեջ ընկնելով՝ մահացանք հինգ զգայարաններով, և սատանայի չարությունը բարձրացավ մարդու որդիների վրա: Ըստ այս խոսքի. «Ո՞վ ես, մեծ լեռ, որ կանգնել ես ընդդեմ Զորաբաբելի» (Զաքարիա 4:7): Այս պատճառով մեր Տերը հակառակը հակադիրով մերժեց, և Սուրբ Կույսի միջոցով առաջնորդեց մեր բնությունը` ոտնակոխ անել մեր բնությունը ոտնահարողին: Որպես և Տերն ասաց. «Ահա տվեցի ձեզ իշխանություն ոտնակոխ անել օձերին և կարիճներին և թշնամու ամեն զորությունը» (Ղուկաս 10:19): Նաև այսօրվա սաղմոսն ասում է. «Բա´րձր արեք մեր Տեր Աստծուն և երկրպագեք նրա Սուրբ լեռում» (Սաղմոս 98:9): Եվ Պողոսն ասում է. «Մոտեցել եք ոչ թե շոշափելի լեռան, այլ մոտեցել եք Սիոն լեռին» (Եբրայեցիներ 12:22): Նաև Ավետարանն է ասում. «Մարիամը վեր կացավ ու շտապով գնաց դեպի լեռնակողմը» (Ղուկաս 1:39): Իսկ Սողոմոնն ասում է. «Իմ եղբորորդին լեռների վրա խունկ բերեց»: Եվ մենք ոչ թե շոշափելի լեռը բարձրացանք Մովսեսի հետ, այլ իմանալի լեռը՝ Քրիստոսի հետ:
Եվ այս հինգերորդ օրը Քրիստոս նորոգեց մեր հինգ մեռյալ զգայարաններն Իր Մկրտության շնորհիվ, քանզի Աստծո` Հորդանանի ջրերի մեջ իջմամբ ջրերը զորացան և ծնում են ո´չ թե օդում թռչող թռչունների, այլ վերստին ծնում են մարդկանց մտավոր և բանական (* հոգևոր) բնությունը: Ովքեր Սուրբ Հոգուց տրված թևերով բարձրանում և խառնվում են հրեշտակների գնդերին:
Այդ պատճառով այսօր սահմանված է լեռների և բարձունքների հիշատակը, քանզի վսեմացանք հինգ զգայարաններով առավել քան նախնիները: Եվ որպես ջրերը չեն կարող վնասել նրանցում ապրողների, այլ ընդհակառակն` օգնում են, նույնպես փորձությունները չեն կարող վնասել հավատացյալներին: Ինչպես որ վերին օդը չի արգելում թռչուններին սլանալ նրանում, այլ առավել օժանդակում է, այսպես և օդային չար դևերը չեն կարող արգելել Քրիստոսին հավատացողների ելնել և մտնել Երկինք Քրիստոսի մոտ:
Եվ արդ հայտնի է, որ այս տոնախմբության հինգերորդ օրը հիշեցնում է մեզ Ավետման, Ծննդյան և Մկրտության տոները, Տեառնընդառաջի և Սուրբ Աստվածածնի վերափոխման տոները: Ինչը, կարծում եմ, խոհեմները դյուրությամբ կարող են հասկանալ շարականներից:
Որդի Աստծո, շնորհիվ Քո ամենապայծառ Հայտնության լուսավորի´ր այս գիրը կարդացողի հոգին: