Լուսակիրներ. Հարությունը...

Լուսակիրներ. Հարությունը...

«Շողակն Արարատյան» ամսաթերթի սիրելի՛ ընթերցողներ, մեր զրուցակիցը սրտաբան Հարություն Ղազարյանն է։

 

Զրույցի հենց սկզբում նա նշում է․ «Ես շնորհակալ եմ Աստծուն, որ իրականություն դարձրեց մանկությանս երազանքն ու օրհնեց բժիշկ դառնալու իմ ճանապարհը։ Բժշկի մասնագիտությունն անմիջականորեն կապված է մարդու կյանքի հետ, իսկ այն ամենաթանկն է աշխարհում։ Եթե չկարողացար սիրել ու կարեկցել դիմացինիդ, չես կարող քո գործը լիարժեք կատարել։ 

 

Ես հաճախ եմ համեմատություն տանում բժշկի ու հոգևորականի միջև։ Ինչպես բժշկությունն է զբաղվում մարմնական հիվանդությունների բուժմամբ, այնպես էլ հոգևորականներն են հոգ տանում, որ մարդու հոգին առողջ լինի։ Սոկրատեսն ասել է՝ քանի չես բուժել հոգին, երբեք չբուժես մարմինը։ Բանն այն է, որ առողջությունը միայն հիվանդության բացակայությունը չէ, այլ հոգևոր ու մարմնավոր ներդաշնակությունը։ Եթե մարդը հոգեպես առողջ չէ, մարմինը չի կարող առողջ լինել»։

 

Հարությունը պատմում է՝ սրտաբան դառնալու իր որոշումն ընդունել է առանց մտածելու, քանի որ այլ մասնագիտացում բժշկության մեջ չի էլ պատկերացրել․ «Սիրտն իր կարևորությամբ միշտ ինձ համար առաջին տեղում է եղել։ Ինչպես ասում է պրոֆեսոր Համլետ Հայրապետյանը՝ կյանքը սկսվում է սրտի առաջին զարկով և ավարտվում վերջին զարկով։  Սրտաբանի աշխատանքն ամենաբարդն է, ամենապատասխանատուն․ բժշկի ընդունած յուրաքանչյուր որոշում կարող է ճակատագրական լինել հիվանդի համար։

 

Սիրտը բացառիկ օրգան է, որն ինչքան մանրամասն եմ ուսումնասիրում, այնքան ավելի եմ սիրում Աստծուն։ Ժամանակի ընթացքում ես տեսա ու հասկացա, որ սրտի հյուսվածքի աշխատանքը, նրա բջիջների ունակություններն ուրիշ այլ գործոնով, քան աստվածային ուժն է, չեն կարող պայմանավորված լինել։ Այդ ողջ համակարգն ուղղակի վեր է մարդկային բանականությունից»։

 

Զրուցակիցս նկատում է, որ հավատավոր մարդիկ հոգեպես ավելի խաղաղ են լինում և ավելի առողջ։ «Իմ աշխատանքային առօրյայում ինքս էլ հաճախ այն հիվանդներին, որոնք գերլարված են, առաջարկում եմ գնալ եկեղեցի, լսել հոգևոր երաժշտություն, ընթերցել հոգևոր գրականություն։ Այդ ամենը կհանգստացնի նյարդային համակարգն ու կնպաստի բուժման արդյունավետությանը,- ասում է Հարությունն ու ավելացնում,- շատ սխալ է այն կարծրատիպը, որ գիտությունը ժխտում է հավատքը։ Կյանքը ցույց է տալիս, որ գիտության զարգացմանը զուգահեռ ավելի է ամրապնդվում Աստծո գոյության ու մարդու՝ Տիրոջից արարված լինելու փաստը։

 

Բժշկի լարված առօրյայում, երբ նույնիսկ գիշերն ես մտածում հիվանդների բուժման մասին, ես միայն աղոթքով եմ հանգստանում։ Անգամ հիվանդին մոտենալուց առաջ փորձում եմ մի քանի րոպե գտնել աղոթքի համար»։ 

 

Հարությունի խոսքով՝ իր նախնիները քահանաներ են եղել, և նա դեռ փոքրուց է հաճախել եկեղեցի, իսկ արդեն տասնհինգ տարեկանում բարձրացել է խորան․ «Այժմ ծառայում եմ Սուրբ Երրորդություն եկեղեցում։ Ուրարարկիր եմ։ Ես առանց թաքցնելու այս ամենի մասին բարձրաձայնում եմ նաև աշխատավայրում և ամեն ինչ անում՝ իմ գործընկերներին եկեղեցի բերելու համար։ Ժամանակի ընթացքում նրանք արդեն սկսում են սիրով հաճախել, ինչն իմ մեծագույն ձեռբերումներից է»։

 

Զրույցի ընթացքում անդրադառնում ենք բժշկի աշխատանքի ունեցած դժվարություններին․ «Մենք հաճախ բախվում ենք այն փաստին, որ մարդիկ համացանցից ինչ-որ տեղեկություններ են կարդում, որը բժշկության հետ ոչ մի կապ չունի, բայց հիվանդներն անվերապահորեն հավատում են իրենց կարդացածին։

 

Արդյունքում շատ է դժվարանում նրանց ինչ-որ բան բացատրելն ու համոզելը։ Մյուս կողմից, խանգարող հանգամանք է նաև տարբեր նյարդային հիվանդությունների սրացումը։  Մեր օրերում սթրեսները շատացել են, ինչի արդյունքում հիվանդները չեն կարողանում նորմալ հարաբերվել նաև բժշկի հետ՝ հակաճառում և  ընդդիմանում են նրան։ Այդ ամենն էլ իր բացասական անդրադարձն է ունենում բուժման ընթացքի վրա։

 

Նաև մի ցավալի փաստ էլ կա՝ մեր երկրում բժիշկները պատշաճ մակարդակով գնահատված չեն։ Սակայն նրանք շատ ավելին են անում, քան տրված գնահատականն է։ Ես մտածել եմ այդ հարցի շուրջ ու եկել այն եզրակացության, որ մեր ժողովրդի ֆինանսական վատ պայմաններն են հանգեցնում տարատեսակ պոռթկումների։ Գումար չլինելու պատճառով մարդիկ չեն կարողանում օգտվել տարբեր բժշկական ծառայություններից և սկսում են մեղադրել բժիշկներին։ Դրա համար ես մեր բժիշկների ամենալավ հատկանիշերից մեկը համարում եմ համբերատարությունն ու բոլոր դժվարությունների միջով անտրտունջ անցնելը»։

 

Չէինք կարող չանդրադառնալ համավարակով, քառասունչորսօրյա պատերազմով ու դրա բերած հետևանքներով պայմանավորված դժվարություններին, մանավանդ որ Հարությունը պատերազմն սկսվելուն պես կամավորագրվել և մեկնել է առաջնագիծ՝ իր մասնագիտական օգնությունը բերելու մեր զինվորներին․ «Կորոնավիրուսային համաճարակի և պատերազմի ժամանակ Հայաստանի բժշկությունը, ունեցած բոլոր թերություններով հանդերձ, իրեն հրաշալի դրսևորեց։ Վիրուսը, դրանից բխող բարդությունները, դրանց կանխարգելումը, բազում դասեր տվեցին մեր ոլորտին, և մեծ փորձ ձեռք բերեցինք։ Իսկ ահա պատերազմի թողած հետևանքները՝ աճող սերնդի քանակի կրճատում, հաշմանդամության տոկոսի բարձրացում երիտասարդների շրջանում, դեռևս շատ ժամանակ է պետք լինելու հաղթահարելու համար։ Բժիշկներն այդ ծանրագույն դեպքերի անմիջական տեսնողն ու առնչվողը եղան»։

 

Զրուցակիցս նկատում է՝ անկախ այդ կարճ օրերի ընթացքում ունեցած մասնագիտական հսկա փորձառությունից, պատերազմն ավելի շատ բացասական հետքեր թողեց, որը հիմնականում չի էլ բարձրաձայնվում։ Միայն թե նա անհրաժեշտ համարեց շեշտել, որ պատերազմի օրերին Աստծուն ավելի լավ ճանաչեց, երբ ականատես եղավ կյանքին հրաժեշտ տվող մեր անմեղ զինվորների երկինք ուղղված հայացքներին․ «Աստծո ներկայությունը մեր կյանքում ավելի հասկանալի դարձավ ինձ։ Ես խորապես գիտակցեցի, թե որքան կարևոր է հոգու ու մարմնի բժիշկների միաժամանակյա ներկայությունը պատերազմի դաշտում։ Կյանքի վերջին վայրկյաններին, երբ այլևս հասկանալի էր, որ բժիշկներն անզոր են, հոգևորականները խոսեցին զինվորների հետ Աստծո մասին և օգնեցին հաղթահարել մահվան մեծագույն վախը»։

 

Հարությունը մեր զրույցն այսպես ամփոփեց․ «Առողջ եղեք, որովհետև առողջությունն ամեն ինչ չէ, բայց ամեն ինչ առանց առողջության ոչինչ է։ Նաև ուզում եմ մաղթել, որ մեր ժողովուրդն այլևս չտեսնի այն ամենը, ինչը տեսավ վերջին տարիներին։ Թող այսուհետ մարդիկ տրվեն հոգևոր զարգացմանն ու հոգևոր ներդաշնակության հաստատմանը, ինչը վստահ եմ՝ զգալիորեն կնվազեցնի նաև մարմնական բոլոր տեսակի հիվանդությունների թիվը»։

 

Արփի ԽԱՉԱՏՐՅԱՆ

  • 2023-09-19
×