Սուրբ Պատարագը մատուցվեց Նավասարդ Սրբազանի հանդիսապետությամբ

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Սուրբ Պատարագը մատուցվեց Նավասարդ Սրբազանի հանդիսապետությամբ

Սուրբ Պատարագը մատուցվեց Նավասարդ Սրբազանի հանդիսապետությամբ

Այս տարի սեպտեմբերի 17-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում Խաչվերացի տոնին նվիրված տոնական Սուրբ Պատարագը մատուցվեց թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Պատարագիչը առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանն էր:

 

Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է՝ հինգերորդը: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձին և փառաբանությանը: 

 

Հայ Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ը հանդիպող կիրակի, ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:

 

614թ. Պարսկաստանի Խոսրով թագավորը հարձակվում է Երուսաղեմի վրա, ավերում այն, սրի քաշում ժողովրդին, մեծ թվով գերիներ տանում: Որպես անարգանք քրիստոնյաներին` Սուրբ Հարություն տաճարից գերեվարվում և Պարսկաստան է տարվում նաև Տիրոջ խաչափայտը: Պարսկաստանում խաչափայտի զորությամբ շատերը դարձի են գալիս, մկրտվում և դառնում քրիստոնյա: Խաչափայտը գերության մեջ է մնում 14 տարի: 628 թ. Բյուզանդիայի Հերակլես կայսրը քրիստոնեական մի հսկա բանակով հարձակվում է պարսիկների վրա, ազատագրում Սուրբ Խաչը և այն վերադարձնում նախկին վայրը: Կայսրին ռազմական օժանդակություն է ցույց տվել նաև հայոց զորքը` Մժեժ Գնունու գլխավորությամբ: Խաչը հանդիսավոր թափորով տարվում է Երուսաղեմ` Փոքր Ասիայի վրայով, և բնական էր, որ այն անցնելու էր պատմական Հայաստանով:

 

Ինչպես բոլոր տաղավար տոներից հետո, այնպես Խաչվերացին հաջորդող երկուշաբթին՝ սեպտեմբերի 18-ը, Մեռելոց է: Բոլոր եկեղեցիներում կմատուցվի ննջեցյալների հիշատակի Սուրբ Պատարագ, որի ավարտին կկատարվի Հոգեհանգստյան կարգ։ Հայ Եկեղեցու վարդապետության մեջ չեն տարանջատվում հին ու նոր հանգուցյալները, եւ բոլորի հիշատակի համար հոգեհանգստյան կարգ է կատարվում Մեռելոցին։ Գերեզմաններ այցելությունները եւս կատարվում են Մեռելոցին։ 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2023-09-17
×