Սեպտեմբերի 8-ին Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնի առթիվ, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու «Որդիք Լուսոյ» երիտասարդաց միությունը Տեր Աշոտ քահանա Սաֆարյանի առաջնորդությամբ այցելեց Ս․Գրիգոր Լուսավորիչ ԲԿ ծննդատուն։
Հիվանդանոցի բժշկական անձնակազմի ու ծննդատանը գտնվող մայրերի հետ հանդիպմանը Տեր Աշոտն ու երիտասարդները խոսեցին Տիրամոր ծննդյան տոնի, մայրության հրաշքի, Աստծո օրհնության մասին։
Զրույցի կարեւոր թեմաներից մեկն էր հղիության արհեստական ընդհատումը, որը մեր երկրի կարեւորագույն խնդիրներից է։ Երիտասարդները հղիության արհեստական ընդհատման դեմ պայքարին ուղղված իրազեկում իրականացրին ծննդատանը։ Դրա համար նրանք հատուկ պաստառներ էին պատրաստել, որպեսզի ուղերձներն ավելի տպավորիչ լինեին։
Անդրադառնալով թեմային` Տեր հայրը նշեց, որ աբորտի դիմելը նշանակում է մերժել Աստծու պարգևը, քանի որ քրիստոնեության տեսանկյունից աբորտը մարդասպանություն է, որովհետեւ մարդն Արարչի առաջ մարդ է հղացման պահից սկսած։
Շրջելով հիվանդամոցում` այցելուները նաեւ շնորհավորեցին մայրիկներին` նրանց ու զավակներին առողջություն մաղթելով։
Սուրբ Աստվածածնի ծննդյան տոնը մեր եկեղեցու օրացույցում անշարժ է եւ միշտ նշվում է սեպտեմբերի 8-ին։ Այն գեղեցիկ առիթ է մայրերին մեր գնահատանքն ու երախտագիտությունը մատուցելու, Տիրոջից նրանց ու նրանց զավակների համար օրհնություն ու առողջություն խնդրելու համար։