Օգոստոսի 26-ին Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և տնօրինությամբ առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցավ Սուրբ Երրորդություն եկեղեցու Կիրակնօրյա դպրոցի ավագ խմբի աշակերտների ավարտական քննությունը:
Դպրոցն այս ուսումնական տարի ունեցավ 18 շրջանավարտ: Երեխաներ, ովքեր վերջին ութ տարիների կիրակիները անցկացրել են եկեղեցու ընտանիքում:
Կիրակնօրյա դպրոցն ավարտելուց հետո կապը եկեղեցու հետ շարունակվելու է համայնքի երիտասարդաց միությանն անդամագրվելով:
Սրբազան հայրը ջերմորեն ողջունեց շրջանավարտներին, կարևորեց երիտասարդ սերնդի՝ Հայ Առաքելական մեր Մայր Եկեղեցու գրկում մեծանալը. «Ինձ շատ է ուրախացնում, որ ձեզ նման, անկեղծ, պայծառ ու լուսավոր պատանիներ ունենք մեր Եկեղեցում։ Մենք բոլորս միասին լծված ենք նույն առաքելությանը։
Այդ առաքելությունը ամբողջական է` խարսխված հայոց ազգային ու համամարդկային արժեքների վրա։ Քրիստոսի լույսով առաջնորդվեք ու ձեր վճռական քայլերով մեր հոգևոր ու ազգային անդաստանները հարստացրեք ձեզ տրված շնորհներով։ Թող Տիրոջ օրհնությունը միշտ ձեզ հետ լինի»։
Քննական հանձնախմբի կազմում էին ԱՀԹ Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հասմիկ Նալբանդյանը, Կաթողիկե Սուրբ Աստվածածին եւ Սուրբ Աննա եկեղեցիների սպասավոր Սամվել սարկավագ Պողոսյանը, Սուրբ Երրորդություն եկեղեցու սպասավոր Վարդան սարկավագ Ասլանյանը, Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի մանկավարժ Անի Իսրայելյանը:
Քննական հարցաշարը ներառում էր Կիրակնօրյա դպրոցի ուսումնական ամբողջ ծրագիրը:
Հանձնաժողովականները տպավորված էին շրջանավարտների գիտելիքների ծավալից:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից շողարձակող Լուսավորչի կանթեղը հարատև վառ է, քանի դեռ նվիրյալների շարքերն աղոթող հայորդիներով են համալրվում:
Շնորհակալություն հայտնելով Սրբազան հորը հայրական հոգածության ու օրհնության համար` ՔԴԿ տնօրեն Հասմիկ Նալբանդյանը տեղեկացրեց, որ քննության արդյունքները կամփոփվեն սեպտեմբերին` Խաչվերացի տոնից հետո։