Առատ հունձք տվող Կիրակնօրյա դպրոցները

Առատ հունձք տվող Կիրակնօրյա դպրոցները

Արարատյան Հայրապետական թեմի Կիրակնօրյա դպրոցներն ամռան ընթացքում ուխտագնացություններով ու ամառային բակային ճամբարներով ամփոփեցին 2022-23թթ ուսումնական տարին։

 

Թեմական մի շարք համայնքներում ամառը բակային ճամբարներ կազմակերպելու լավ հնարավորություն է։ Համայնքի երեխաները միշտ սիրով են սպասում ամառային այս ժամանցի հնարավորությանը։ Դրանք միշտ հագեցած են լինում հոգեւոր, ինտելեկտուալ ու սպորտային խաղերով, տարբեր մրցույթներով։

 

Այս տարի բակային ճամբարներ էին կազմակերպվել Դավթաշենի Սրբոց Նահատակաց, Կաթողիկե Սուրբ Աստվածածին եւ Սուրբ Աննա, Նոր Նորքի Սուրբ Աստվածածին, Վերին Շենգավիթի Սրբոց Առաքելոց, Սուրբ Երրորդություն, Նուբարաշենի Սրբոց Նահատակաց, Նորք Մարաշի Սուրբ Աստվածածին  եկեղեցիների համայնքներում։ Դրանց մասնակցել են հարյուրավորր երեխաներ թե՛ Կիրակնօրյա դպրոցներից, թե՛ համայնքների հարակից թաղամասերից։

 

Կիրակնօրյա դպրոցները թեմում սկսել են գործել 1989թ․, երբ թեմի առաջնորդական փոխանորդը ներկայիս Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետն էր։ Այդ տարիներին Կիրակնօրյաները գործում էին հանրակրթական դպրոցների տարածքում։ Հետագայում Կիրակնօրյա դպրոցների հիմքի վրա մշակվեց ու հանրակրթական դպրոցներում ներդրվեց Հայ Եկեղեցու պատմություն առարկան։ 2021-ին Արարատյան Հայարապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Սրբազանի հանձնարարությամբ թեմի բոլոր եկեղեցիներում բացվեցին Կիրակնօրյա դպրոցներ։

 

1991թ․-ից թեմում գործում է Քրիստոնեական դաստիարակության ու քարոզչության գրասենյակը, որը համակարգում է Կիրակնօրյա դպրոցների աշխատանքն ու ծրագրերը։

 

-Պետք է նկատեմ, որ Կիրակնօրյա դպրոցների աշխատանքը չի ընդհատվել, քանի որ եղել են համայնքներ, հոգեւորականներ, ում ջանքերով ամեն կերպ պահվել են դրանք,- պատմում է Արարատյան Հայրապետական թեմի ՔԴԿ տնօրեն Հասմիկ Նալբանդյանը։- 2021-ին բոլոր համայքների հոգեւոր հովիվների կողմից ներկայացվեցին ուսուցիչներ, որոնք վերապատրաստվեցին եւ ստացան հավաստագրեր՝ Կիրակնօրյա դպրոցնում որպես ուսուցիչ աշխատելու արտոնությամբ։ Շուտով կանգնելու ենք խնդրի առջեւ, որ երեխաների ավելացման շնորհիվ մեր վերապատրաստած ուսուցիչները քանակը չի բավարարելու։ Այս պահին ունենք 24 ուսուցիչ եւ շուրջ 660 աշակերտ։ 

 

Կիրակնօրյա դպրոցներում 6-16 տարեկան երեխաները ստանում են հոգեւոր ու ազգային դաստիարակություն։ Կիրակնօրյա դպրոցների ուսումնական ծրագրում ներեռված են Հայ Եկեղեցու պատմությանը, ծիսական կյանքին ու սովորություններին վերաբերող թեմաներ ու նյութեր։ Կարեւոր տեղ է զբաղեցնում նաեւ «Ես հայ եմ» կոչվող մասը, որ Հասմիկ Նալբանդյանը հատուկ ներառել է ծրագիրը մշակելիս, որպեսզի երեխաների մեջ կերտվի ազգային ոգի ու նկարագիր։ 

 

2022-23թ ուսումնական տարին շատ ավելի ակտիվ էր, քան նախորդը, քանի որ նոր ուսուցիչներն էլ  արդեն փորձ էին ձեռք բերել։ Նաեւ երեխաներն էին շատ ոգեւորած։ 

 

-Մենք էլ նրանց հետ ենք ոգեւորվել։ Ինչը մեզ օգնեց ծրագրում ներառել նաեւ քաղաքային միջոցառումներին մասնակցություն, թանգարաններ ու մշակութային հաստատություններ այցելություններ եւ այլն։ Դպրոցները միջոցառումներին մասնակում են կամավորապես։ Հրավերն ուղարկում ենք բոլորին, մասնակցում են ըստ իրենց ցանկության ու պատրաստ լինելու։ Բոլոր միջոցառումներն իսկապես ստացված էին, ինչի մասին իր գնահատանքի խոսքում նշեց նաեւ Նավասարդ Սրբազանը,- ասաց Հասմիկ Նալբանդյանը։

 

2021-ից ցայսօր արդեն մի քանի մեծ ծրագրեր են իրականացվել։ Դրանցից էր Սուրբ Թադեւոս ու Սուրբ Բարդուղիմեոս առաքյալներին նվիրված միջոցառումը։ Սուրբ Ծննդյան տոնի առթիվ Սուրբ Երրորդություն եկեղեցում կազմակերպվեց տարբեր Կիրակնօրյաների աշակերտների ձեռքի աշխատանքների ցուցադրություն։ 2023-ին Սուրբ Հարության տոնի միջոցառումը տեղի ունեցավ թեմի առաջնորդարանի դահլիճում։ Բավական հետաքրքիր գաղափարներ ներկայացվեցին ու մեծ ներգրավվածություն ունեցավ նաեւ Երեւանի թանգարաններին նվիրված փառատոն-մրցույթը,- վերլուծելով ուսուցիչների աշխատանքը ասաց Հասմիկ Նալբանդյանը։ 

 

Թեեւ ուսումնական ծրագիրն ավարտվել էր հունիսին՝ ուսուցիչներն աշխատել են մինչեւ հուլիսի վերջ՝ անկախ նրանից, թե քանի երեխա էր գալիս դասերին։ Հուլիսին հիմնականում խմբակային աշխատանքներ են եղել կամ ճամբարներ են կազմակերպվել։ 

 

-Պետք է նկատել, որ դպրոցները գործում են շաբաթական մեկ հանդիպումով։ Եվ միջոցառումների մասնակցությունը շատ կախված է ուսուցիչների աշխատանքից ու նվիրումից։ Ունենք ուսուցիներ, որոնք երեխաների հետ միջոցառումներին պատրաստվում են նաեւ օնլայն տիրույթում։ Կիրակնօրյա դպրոցների հաջողությունները, ինչպես սովորական հանրակրթական, անգամ բուհական համակարգում, մեծապես կախված է ուսուցչից։ Եթե անգամ ամենալավ պայմաններն ապահովվեն, բայց ուսուցիչը մանկավարժական ձիրք կամ ոգեշնչում չունենա, ոչինչ չի ստացվի։ Ուսուցիչների աշխատանքին խիստ ենք հետեւում, պարբերաբար հաշվետվություններ են ներկայացնում, մենք ենք հաճախ այցելում իրենց։ Նաեւ իրենց աշխատանքի ցուցիչ են դառնում միջոցառումներում երեխաների պատրաստվածությունը։ Սեպտեմբերին մենք գիտելիքների սուտուգում կիրականացնենք, հավանաբար օլիմպիադայի ձեւաչափով;- ասաց Հասմիկ Նալբանդյանը։ 

 

Կիրակնօրյա դպրոցների երեխաները հետագայում լրացնում են երիտասարդաց միությունների շարքերը։ Որոշ տղաներ հետագայում իրենց կրթությունը շարունակում են Գեւորգյան հոգեւոր ճեմարանում եւ հոգեւորականներ են դառնում։ 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 
  • 2023-08-23
×