Օգոստոսի 17-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը Սպարտակ և Հասմիկ Ամարյաններին արժանացրեց Օրհնության և Գնահատանքի գրի: Օրհնության գրի համար միջնորդություն էր ներկայացրել թեմի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը։
Օրհնության գրում մասնավորաբար ասվում է․ «Սույն օրհնագրով Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու բարեպաշտ հավատացելոց և հոգևոր դասի անունից բերում ենք ձեզ մեր օրհնությունն ու գնահատանքը՝ Քրիստոսին հետևելու ուխտը կատարած հայորդուն արժանի ձեր նախանձախնդրության համար: Ձեր սիրահոժար նվիրատվությամբ մասնակից եղաք եկեղեցու տարածքում գրականության և մոմի վաճառակետի կառուցմանն ու կահավորմանը:
Այդօրինակ քայլով դուք վկայում եք Սուրբ Հակոբոս առաքյալի շուրթերով բարձրաձայնած քրիստոնեական վեհ ճշմարտությունը՝ «Հավատքն առանց գործերի մեռած է» (Հակոբոս Բ 17): Դրվատանքի են արժանի ձեր ավանդն ու լուման բարին ի գործ դնելու և ի պետս Եկեղեցու ծառայեցնելուն ուղղված ջանքերը:
Հղում ենք ձեզ և ձեր ընտանիքի անդամներին մեր հոգեշահ մաղթանքներն ու օրհնությունները՝ ցանկանալով աստվածաշնորհ խաղաղություն և բազում արևշատ օրեր։
Ջերմագին սիրով և օրհնությամբ՝ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան»:
Հանդիպման ընթացքում Տեր Գրիգորը իր որդիական շնորհակալությունը հայտնեց Սրբազան հորը, որ ընդունել էր միջնորդությունը՝ այդ կերպ թեմի ու համայնքի անունից երախտագիտությունը հայտնելով բարերար ընտանիքին։
Սպարտակ և Հասմիկ Ամարյանները Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու համայնքի անդամ են։ Տարիներ շարունակ խոնարհաբար աջակցել են համայնքին՝ խուսափելով իրենց գործերի մասին բարձրաձայնելուց։
Ամարյանների ընտանիքը ոչ միայն եկեղեցու առաքելությանն է աջակցում, այլ նաեւ «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն ՀԿ-ի բարեկամն է։ Միշտ սիրով ու պատրաստակամությամբ են նվիրաբերություններ կատարել՝ օգնելով լուծել դաունի համախտանիշ ունեցող երեխաների հոգսերը։