Հուլիսի 18-22 Արարատյան Հայրապետական թեմի Վերին Շենգավիթի Սրբոց Առաքելոց եկեղեցու բակում կազմակերպվել էր բակային ճամբար։ Ճամբարին մասնակցում էին համայնքի Կիրակնօրյա դպրոցի սաներն ու,հարակից շենքերի երեխաները։
Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Մարուքյանի ու կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհի Ստելլա Հարությունյանի ջանքերով ամեն օր երեխաների օրակարգում հոգևոր, քրիստոնեական զրույցներ, վարպետաց դասեր էին ներառված։ Ուրախ բակային խաղերն ու հետաքրքիր անակնկալները եւս հագեցնում էին ակտիվ առօրյան։
Երեխաներն ոգևորությամբ մասնակցում էին նաեւ ազգագրական երգի ու պարի ուսուցմանը։ Ի դեպ` Կիրակնօրյա դպրոցի սաներն իրենց սովորած պարերով Ստելլա Հարությունյանի գլխավորությամբ հունիսի 30-ին միացել էին «պարողների» ընտանիքին: Յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը Գագիկ Գինոսյանի և «Կարին» անսամբլի նախաձեռնությամբ Երևանի Կասկադի տարածքում կազմակերպվում են «Պարենք հայերեն» խորագրով ազգագրական պարերի ուսուցման դասեր: Երեխաներին հետաքրքիր էր միանալ պարող համայնքին, զգալ հայոց պարերի ուժը։
Ամառային ճամբարի ընթացքում սաներն այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն եւ Անդրանիկ Զորավարի թանգարան:
Ճամբարի ամփոփման ժամանակ Տեր Հովհաննեսը հատուկ գնահատանքի արժանացրփց ճամբարի կամավորներին։