Հուլիսի 23-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր արանց» միությունը Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ մեկնեց ուխտագնացության Հայաստանի նշանավոր ուխտավայրերից մեկը՝ Հավուց թառի Սուրբ Ամենափրկիչ վանական համալիր:
Վաղ առավոտյան ուխտավորները հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում միասնական աղոթքի կանգնեցին, ապա Տեր հոր օրհնությունն ստանալուց հետո շարժվեցին դեպի սրբավայր:
Վաղ միջնադարում հիմնադրված վանական համալիրը գտնվում է Խոսրովի արգելոցի խիտ անտառներում, ուր հասնելու համար ուխտավորները ոտքով անցան նեղ ու դժվարանցանելի արահետը, որին հատուկ գեղեցկություն և խորհրդավորություն էին հաղորդել ճանապարհին հանդիպող խաչքարերը:
Խոնարհված սրբավայրում «Զորավոր արանց» միությունը համախմբվեց միասնական աղոթքի շուրջը՝ Տիրոջ ողորմությունը հայցելով Հայաստան և Արցախ աշխարհի համար: Այնուհետև ուխտավորները երգեցին Սուրբ Պատարագից հատվածներ և քրիստոնեական ուղիղ ու ճշմարիտ հավատքի ուղղափառ դավանությունը՝ Հավատամքը:
Սիրո ճաշով եզրափակվեց «Զորավոր արանց» միության հոգենորոգ ուխտի հերթական ուղին: Հավատն ամրապնդելու ուղիներից մեկն է ուխտագնացությունը, քանի որ հոգևոր կյանքն ամրանում, աճում ու պտղաբերում է այնտեղ, ուր անպակաս է աղոթքը: