Նավասարդ Սրբազան այցելեց ճամբարականներին

Նավասարդ Սրբազան այցելեց ճամբարականներին

Հուլիսի 18-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն այցելեց թեմի Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որտեղ հուլիսի 10-20-ը գործում է ամառային բակային ճամբար։ Սրբազան հորը դիմավորեցին եկեղեցու հոգեւոր հովիվ արժանապատիվ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը, համայնքի անդամներն ու ճամբարական երեխաները։ 

 

Ճամբարը կազմակերպել են եկեղեցու համայնքի երիտասարդաց ու տիկնանց միությունները՝ Տեր Աշոտի գլխավորությամբ։ Ամառային բակային ճամբար կազմակերպում են արդեն 6-րդ տարին։ Համայնքի ու հարակից շենքերի բնակիչները միշտ սիրով են սպասում նախաձեռնությանը։ 

 

Երեխաներն ըստ տարիքի բաժանվել են 4 ջոկատների, որոնք չորս ավետարանիչների անուններով են՝ Ս․ Մատթոեոս, Ս․ Մարկոս, Ս․ Ղուկաս ու Ս․ Հովհաննես։ 

 

Երեխաների համար օրերը բավական հագեցած են անցնում։ Ճամբարում գործում են ասեղնագործության, կավագործության, աշխարհիկ ու հոգեւոր երգերի, ազգագրական պարի, նկարչության խմբակներ։ Նրանց համար կազմակերպվում է սպորտլանդիա՝ բակային ու սպորտային ուրախ խաղերով։ 

 

Տեր հայրն ու Տիգրան սարկավագն ամեն օր հոգեւոր զրույցներ են անցկացնում երեխաների հետ՝ նրանց հոգեւոր ու աստվածաշնչային գիտելիք փոխանցելով։ 

 

Նավասարդ Սրբազանը ջոկատներից յուրաքանչյուրում զրուցեց երեխաների հետ, գոհունակությամբ ունկնդրեց երաժշտական ու պարային կատարումները, հետաքրքրվեց, թե ինչ են սովորել հոգեւոր դասերի ընթացքում։

 

Սրբազան հայրն իր օրհնությունը բաշխեց երեխաներին ու կազմակերպիչներին՝ կարևորելով մատաղ սերնդի ազգային, հոգևոր, բարոյական դաստիարակությունը։

 

Ջոկատավարները Սրբազան հորը պատմեցին, թե ինչպես են ամեն տարի զարգացնում ու փորձ հավաքում ճամբարի ծրագիրն իրականացնելիս, ինչպես են տարիների ընթացքում նախկին ճամբարականները համալրում երիտասարդաց միության շարքերը եւ ճամբար վերադառնում որպես ջոկատավար ու ուսուցիչ։ 

 

Նավասարդ Սրբազանին ուրախացրեց այն փաստը, որը համայնքի երիտասարդները նաեւ ընտանիքներ են կազմում միմյանց հետ։ Համայնքային կյանքի շնորհիվ ծանոթանում, սիրահարվում ու ամուր հավատքով ընտանիք ստեղծում։ 

 

Այցի ավարտին Նավասարդ Սրբազանն իր գոհունակությունը հայտնեց Տեր Աշոտին ու համայնքի անդամներին՝ երեխաների համար ճամբարը հագեցած ու բովանդակային ծրագրով կազմակերպելու, կամավորաբար իրենց ժամանակն ու գիտելիքը ներդնելու համար։ 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին 

 
  • 2023-07-20
×