Վարդավառի նախատոնակ՝ Արարատյան Հայրապետական թեմում

Վարդավառի նախատոնակ՝ Արարատյան Հայրապետական թեմում

Հուլիսի 15-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի երիտասարդաց միությունները նշեցին Վարդավառի նախատոնակը:
 

Երեկոյան ժամերգությունից հետո երիտասարդները հավաքվեցին առաջնորդնիստ Սուրբ Սարգիս եկեղեցու բակում, որտեղից ազգային երգ ու պարով երթով քայլեցին դեպի Երեւանի մանկական զբոսայգի։


Երթը գլխավորում էին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդնիստ Սուրբ Սարգիս եկեղեցու եւ երիտասարդաց միությունների հոգեւոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը, Նոյ Նահապետին ու նրա ընտանիքը կերպարանավորող թատերախումբը։


Տոնախմբությանը միացել էին թեմի բոլոր համայնքների անդամները, Երեւանի վարչական շրջանների ներկայացուցիչները, ինչպես նաև զբոսաշրջիկներ։


Այգում արժանապատիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը ներկաներին փոխանցեց Նավասարդ Սրբազանի հայրական օրհնությունն ու շնորհավորանքը, ապա խոսեց Պայծառակերպության տոնի խորհրդի մասին։


Քանի որ տոնի արմատները հասնում են մարդկության երկրորդ ծննդի խորքերը, տոնախմբության սկզբում ներկայացվեց Ջրհեղեղի ու Նոյի ընտանիքի՝ տապնից դուրս գալու պատմությունը:


Երիտասարդներն այնպես էին կազմակերպել միջոցառումը, որ հնարավորինս ընդգրկվեին տոնի ժողովրդական բոլոր սովորությունները․ մի մասը խաչբուռներ ու ծաղիկներով պսակներ էին հյուսում, իրար նվիրում, խնդումն էին զարդարում՝ վարունգներով, խնձորներով,  ժապավեններով ու վարդի թերթերով։  Մյուս հատվածում խնձոր էին խորովում, քանի որ ըստ ժողովրդական սովորության մինչեւ Վարդավառը մարդիկ խնձորի պահք էին պահում ու միայն տոնի օրն էին համտեսում խնձոր։  Երիտասարդները նաեւ համեղ գաթաներ էին թխել ու գեղեցիկ փաթեթավորել, որոնք հյուրսիրեցին ներկաներին։


Վարք Հայոց ազգագրական երգի-պարի խումբը (գեղ․ ղեկավար՝ Սարգիս Փարամազյան) թատերականացված ելույթով ներկայացրեց տոնի սովորությունները, երգերն ու պարերը՝ հանդիսատեսին ներգրավելով տոնախմբության մեջ։ Տոնի առթիվ ելույթներ ունեցան նաեւ Երեւանի տարբեր վարչական շրջանների մշակութային խմբերը։


Միջոցառումն ավարտվեց խորհրդանշական ջրախաղով և աղավնիներ բաց թողնելով:


Նավասարդ Սրբազանի օրհնությամբ և աջակցությամբ «Վերականգնենք մեր ազգային տոները» խորագրի ներքո թեմի երիտասարդներն արդեն ինը տարի շարունակ հետեւողականորեն կազմակերպում են ազգային տոները՝ դրանց երբեմնի ժողովրդականությունը վերականգնելու նպատակով։

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2023-07-18
×