Աստվա՛ծ իմ Հիսուս… ի՞նչ փառահեղ է ծագում լույսդ աշխարհի չորս ծագերի վրա: Այն իր արտահայտչաձևերի բազմազանության մեջ այնպե՛ս գեղեցիկ է դրսևորվում հոսող գետի ջրապտույտներում, ծաղկազարդ հովիտների հրաշք գույների մեջ, ամպերի անդադար ձևափոխումների կախարդիչ ցուցահանդեսում:
Ակամայից հիշում եմ Պողոս առաքյալի «Ինձ համար կյանքը Քրիստոս է» (Փիլիպեցիս 1.21) խոսքերը, և աշխարհի թվացյալ ստվերները Քրիստոս Աստծո Շնորհի համադրությամբ լուսե հանդերձ են հագնում, իսկ երբ համարձակվում եմ մի քայլ առաջ նայել, նկատում եմ Աստծո դրախտում հավիտենական կյանքի պարգևը. «Այս է հավիտենական կյանքը, որ ճանաչեն Քեզ` ճշմարիտ Աստծուն և Հիսուս Քրիստոսին, ում դու ուղարկեցիր» (Հովհաննես 17.3) և լցվում եմ հարսանեկան հանդեսի պատրաստվող մարդու բերկրանքով:
Այս բոլոր գեղեցկությունների պսակը սրբությունն է: Որչափ մերձենում ես Սրբարարին, նույն չափով ավելանում է աստվածային լույսը քեզ վրա և դարձնում ամենքից սիրելի այնպես, ինչպես մոր հետ բակում իր զվարճալի խաղերով հրճվող մանուկը: Նա ամեն ինչ զննում է, ամեն բանով հիանում: Նրա համար ամեն ինչ հեքիաթ է, հրաշք: Մի փոքր հեռվում աստիճաններ է նկատում, իր ճոճվող, ծիծաղաշարժ քայլերով մոտենում, փորձում բարձրանալ: Ոտքն աստիճանի բարձրությանը չի հասնում: Մայրը թիկունքից փորձում է օգնել, փոքրիկին դա դուր չի գալիս:
-Ա՛, մա՛-մա՛…,- թաթիկով մոր ձեռքը հեռացնող շարժում է կատարում:
Մայրը հետ է կանգնում: Մանչուկը ծնկով հենվում է աստիճանին, տնքտնքալով մարմինը վեր ձգում, տատանվելով-տմբտմբալով կանգնում, շրջվում դեպի մայրն ու բամբակ թաթիկներով ծափ զարկում, ծիծաղում զանգակ ծիծաղով: Մայրը որդուն նույն հրճվալից ծափ ու ծիծաղով է արձագանքում, փորձում համապատասխան մեջբերում հիշել Աստծո խոսքից:
-Բալե՜ս, հիմա մամայի հետ ասա. «Բարձրադրիր ինձ վեմից և այժմ էլ բարձրացրու…» (Սաղմոս 27.6)
-Մամա՜, բարձրացրո՛ւ,- փոքրիկ հրաշքը սաղմոսի տողը կրճատում է ու երկու ձեռքով մորը ձգվում:
Մարդն առաջին քայլերից կյանքի հմայքն ու գեղեցկության խորհուրդն է փնտրում: Այն ամեն ինչից առավել մոր ու մանկան քնքուշ սիրո մեջ է բացահայտվում: «Նրանց հրեշտակները երկնքում մշտապես են տեսնում իմ հոր երեսը…» (Մատթեոս 18.10):
Ակնհայտ է՝ մոր և մանկան վրա Աստծո Երեսի լույսն է շողարձակում: Մայրը մանկանը գիրկն է առնում: Տեսարանը հետզհետե վերափոխվում է, մեր Մայր Եկեղեցու Խորանի պատկերին համահունչ է դառնում:
«Աստված Սեր է, նա, ով սիրո մեջ է բնակվում, Աստծո մեջ է բնակվում» (Ա Հովհաննես 4.16):
Որչա՛փ վեհ է և սրբարար… Մանուկն իր Մոր գրկում: Միտքս թևածում է, Աստծո տուն մտնում, կանգնում Խորանի առջև: Հայացքս երկյուղով փարվում է Մանուկ Հիսուսի, Տիրամոր Կենաց պատկերներին: Մանուկ Արքայի հայացքն ինձ գրկում է, մեղմաժպիտ օրհնում:
Որչափ հրաշալի են Շնորհի օրհնությունները կյանքում: Դրանք հոգևոր աստիճաններով վերելքի խորհրդավոր անկյունաքարերն են:
Ես խոնարհ երկրպագում եմ:
-«Տե՛ր, եթե բերանս բացես, շուրթերս կերգեն քո օրհնությունները» (Սաղմոս 51.15):
Խորանի Մոր և Մանկան պատկերի խորհուրդը Աստծո սիրո ամենաջերմ դրսևորումն է:
Այս խաղաղությունն Իմ Որդին պարգևեց աշխարհին: Օրհնում է ամենքի Մայր Մարիամը: Աստծո հանդեպ իմ Սերը նրան երկնքից իջեցրեց:
Երեմիա մարգարեն օրհնությամբ է ձայնակցում շնորհների Թագուհուն.
-«Աստված երկրի վրա նոր բան ստեղծեց: Կին մարդը պիտի փրկի այր մարդուն» (Երեմիա 31.22):
Մոր և Մանկան հայացքների օրհնության ալիքները եկեղեցին լույսով օրհնեցին: Անհնարինության չափ դժվար է աներեր կանգնել Տեր Հիսուսի և Մայր Մարիամի ծով հայացքների առջև: Միտքս սկսում է տագնապով երկրպագության բառեր փնտրել Խորանի աստվածային խորհուրդին արձագանքելու համար…
Հիշում եմ սուրբ Հակոբ Մծբնեցի Հայրապետի օրհնությունը.
-«Սրտի սրբությունն ու հստակված մտքին խառնված լռությունն առավել է մեկի բարձրաձայն աղաղակից»:
Սուրբ Հայրապետի բարեխոսության պատմուճանը գցում եմ վրաս ու լռում: Լռում մեկ րոպե, երկու, երեք… Միտքս փորձում է հասկանալ` ինչ է սրտի սրբությունը, հստակված մտքի լռությունը: Որոշ ժամանակ լռելուց հետո սիրտս երգով է լցվում Հիսուսի հանդեպ, Ով անհասանելի անհուններից ժպտում է ինձ: Ես հրճվանքով միանում եմ սրտիս երգին:
-Օրհնեցե՛ք Աստծուն Իր սրբարանում: Հետո նորից լռում, երկար լռում: Լռության անսահմանության մեջ հոգիս սկսում է զորությամբ օրհնել… Ալելույա՛… Ես հասկանում եմ, որ դրանք Հիսուսի սրտի օրհնության ալիքներն են երկնքի անհուններից արձագանքում սրտիս մեջ: Ալելույա՛…
Ալելույա՛… Եվ խաղաղություն ծովի անսահմանության չափ: Լռությունը հստակ է դառնում, սրբացվում է, ավելանում է մարմնիս թեթևությունը:
Ալելույա՛… այս անգամ՝ երգելու նման: Հոգուս խայտանքին մի պահ տեղ եմ տալիս, շշնջում.
-Հիսու՛ս…
Արամայիս ՇԻՄԱԼՅԱՆ
×