Տիրոջ Առաքյալները

Տիրոջ Առաքյալները

«Սավո՛ւղ, Սավո՛ւղ, ինչո՞ւ ես հալածում ինձ»: Գործք առաքելոց 9.4

 

Քրիստոնեության լույսի ներքո սեփական անձի դիտարկման և ինքնաքննման դեպքում վստահաբար յուրաքանչյուրի մեջ ինչ-որ անկյունում թաքնված «Սավուղ» կհայտնաբերվի։ Չէ՞ որ միայն պատվիրանների խախտմամբ մարդն արդեն իսկ ամեն անգամ հալածում է Քրիստոսին և իր մեղսալից կյանքով Նրան դարձյալ խաչը բարձրացնում։ Երանի նրան, ով, հընթացս իր սխալների և գործած մեղքերի, կլսի Տիրոջ ձայնը․ «Սավո՛ւղ, Սավո՛ւղ, ինչո՞ւ ես հալածում ինձ» (Գործք առաքելոց 9.4) և կապաշխարի՝ վերականգնելով իր մեջ ի սկզբանե արարված, բայց մեղքերից տկարացած և դարձին սպասող Պողոսի կերպարը։

 

Հոգեգալստյան վեցերորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը հայտնի է «Սրբոց երկոտասան առաքելոցն Քրիստոսի և Սրբոյն Պողոսի երեքտասաներորդ առաքելոյն» անվամբ, հընթացս որի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է հիշատակը Քրիստոսի առաքյալների, որը հերթական հիանալի առիթն է վերստին հիշելու նրանց ողջ մարդկության պատմության մեջ լույսի ու փրկության ուղեցույց դառնալու խորհուրդը։

 

«Առաքյալ» անունը, հունարենից թարգմանաբար նշանակում է «ուղարկված», «պատգամավոր»։ Հիսուս Քրիստոսի առաքյալներն ուղարկվել էին քարոզելու բարի լուրը՝ Աստծո թագավորության հաստատումը երկրի վրա։ Նրանք մարդկանց դեպի փրկություն առաջնորդելու պատգամն էին ստացել Աստծու Որդուց, Ով պատրաստեց նրանց իբրև անոթ՝ կրելու Աստծո Խոսքը. տվեց նրանց «իշխանություն պիղծ դևերի վրա» և Իր անունով հիվանդություններ բուժելու զորություն (Մատթեոս 10.1): Այդ ամենով հանդերձ, միևնույն ժամանակ յուրաքանչյուր առաքյալ ունի իր առանձին ուրույն դերը թե՛ ողջ քրիստոնեական Եկեղեցու կյանքում և թե՛ առանձին երկրների դարձի պատմության ընթացքում, ինչպես որ սուրբ Թադեոսն ու սուրբ Բարդուղիմեոսն իրենց առանձին դերն ունեցան Հայոց աշխարհում։

 

«Եվ տասներկու առաքյալների անունները սրանք էին. առաջին՝ Սիմոն Պետրոս կոչվածը, և նրա եղբայրը Անդրեաս, Զեբեդեոսի որդի Հակոբոս և նրա եղբայրը Հովհաննես, Փիլիպպոս և Բարթողիմեոս, Թովմաս և Մատթեոս մաքսավոր, Ալփեոսի որդի Հակոբոս և Ղեբեոս, որ Թադեոս կոչվեց, Սիմոն Կանանացի և Հուդա Իսկարիովտացի, որ և մատնեց Նրան» (Մատթեոս 10.1-7): Հուդայի՝ «կորստյան որդու» փոխարեն հետագայում ընտրվում է Մատաթիա առաքյալը, որն էլ, մյուսների հետ միասին, հավատարիմ մնալով Քրիստոսի պատգամին. «…Գնացե՛ք ուրեմն աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե՛ք Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով» (Մատթեոս 28.18–19), Հիսուսի պատվիրանները քարոզեց և ուսուցանեց տարբեր ազգերի՝ դառնալով Քրիստոսի Եկեղեցու հիմնադիրը:

 

«Առաքյալ» կարող էր անվանվել նա, ով եղել էր Հիսուսի կողքին Նրա վարդապետության հենց սկզբից և տեսել Նրան Հարությունից հետո։ Միայն Պողոս առաքյալն էր  բացառություն, ով ոչ միայն Հիսուսի հետ չէր, այլև՝ Հիսուսի հետևորդներին հալածողն էր։ Նա հայտնի էր որպես «հեթանոսների առաքյալ», «տարսոնացի Սողոս» կամ «Սավուղ Պողոս» անուններով, մոլեռանդ հրեա ու փարիսեցի։

 

Սուրբ Ստեփանոսի նահատակությունից հետո, Դամասկոս գնալու ճանապարհին, որի բուն նպատակը դարձյալ քրիստոնյաներին հալածելն էր, հանկարծ Սավուղը շլացուցիչ լույս է տեսնում ու լսում Քրիստոսի ձայնը. «Սավո՛ւղ, Սավո՛ւղ, ինչո՞ւ ես հալածում ինձ»: Սավուղը լույսից կուրանում է և տարվում է Դամասկոս, որտեղ 3 օր այդպես կուրացած մնալով` ոչինչ չի ուտում և չի խմում:

 

Դամասկոսում Անանիա անունով մի աշակերտ կար, որին հայտնվում է Տերը և ասում. «Ոտքի՛ կանգնիր ու գնա՛   այն փողոցով, որ Ուղիղ է կոչվում, և Հուդայի տանը կփնտրես Սողոս անունով Տարսոնացուն, որ դեռ աղոթքի մէջ է… Նա ինձ համար ընտրյալ անոթ է՝ իմ անունը տանելու հեթանոսների, թագավորների և իսրայելացիների առաջ. քանի որ ես ինքս եմ նրան ցույց տալու, թե նա ինչքան պետք է չարչարվի իմ անվան համար …» (Գործք առաքելոց 9.11-15): Այսպիսով, Անանիան, ձեռքը դնելով Սավուղի վրա, բժշկում է, որից հետո Սավուղը միանում է Քրիստոսի աշակերտներին և սկսում քարոզել Հիսուսին` ասելով, որ Նա է Աստծու Որդին:

 

Պողոս առաքյալը հեղինակ է 14 առաքելական թղթերի, որոնք համարվում են քրիստոնեական  մտքի ռահվիրաներ: Ընդհանրական Եկեղեցին դիտում է որպես ուղեցույց թղթեր՝ Քրիստոսի վարդապետության ճշմարիտ ընկալման առումով: Սուրբ Պողոսը մարտիրոսական պսակ է ընդունել՝ գլխատվելով Ներոն կայսրի օրոք:

 

Այսպիսով, զինվենք առ Աստված աղոթքով, որպեսզի, Տիրոջ ողորմությամբ, մենք էլ կանգնենք ճշմարիտ ճանապարհի վրա՝ ազատվելով մեր մեջ մխրճված և մեր Աստվածապատկեր էությունն աղավաղող «Սավուղ»-ից ու միանանք Քրիստոսի զինվորյալ դասին։

 

Պատրաստեց

Լաուրա ԱՂԱՋԱՆՅԱՆԸ

 

  • 2023-07-08
×