Բացվեց «Իմ Արցախ» խորագրով ցուցահանդեսը

Բացվեց «Իմ Արցախ» խորագրով ցուցահանդեսը

Հունիսի 25-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում բացվեց լուսանկարիչ Տաթեւիկ Մելքոնյանի «Իմ Արցախ» խորագրով ցուցահանդեսը։ Ներկայացվել են տարբեր տարիների արցախյան ուխտագնացությունների ժամանակ արված լուսանկարները։ Ցավոք` հիմա այդ սրբավայրերի մի մասը գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում։ Այս ցուցահանդեսը յուրովի մտավոր ուխտագնացություն է դեպի մեր Հայրենիքի արեւելյան դարպասը։ 

 

Թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Շահե քահանա Հայրապետկանը Տերունական աղոթքով բացեց ցուցահանդեսը, ապա ողջունեց ներկաներին՝ դրվատանքի խոսքեր ուղղելով Տաթեւիկ Մելքոնյանին։ Տեր հայրը նշեց․ «Տարիներ շարունակ լուսանկարիչը խոնարհ ուխտավորի նման շրջել է հայոց սրբավայրերում, եղել հայկական բոլոր կողմերում՝ Արեւմտյան Հայաստանում, Արցախում, Պարսկահայքում եւ այլուր, ամեն տեղ իր տեսախցիկով հավերժացրել պահն ու դա մատուցել է մեզ, որպեսզի մեր մտապատկերում մշտապես ունենանք հայոց սրբավայրերի շունչն ու զորությունը։ Այստեղ ցուցադրված սրբավայրերի մի մասը Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում են, բայց մենք հույս ենք փայփայում, որ մի օր անպայման վերադառնալու ենք»։ 

 

Ցուցահանդեսը դիտելու եկավ նաեւ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։ Սրբազան հայրն իր օրհնությունն ու գնահատանքի խոսքերն ուղղեց Տաթեւիկ Մելքոնյանին, ում լուսանկարները մշտապես ներառվել են թեմական օրացույցների մեջ, ցուցադրվել թեմական տարբեր միջոցառումների ժամանակ։ Սրբազանի խոսքով՝ նրա լուսանկաների մեջ առանձնահատուկ ջերմություն կա, որ պատմում է հայկականի ու հոգեւորի մասին և մտորելու տեղիք է տալիս։ 

 

Ցուցահանդեսը դւիտելու էին եկել թեմական համայնքների անդամները, ընկերներ, բարեկամներ ու Տաթեւիկ Մելքոնյանի արվեստը գնահատող մարդիկ։ 

 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2023-06-26
×