Խորհելու առիթ մեղքի ու զղջումի մասին

Խորհելու առիթ մեղքի ու զղջումի մասին

 

Հունիսի 20-ին Արարատյան Հայրապետական թեմի Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների կիրակնօրյա դպրոցի ավագ խմբի սաները հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանի առաջնորդությամբ եւ ուսուցչուհի Քրիստինե Ղազարյանի ուղեկցությամբ այցելեցին ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հաստատություն: 

 

Տեր հայրը բուժաշխատողներին ու բանտարկյալներին փոխանցեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հայրական օրհնությունը։ 

 

Երեխաները պատրաստել էին թատերական ներկայացում «Պահք և զղջում» խորագրով` շարականների երգեցողությամբ, զղջումի եւ փառաբանության աղոթքներով։

Բեմականացման նյութը կալանավոր մի երիտասարդի և նրան այցելած քահանայի

երկխոսությունն էր հոգևոր թեմաների մասին՝ Աստծուն հակառակվելուց մինչև զղջում,

խոստովանություն, մկրտություն և Սուրբ Հաղորդություն:

 

Երեխաները նաև անդրադարձ կատարեցին Արարչության պատմությանը, առաջին մարդկանց անհնազանդությանը և դրախտից արտաքսվելուն:

 

Տեր Զենոնը տարիներ շարունակ ամեն շաբաթ այցելում է բանտարկյալներին  նրանց փոխանցում Աստծո խոսքը։ 

 

Աննախադեպ այս ձեռնարկը անհեռատես ու չմտածված արարքների, Աստծուն՝ իրենց կյանքի առաջնորդ և ուղենիշ չունենալու հետևանքների մասին խորհելու առիթ էր նաև Կիրակնօրյա դպրոցի երեխաների համար։ 

Արարատյան Հայրապետական թեմի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հասմիկ Նալբանդյանի խոսքով՝ այս երեխաները երկար տարիներ հաճախում են կիրակնօրյա դպրոց և եկեղեցու համայնքի լիիրավ անդամներ են: Նրանց համար հոգեւոր արժեքները իրենց կյանքի անբաժան մաս են դարձել եւ այս մասին խոսելն ու ներկայացնելը սեփական կենսափորձով է շաղախված:

  • 2023-06-23
×