Գիտաժողով` նվիրված Քրիստափոր Կարա-Մուրզային

Գիտաժողով` նվիրված Քրիստափոր Կարա-Մուրզային

Հունիսի 16-ին ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ «Քրիստափսր Կարա-Մուրզայի գործունեության պատմական նշանակությունը» գիտական կոնֆերանսը։

 

Այն կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը` համագործակցությամբ Արարատյան Հայրապետական թեմի եւ Հայաստանի Կոմպոզիտորների միության։ 

 

Ինչպես բացման խոսքում նշեց ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանը, գիտաժողովի գաղափարն առաջարկել է ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, որպեսզի Կարա-Մուրզայի 170-ամյակին նվիրված երգչախմբային փառատոնին զուգահեռ գիտական զեկույցներով ևս բարձրաձայնվի երախտավորի կյանքն ու գործունեությունը։ 

 

Գիտաժողովին ներկա էին ՀՀ Ազգային հերոս մաեստրո Հովհաննես Չեքիջյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Աղասյանը, ՀՀ Ժողովրդական նկարիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Փարավոն Միրզոյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ Մհեր Նավոյանը, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը, Ք.Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն Էդգար Գյանջումյանը, Արվեստի ինստիտուտի աշխատակիցներն ու բարեկամները, Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության անդամներ Ավետիս Բերբերյանը, Էդմոնդ Մակարյանը երաժշտագետներ, գիտնականներ, երաժշտասերներ։

 

Ողջունելով ներկաներին` Սրբազան հայրն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր Կարա-Մուրզայի հիշատակը մեծարելու համար նախաձեռնել ու իրականություն են դարձրել փառատոնն ու գիտաժողովը։ 

 

Անդրադառնալով Քրիստափոր Կարա-Մուրզայի արժանի վաստակին՝ Նավասարդ Սրբազանը կարևորեց դրա կրողն ու տարածողը լինելու առաքելությունը։ 

 

«Կարա-Մուրզան առաջիններից էր, ով բազմաձայնեց մեր Եկեղեցու Սուրբ Պատարագը, բայց երբ ծանոթացավ Եկմալյանի տարբերակին, ազնվորեն հայտարարեց, թե վերջինիս մշակումը շատ ավելի լավն է։ Իհարկե Եկմալյան էլ իր հերթին մեծարեց Կարա-Մուրզային` ասելով, թե վերջինս շատ ավելի վարպետ խմբավար է Սուրբ  Պատարագը քառաձայն ներկայացնելիս։ Սա, հիրավի, մեծ հոգու տեր մարդկանց կեցվածք է` լինել ազնիվ ու անշահախնդիր։ Մենք նաեւ այս օրինակով պետք է կարողանանք դաստիարակել սերունդներին։ 

 

Մեր շահը հայակերտումն է։ Այս ենք ակնկալում թե' այս գիտաժողովից, թե' փառատոնից, որպեսզի իրականանա Ոսկեդարում  բյուրեղացած մեր ազգային տեսիլը։ Այն տեսիլը,  որը դարերի միջով հասել է Կարա-Մուրզային, Կոմիտասին ու Ազգային հերոս մեր մաեստրո Չեքիջյանին, ով այսօր նստած է մեր կողքին` որպես դրա կենդանի մարմնացում։ 

 

Հայ Առաքելական եկեղեցին այս առաքելության ջահակիրն է եղել բոլոր դարերում, որպեսզի ունենանք հայրենասեր երիտասարդներ, Հայրենիքը փնտրող, գտնող ու Հայրենիքն իրենց մեջ կրող սերունդ»,- նշեց Սրբազանը Հայրը և իր օրհնությունը բերեց ներկաներին՝ մաղթելով իմաստություն բարին խորհելու, խոսելու եւ գործելու։ 

 

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աննա Ասատրյանն ընդգծեց. «Հայ երաժշտագիտության մեջ առաջին անգամ իրականացնում ենք նման գիտական կոնֆերանս՝ նվիրված Կարա-Մուրզայի գործունեության պատմական նշանակությանը։ Կարա-Մուրզայի հետ է կապված հայ երաժշտության մեջ բազմաձայնության արմատավորումը։ Նա հայ երաժշտության առաջին գործիչներից էր, ով զբաղվեց հայ ժողովրդական երգերի հավաքման, գրառման, բազմաձայնման և տարածման գործով։ Նրա անվան հետ է կապված նաև հայ խմբերգային երաժշտության տարածումը։ Հայ իրականության մեջ Ազգային օպերա ստեղծելու առաջին փորձը՝ «Շուշան» օպերան, ևս պատկանում է Կարա-Մուրզային»։ 

 

ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, ողջունելով ներկաներին, ասաց․ «Նման միջոցառումներն ունեն երկու կարևոր նպատակ՝ արժևորել մեր մշակույթի խոշոր գործիչների թողած ստեղծագործական ժառանգությունը և մեր այս դժվարին ժամանակներում մեկ անգամ ևս հիշեցնել սերունդներին, թե ինչ հարուստ ժառանգություն ենք ունեցել, ինչը պետք է գնահատել և հիշել։ 19-րդ դարի երկրորդ կեսին, երբ նա սկսեց իր գործունեությունը, դեռ ասպարեզ չէին եկել մեր մշակույթի շատ խոշոր գործիչներ։ Եվ այդ ժամանակ նա ստանձնեց առաքելություն, որը չափազանց կարևոր էր նաև հետագա զարգացումների համար։ Նրա ստեղծած մեծ թվով խմբերգերը՝ շուրջ 300, երգչախմբերը՝ 90, և կատարումները երգչախմբի հետ միասին կարողացան Հարավային Կովկասի շատ հայաշատ քաղաքներում՝ այդ թվում Շուշիում, հսկայական աշխատանք կատարել հայ ժողովրդի մշակույթի զարգացումը խթանելու ուղղությամբ, և այսօր մենք պետք է արժանին մատուցենք նրա կատարած այդ վիթխարի աշխատանքին»։

 

Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ,  ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանը նշեց․ «Տարիների ընթացքում այն ավանդույթը, որը մտցրել էր Կարա-Մուրզան՝ ստեղծագործողի, հասարակական գործչի, կազմակերպողի միաձուլումը, տվել է հիանալի արդյունքներ։ Հետագայում Կոմիտասը և շատ կոմպոզիտորներ կազմակերպում էին, ձգտում վեր հանել հայ արվեստը ոչ միայն հայաբնակչության շրջանում, այլ նաև այնտեղ, որտեղ հայեր չկային։ Արդյունքում այսօր մենք ունենք մի ամուր համակարգ, որի վրա կարող են հենվել ժամանակակից հայ կոմպոզիտորները»։

 

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետ. ինստիտուտի ուսանողական գիտական ստեղծագործական ընկերության փոխնախագահ Վիգեն Պապոյանն էլ ընթերցեց ընկերության ուղերձը գիտաժողովի մասնակիցներին` կարեւորելով այն հատկապես մեր օրերում, երբ թշնամին ջանք չի խնայում հայկական մշակույթը ոչնչացնելու կամ սեփականացնելու համար։ Իսկ Կար-Մուրզան գործել ու ելույթներ է ունեցել ոչ միայն Շուշիում, այլ նաեւ Բաքվում, որտեղ հայկական ներկայությունը մինչեւ 20-րդ դարի 80-ականները բավական մեծ ու ազդեցիկ է եղել։ 

 

Զեկույցներով հանդես եկան ութ բանախոսներ։

 

Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը ներկայացրեց «Հայ խմբերգային արվեստը. Կարա Մուրզայից Հովհաննես Չեքիջյան» խորագրով զեկույցը` կամրջելով 19-21-րդ դարերի խմբերգային արվեստը և նրա մշակներին։ 

 

Արվեստագիտության թեկնածու Մարիաննա Տիգրանյանը, խոսելով «Նշանավոր ղրիմահայեր. Կարա-Մուրզա - Անդրեաս Քաղցածյան» թեմայով, հետաքրքիր տեղեկություններ բացահայտեց Ղրիմի հայ համայնքի ու երաժշտության պատմության մասին` եզրակացնելով, որ Կարա-Մուրզան դեռեւս մանկության տարիներին իր ծննդավայրում արդեն լսել է բազմաձայն երգչախմբային կատարումներ, որոնք Քաղցածյանի շնորհիվ էին կյանքի կոչվել։ 

 

Արվեստագիտության թեկնածու, դոցենտ, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Հասմիկ Հարությունյանը «Կարա-Մուրզայի գործունեությունը Ալեքսանդրապոլի քաղաքային երաժշտական մշակույթի համատեքստում» խորագրի ներքո ներկայացրեց Կարա-Մուրզայի կապը Գյումրու ու գյումրեցիների հետ։ 

 

Հայ հոգեւոր երաժշտության դասախոս, ներկա գիտնականներից շատերի ուսուցիչ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Անահիտ Բաղդասարյանը շատ հանգամանալից վերլուծեց Կարա-Մուրզայի բազմաձայնած Պատարագը։

 

Արվեստագիտության թեկնածու, դոցենտ Նարինե Ավետիսյանը ներկայացրեց Կարա-Մուրզայի կենսագրության ուշագրավ կողմերը։ Ի դեպ` նա այդ նյութն ավելի հանրամատչելի կերպով պատմել էր երգչախմբային փառատոնի մասնակից պատանիներին։ 

 

Գոհար Շագոյանը հետաքրքիր նյութ մատուցեց Գրիգոր Փիտեճեանի ուսումնասիրությունների ու Կարա-Մուրզայի հետ առնչությունների մասին։

 

Այս գիտաժողովը ուշագրավ էր նրանով, որ հնարավորություն էր ընձեռվել ավագ գիտնականների կողքին զեկույց կարդալ նաեւ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողուհու։ Լինդա Սարգսյանը ներկայացրեց իր ուսումնասիրությունները Քրիստափոր Կարա-Մուրզայի գործունեությունն ուսումնասիրած Մաթեւոս Մուրադյանի մասին։ 

 

Գիտաժողովում ելույթ ունեցավ նաեւ տաղանդաշատ երիտասարդ խմբավար Գրիգոր  Հարությունյանը` ներկայացնելով Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցին։ Նա նախ ամփոփ պատմեց Քրիստափոր Կարա-Մուրզայի 170-ամյակին նվիրված երգչախմբային փառատոնի ու արդյունքների մասին, ապա զեկույց ներկայացրեց «Թաշճյանական Պատարագի երգասացությունները Կարա-Մուրզայի եւ Եկմալյանի Պատարագներում» թեմայով։ 

 

Շնորհակալություն հայտնելով բոլոր մասնակիցներին ու ունկնդրողներին` Աննա Ասատրյանը հայտնեց, որ նախատեսել են հրապարակել զեկույցների ընդլայնված տարբերակները։ Այն կլրացնի մեծ երախտավոր, երգչախմբային արվեստի հիմնադիրներից մեկի` Կարա-Մուրզայի կյանքի ու գործունեության մասին ուսումնասիրությունների շտեմարանը։ 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին 

  • 2023-06-16
×