Ամփոփվեց Քրիստափոր Կարա-Մուրզայի 170-ամյակին նվիրված փառատոնը

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Ամփոփվեց Քրիստափոր Կարա-Մուրզայի 170-ամյակին նվիրված փառատոնը

Ամփոփվեց Քրիստափոր Կարա-Մուրզայի 170-ամյակին նվիրված փառատոնը

Հունիսի 15-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ Քրիստափոր Կարա-Մուրզայի 170-ամյակին նվիրված` երգչախմբային փառատոնի ամփոփիչ համերգը։ 

 

Նավասարդ Սրբազանի նախագահությամբ Համերգը սկսվեց Տերունական աղոթքով։ Ողջունելով ներկաներին` Սրբազան հայրը մասնավորապես ասաց.

 

“Այս փառատոնի ընթացքում մեզ մատուցվեց Կարա-Մուրզայի մասին շատ խորն ու ամբողջական տեղեկատվություն՝ նրա գործունեության, կյանքի, ստեղծագործական ընթացքի  մասին։ Նա մեզ  թողել է մեծ ժառանգություն։ Եվ այսօր մենք երախտարժան հային՝ տառապող, մաքառող հավաքագրողին, ստեղծարարին, քննադատին մեծարելու բացառիկ առիթն ունենք։ 

 

Ուզում ենք հատուկ շնորհակալություն հայտնել Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանին ու բոլոր նրանց, ովքեր ջանք ու եռանդ չխնայեցին այս փառատոնի կազմակերպման համար։ Վարձքներդ կատա՛ր։ Այն նպատակն ինչին հետամուտ էինք եւ հանուն որի գործակցեցնք միասին, արդեն իր լրումին է հասնում։ Ըստ իս՝ առատ հունձք ունեցանք՝ մեկի տեղը 30, 60, 90։ 

 

Ուզում ենք հատուկ ընդգծել, որ այս նախաձռնությամբ ոչ միայն Կարա -Մուրզայի հիշատակն ենք ոգեկոչում, նրա ստեղծագործությունների կատարումները վայելում, այլ ուզում ենք նվիրյալ հայի բացառիկ օրինակը դարձնել ներշնչանքի անսպառ աղբյուր։

 

Նա այնպիսի անպարգիծ մի շավիղ է գծել, որի միջով սերնդեսերունդ անընդհատաբար պիտի անցնենք։ Ոսկեդարում ձեւակերպված մեր իղձերի, մեր երազանքների Հայրենիքի տեսիլը, վստահաբար ունեցել են թե՛ Կարա-Մուրզան, թե՛ Կոմիտասն ու մյուսները։ Եվ այդ տեսիլը մենք էլ պիտի ունենանք, որպեսզի մի քայլ առաջ տանենք մեր ազգային իղձերն իրականություն դարձնելու գործը։ 

 

Փառատոնի ընթացքում մենք տեսանք, թե ինչ ահռելի գործ է արված  խմբավաների կողմից քաղց ձայնով ու գեղեցիկ տեսքով մեր ուստրերի ու դուստրերի համար, նույնիսկ հանրակրթական դպրոցներում, որոնք երաժշտական թեքում չունեն։ Այդ բոլոր խմբավարներ- մանկավարժները լուսատու շնորհ ունեն Աստծո կողմից տրված։ Թող այդ շնորհը պտղաբերի ու առատ հունձք տա։ 

 

Շնորհակալություն ենք հայտնում ամենքիդ, որ լծակից ու գործակից եղաք՝ մեր մշակութային հսկա Կարա- Մուրզայի անձի հետ ընդելուզվելով ու նրա ստեղծագործությունները կատարելով։ 

 

Շնորհքը, սերն ու խաղաղությունը թող լինեն բոլորիդ հետ”։

 

Երեկոյի ընթացքում ելույթ ունենցան Երեւանի ու Զովունիի երաժշտական դպրոցների երգչախմբերը։ 

 

Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն իր խորին շնորհակալությունները հայտնեց Արարատյան Հայրապետական թեմին՝ Նավասարդ Սրբազանի գլխավորությամբ, ով կարեւորեց հայ մշակութային հսկայի մեծարումն ու նորովի մատուցումը մատաղ սերնդին։ Նա մեծ գնահատանքի արժանացրեց բոլոր մասնակիցներին, որոնք խնամքով պատրաստվել ու մեծ պրոֆեսիոնալիզով ելույթներ ունեցան։ 

 

“Հենց այսպես պետք է պահենք մերը։ Գուցե օտարն ինչ-որ լավ, գեղեցիկ բան ունի, բայց մերը սա է։ Ու հենց դրանով է թանկ մեզ համար”- ասաց պարոն Սաթյանը։ Ապա փառատոնի մասնակից բոլոր երգչախմբերին պատվոգրեր շնորհեց։ 

 

Փառատոնն ավարտվեց Երեւանի Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի (երգչախմբի խմբավար՝ Գրիգոր Հարությունյան) եւ Ալեքսանդր Աճեմյանի անվան երաժշտական դպրոցի (երգչախմբի խմբավար՝ Մարինե Ավետիսյան) երգչախմբերի ելույթով։ Նրանք Գրիգոր Հարությունյանի դիրիժորությամբ կատարեցին Արամ Սաթյանի «Հայրենիք» ստեղծագործությունը։ 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին 

 
  • 2023-06-16
×