Կիրակնօրյա դպրոցների սաները թանգարանների մասին մրցույթում
Կիրակնօրյա դպրոցների սաները թանգարանների մասին մրցույթում
Հունիսի 14-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ առաջնորդարանում տեղի ունեցավ «Հայաստանը թանգարան բաց երկնքի տակ» խորագրով մրցույթը։
Մրցույթը կազմակերպել էր թեմի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հասմիկ Նալբանդյանը։ Մասնակցելու համար կիրակնօրյաների սաներն իրենց ուսուցիչների հետ այցելել էին տարբեր թանգարաններ, ապա նյութեր էին պատրաստել դրանք ներկայացնելու համար։ Մրցույթից առաջ վիճակահանությամբ ընտրվել էր ելույթների հերթականությունը։
Ժյուրիի կազմում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակչության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու սպասավոր բարեշնորհ Հովհաննես սարկավագ Ներսեսյանը եւ Արարատյան Հայրապետական թեմի թեմական խորհրդի անդամ Նարեկ Վան Աշուղաթոյանը։
Մասնակցում էին թեմի կիրակնօրյա դպրոցներից 11-ը՝ Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս, Մալաթիայի Ս․ Աստվածածին, Նորք Մարաշի Ս․ Աստվածածին, Սուրբ Երրորդություն, Նոր Նորքի Սուրբ Աստվածածին, Վերին Շենգավիթի Սրբոց Առաքելոց, Նուբարաշենի Սրբոց Նահատակաց, Կաթողիկե Սուրբ Աստվածածին եւ Սուրբ Աննա, Ավանի Սուրբ Աստվածածին, Դավիթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցիների եւ Էրեբունի համայնքի կիրակնօրյա դպրոցները։ Ընդհանուր առմամբ ծրագրին մասնակցում էր շուրջ 130 պատանի։
Կիրակնօրյայի սաները ներկայացրեցին Հայաստանի ազգային պատկերասրահի Սուրենյանցի բաժինը, Հայաստանի պատմության թանգարանի գորգերի, զարդանախշերի, ժայռապատկերների ու Մ․ Սարյանի սրահները, Երեւանի պատմության, Ռուբեն Սեւակի, Զորավար Անդրանիկի, Հովհաննես Թումանյանի, Ֆրիտյոֆ Նանսենի, Լուսիկ Ագուլեցու, Ալեքսանդր Թամանյանի, Սերգեյ Փարաջանովի, Էրեբունու եւ Հայաստանի բնության թանգարանները։
Լավագույն թիմեր ճանաչվեցին երեքը․
Վ. Շենգավիթի Սրբոց Առքելոց եկեղեցու կիրակնօրյա դպրոցը (ուսուցիչ՝ Ստելլա Հարությունյան)՝ Հովհաննես Թումանյանի թանգարանի մասին նյութով,
Ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցու կիրակնօրյա դպրոցը (ուսուցիչ՝ Անուշ Նավասարդյան)՝ ներկայացնելով Լուսիկ Ագուլեցու տուն թանգարանը,
Դավթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու կիրակնօրյա դպրոցը (ուսուցիչ՝ Անի Իսրայելյան)՝ ներկայացնելով Ալեքսանդր Թամանյանի թանգարանը։
Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու թիմը (ուսուցիչներ՝ Հասմիկ Չախմախչյան, Գոհար Չալղանյան) հաղթեց «Թեմայի կոլորիտային ներկայացում» անվանակարգում՝ ներկայացնելով Սերգեյ Փարաջանովի թանգարանը։
«Լավագույն թիմային աշխատանք» անվանակարգում հաղթեց Նորք-Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցու թիմը (ուսուցիչ՝ Նարինե Թորոսյան)՝ ներկայացնելով Ռուբեն Սևակի թանգարանը։
Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու թիմը (ուսուցիչներ՝ Հասմիկ Սարգսյան, Մարգարիտա Ղազարյան), Հայաստանի ազգային պատկերասրահի Սուրենյանցի բաժինը ներկայացնելով, հաղթեց «Թեման առանձնահատուկ ներկայացնելու համար» անվանակարգում։
Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանը ներկայացնելով՝ Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու թիմը (ուսուցիչներ՝ Լուսինե Շահինյան, Մերինե Նիկողոսյան) արժանացավ «Լավագույն մշակութային կերպար» մրցանակին։
Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու թիմը (ուսուցիչ՝ Նարինե Պետրոսյան) լավագույնն էր գրաֆիկական դիզայն անվանակարգում։ Նրանք ներկայացնում էին Էրեբունի թանգարանը։
Կաթողիկե Սուրբ Աստվածածին եւ Սուրբ Աննա եկեղեցիների թիմը (ուսուցիչներ՝ Քրիստինե Ղազարյան, Մարգարիտա Հովհաննիսյան) արժանացավ «Բացահայտում» անվանակարգի մրցանակին՝ պատմելով Հայաստանի բնության թանգարանի մասին։
Սուրբ Երրորդություն եկեղեցու թիմը (ուսուցիչներ՝ Հայկանուշ Հակոբյան, Նվարդ Բիլյան) պատմեց Զորավար Անդրանիկի թանգարանի մասին եւ արժանացավ «Թեմայի առանձնահատուկ ներկայացում» անվանակարգին։
Էրեբունի համայնքի թիմը (ուսուցիչ՝ Աիդա Խաչատրյան) ներկայացրեց Հայաստանի պատմության թանգարանի գորգերի, Սարյանի բաժնի, զարդանախշերի ու ժայռապատկերներին նվիրված սրահները եւ հաղթեց «Պատմական կերպար» անվանակարգում։
Անհատական գնահատանքի արժանացան մասնակիցներից Մերի Ավագյանը, Արեգնազ Սուքիասյանը, Հասմիկ Հալեբյանը, Գեւորգ Զաքեյանը, Արամ Հայրապետյանը։
Ամփոփելով մրցույթը` Հայր Զաքարիան իր խորին շնորհակալությունները հայտնեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին, ում հայրական հոգածության շնորհիվ թեմի բոլոր համայնքներում գործում են կիրակնօրյա դպրոցներ։
Հայր սուրբը երախտիքի խոսք ասաց Հասմիկ Նալբանդյանին, ով բազում տարիներ հետեւողական աշխատանքով իրականացնում է սերունդներ կրթելու, քրիստոնյաներ դարձնելու մեծ առաքելությունը։ Հայր սուրբը նաեւ ուժ ու եռանդ մաղթեց բոլոր ուսուցիչներին, ովքեր իրենց ամենօրա քրտնաջան աշխատանքով եկեղեցում հավաքում ու կրթում են հայ մանուկներին` իրենց թիկունքում ունենալով հոգեւոր հովիվների ու համայնքի աջակցությունը։