Թեմի երիտասարդները նշեցին Համբարձման տոնը

Թեմի երիտասարդները նշեցին Համբարձման տոնը

Մայիսի 18-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի երիտասարդական միությունների անդամները Թումանյանի այգում նշեցին Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը։

 

Մասնակիցները թեմի երիտասարդական կառույցների հոգեւոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ ու «Վարք Հայոց» ազգագրական խմբի հետ տոնական երգ ու պարով մտան այգի։

 

Տեր հայրը ներկաներին փոխանցեց Նավասարդ Սրբազանի շնորհավորանքը Համբարձման տոնի առթիվ եւ ներկայացրեց տոնի հոգեւոր խորհուրդը։ Ապա շնորհակալություն հայտնեց Թումոյի աշխատակազմին՝ տոնն այգում անցկացնելու համաձայնության ու աջակցության համար։

 

Միջոցառմանը մասնակցում էին թեմի համայնքների, երիտասարդական կառույցների անդամներ, կիրակնօրյա դպրոցների սաներ, սկաուտական կազմակերպության անդամներ ու բազմաթիվ երեւանցիներ, ովքեր միացել էին՝ ժողովրդական սովորություններով նշելու տոնը։

 

«Վարք Հայոց» ազգագրական խմբի ղեկավար Սարգիս Փարամազյանի գլխավորությամբ խումբը բեմականացված ելույթով կատարեց Համբարձման տոնի երգերը, խաղիկներն ու պարերը՝ դրանց մեջ ներգրավելով բոլորին։

 

Համերգային մասին զուգահեռ՝ աղջիկները ծաղիկներով պսակ էին հյուսում, նաեւ սովորեցնում էին հետաքրքրվողներին, մյուսները չամուսնածաց երիտասարդների փոքրիկ իրերն էին հավաքում կուժի մեջ՝ վիճակ խաղալու համար։  

 

Տեր Պետրոսը, բացատրելով, թե ինչու են երիտասարդները ժողովրդական այս սովորությունը եւս ներառել ծրագրի մեջ, ասաց․ «Նոր Կտակարանի Գործք Առաքելոց գրքում կարդում ենք, որ Համբարձումից հետո առաքյալներն ու աշակերտները հավաքվեցին Վերնատանը ընտրելու 12-րդ առաքյալին՝ Հուդայի փոխարեն։ Ու վիճակահանությամբ ընտրեցին Մատաթիային։ Համբարձման ժողովրդական խաղերի մեջ վիճակախաղը դրա հիշատակն է։ Այն գուշակության ու սնահավատության հետ չի կարելի կապել»։   

 

Տոնական միջոցառման մասնակիցներին երիտասարդները Համբարձման տոնի ուտեստ համարվող կաթնապուր ու գաթա հյուրասիրեցին։

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 
  • 2023-05-19
×