Մայիսի 18-ին Հայաստանի կոմպոզիտորների միության դահլիճում Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ եւ Հայաստանի Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Քրիստափոր Կարա-Մուրզայի 170-ամյակին նվիրված երգչախմբային փառատոնի երկրորդ համերգը։
Փառատոնը նախաձեռնել է Հայաստանի կոմպոզիտորների միությունը` Արարատյան Հայրապետական թեմի հետ համագործակցությամբ։
Համերգին ներկա էին Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ, պրոֆեսոր Դավիթ Ղազարյանը, Հայաստանի ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանը, կոմպոզիտոր Ստեփան Բաբաթորոսյան, բանաստեղծ Լևոն Բլբուլյանը, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու սպասավոր, օպերային երգիչ Հովհաննես սարկավագ Ներսեսյանը։
Համերգը վարում էր երաժշտագետ Նարինե Ավետիսյանը` ներկայացնելով Կարա-Մուրզայի կյանքի ու ստեղծագործությունների մասին հետաքրքիր պատմություններ։
Փառատոնի երկրորդը համերգին մասնակցում էին Երեւանի հանրակրթական 6 դպրոցի երգչախմբերը՝ Լեւոն Շանթի անվան N4 դպրոց (խմբ․ Գայանե Բարսեղյան), «Վարդանանց ասպետներ» N106 հիմնական դպրոցի (խմբավար՝ Ներսես Մարգարյան), Գալինա Ստարովոյտովայի անվան N177 հիմնական դպրոցի (խմբ․ Գայանե Սարգսյան), Հենրիկ Խաչատրյանի անվան N199 հիմնական դպրոցի (խմբավար՝ Լիաննա Գեւորգյան), Լեոնիդ Ազգալդյանի անվան N200 դպրոցի (խմբ․ Անի Եղիազարյան), Երեւանի N156 դպրոցի (խմբ․ Շուշանիկ Վասակյան)։
Համերգի ընթացքում հնչեցին Քրիստափոր Կարա-Մուրզայի, Կոմիտաս վարդապետի, Կոնստանտին Օրբելյանի, Էմմա Միհրանյանի, Մարտին Վարդազարյանի, Ստեփան Լուսիկյանի, Ռոբերտ Պետրոսյանի, Մելիք Մավիսակալյանի եւ Ժաննա Բլբուլյանի ստեղծագործությունները։
Փառատոնը կամփոփվի հունիսի 15-ին Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում նախատեղվող համերգով։