Նավասարդ Սրբազանն օծեց Մկրտության ավազանը

Նավասարդ Սրբազանն օծեց Մկրտության ավազանը

Մայիսի 7-ին՝ Սուրբ Խաչի երեւման տոնի օրը, Արարատյան Հայրապետական թեմի առաջնոդրական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ օծվեց թեմի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու սարկավագատան Մկրտության Սուրբ Ավազանը, որը կառուցվել է եկեղեցու հավատավոր զավակ Իգիթ Իգիթյանի բարերարությամբ։  

 

Օծման արարողության ընթացքում Սրբազան հորը սպասավորում էին Ս․ Խաչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Պարթեւ քահանա Մուրադյանը, խորհրդակատարներ Տ․ Տիգրան քահանա Բադիրյանը եւ Տեր Սահակ քահանա Սահակյանը։

 

Արարողության ավարտին շնորհավորելով համայքնի անդամներին՝ Սրբազան Հայրն ընդգծեց, որ  Սուրբ Խաչ եկեղեցին կառուցվել է ազգիս Վեհափառ Հայրապետի նախաձեռնությամբ ու ջանքերով եւ ազգային բարերար, երջանկահիշատակ Լուիզ Սիմոն Մանուկյանի հովանավորությամբ՝ ի վայելումն բարեպաշտ հավատացյալների և ի վկայություն Տիրոջ հաղթական Սուրբ Խաչի զորության։

 

«Այսօր կրկնակի եռանդ պետք է դրսեւորենք, որպեսզի ապավինենք մեր Տիրոջ Սուրբ Խաչին, հավատարիմ լինենք նրա հաղթական ընթացքին։ Քրիստոս տարածեց Իր ձեռքերը՝ մահվան գործիքը վերածելով փրկության ու հավիտենական կյանքի խորհրդանիշի։ Նույնպես էլ մենք՝ բոլորս, դառնանք Սուրբ Խաչի զինվորներ՝ լծակից ու գործակից լինելով քրիստոնեական փրկարար առաքելությանը, որը Տերը մեզ ցույց տվեց Իր կենդանի օրինակով»,-նշեց Սրբազան Հայրը։

 

Նավասարդ Սրբազանի տնօրինությամբ Երեւման Սուրբ Խաչի տոնը հռչակված է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու ուխտի օր։ Այս օրը համայնքի համար նշանավորվեց նաեւ մեկ այլ առիթով։

 

Գերաշնորհ Տ․ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը Տ․ Պարթեւ քահանա Մուրադյանի միջնորդությամբ եկեղեցու համայնքի անդամներ Դավիթ Դավթյանին, Իգիթ Իգիթյանին, Արտյոմ Մովսեսյանին եւ Կարապետ Խաժակյանին արժանացրեց Օրհնության գրերի` եկեղեցուն մատուցած իրենց  ծառայության և  կատարած ազնիվ նվիրատվությունների համար։

 

Սրբազան հայրն իր երախտագիտությունը հայտնեց բարերարներին` մաղթելով  Աստծո օրհնությունն ու պահպանությունը: 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2023-05-08
×