Տեղի է ունեցել Տեր Թովմա քահանա Անդրեասյանի երկու նոր գրքերի շնորհանդեսը

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Տեղի է ունեցել Տեր Թովմա քահանա Անդրեասյանի երկու նոր գրքերի շնորհանդեսը

Տեղի է ունեցել Տեր Թովմա քահանա Անդրեասյանի երկու նոր գրքերի շնորհանդեսը

Մայիսի 5-ին Իսահակյան 18 հասցեում գտնվող «Ֆենիքս» գրախանութում տեղի ունեցավ Արարատյան Հայրապետական թեմի Նորք-Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար  տեր Թովմա քահանա Անդրեասյանի «Սիլֆի նուրբ երազանքները» և «Բնության տաճարում» բանաստեղծական նոր գրքերի շնորհանդեսը:

 

«Սիլֆի նուրբ երազանքները» գիրքը նուրբ, թրթռուն, շատերին թերևս անհաղորդ զգացողությունների մասին է, իսկ «Բնության տաճարում» գրքում զետեղված են տարիների ընթացքում բնության մեջ գրված բանաստեղծություններ: Ըստ տեր Թովմայի` բնության մեջ մարդը ավելի լավ է զգում իր հոգին և նկատում Աստծուն:

 

Բանաստեղծը այս գրքի միջոցով խորհուրդ է տալիս մարդկանց գնալ դեպի բնություն` վերգտնելու իր այն էությունը, որով ստեղծվել է, որով նախատեսված է եղել»:

 

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն, ով ևս ներկա էր գրքի շնորհանդեսին իր խոսքում ասաց․ «Մենք նուրբ իրավիճակները հաճախ ոտատակ ենք տալիս. չենք ուզում ընկալել դիմացինին, չենք ուզում ընկալել նուրբ խոսքը, թրթիռը, երաժշտությունը: Շուրջը աղմուկ է, աղմկալից վիճակ կամ աղմուկի երաժշտություն: Դասական երաժշտություն լսողներն են քչացել, պոեզիա կարդացողներն են քչացել: Եվ այսպես քչանում են այս նուրբ ապրումները։ Ես միշտ ընթերցում եմ տեր Թովմայի բանաստեղծությունները և նկատում եմ այն նրբագեղությունը, որ միշտ կա նրա բանաստեղծություններում»։

 

Գրողների միության քարտուղար, գրականագետ Պետրոս Դեմիրճյանն էլ ավելացրեց. «Վահան Անդրեասյանի այս բանաստեղծություններն իսկապես ընտրանիներ են: Ինձ համար պարզել եմ Վահան Անդրեասյանի պոեզիայի հետևյալ ընթացքը. նա հոգևոր մարդ է և հոգևոր աչքերով է նայում այս աշխարհին: Նա չի հաշտվում այս նյութական աշխարհի հետ, հողին կպած աշխարհի հետ: Նրա նկարագրած բնության մեջ` ձորերում, անտառներում, դաշտերում երևում է հոգևորը։ Վահան Անդրեասյանն ունի հոգու այդ աչքերը, որոնք արտացոլում են այն, ինչ իր հոգում կա և ինքը դեռ հոգևոր ինքնազննումների ընթացքի մեջ է, և դա այդպես գնալու է մինչև վերջ»:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2023-05-07
×