«Ռուս գրողները եւ ուղղափառությունը» գրքերի շնորհանդեսը

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • «Ռուս գրողները եւ ուղղափառությունը» գրքերի շնորհանդեսը

«Ռուս գրողները եւ ուղղափառությունը» գրքերի շնորհանդեսը

Մայիսի 4-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ «Ռուս գրողները եւ ուղղափառությունը» խորագրով 12 հատորանոց մատենաշարի շնորհանդեսը, որը կազմակերպել էին Ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային հիմնադրամը եւ Հայաստանում Ռուսական գրքի տունը։ 

 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ շնորհանդեսին մասնակցում էին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչ հոգեշնորհ Տեր Շահե վարդապետ Անանյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների ու արխիվի տնօրեն հոգեշնորհ Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը, Ժողովուրդների հոգեւոր միասնություն հիմնադրամի նախագահ Վալերի Ալեկսեեւը, ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը, Հայ-ռուսական գործարար համաժողովի նախագահ Մհեր Ավետիսյանը, Երեւանի Սուրբ Աստվածածին Ռուս Ուղղափառ եկեղեցու ավագ երեց Արսենի Գրիգորյանցը, հասարակական գործիչներ, մտավորականներ, հայաստանյան գրադարանների աշխատակիցներ, ուսանողներ։

 

Միջոցառման սկզբում Նավասարդ Սրբազանը ներկաներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունն ու բարեմաղթանքները Ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային հիմնադրամին՝ բարձր գնահատելով հիմնադրամի գործունեությունը, որն ուղղված է քրիստոնյա ժողովուրդների միջև հոգեւոր-մշակութային կապերի ընդլայնմանն ու զորացմանը, հոգեւոր-բարոյական արժեքների պաշտպանությանն ու ամրապնդմանը, Եկեղեցիների հոգեւոր, կրթական ու սոցիալական առաքելությանը սատարելուն։

 

Նավասարդ Սրբազանը շնորհավորեց ռուս դասականներին նվիրված գրքերի հրատարակության նախաձեռնողներին՝ նշելով, որ ռուս գրողները հայ հանրությանը քաջածանոթ են։ Հենց ռուս գրողներն իրենք էլ բազմիցս անդրադարձել են հայերին ու Հայաստանին, ինչպես Եսենինը՝ «Շահանե, դու իմ Շահանե» ստեղծագործությունով կամ Աննա Ախմատովան, ում Մանդելշտամը Անուշ էր կոչում՝ հայ գրողներին ու հատկապես Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները թարգմանելու համար։ 

 

Միջոցառման ընթացքում ներկաներն իրենց ելույթներում անդրադարձան հայ եւ ռուս ժողովուրդների մշակութային ու պատմական բարեկամությանը, շեշտեցին համատեղ ջանքերի անհրաժեշտությունը քրիստոնեական արժեքների պահպանման ու տարածման գործում։  

 

Ժողովուրդների հոգեւոր միասնության միջազգային հիմնադրամը Հայաստանի գրադարաններին նվիրեց մատենաշարի 13-ական օրինակ։

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2023-05-05
×