Մեկնարկեց Կարա - Մուրզային նվիրված երգչախմբային փառատոնը
Մեկնարկեց Կարա - Մուրզային նվիրված երգչախմբային փառատոնը
Ապրիլի 28-ին մեկնարկեց Քրիստափոր Կարա-Մուրզայի 170-ամյակին նվիրված ԵՐԳՉԱԽՄԲԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ։
Փառատոնը նախաձեռնել է Հայաստանի կոմպոզիտորների միությունը` Արարատյան Հայրապետական թեմի հետ համագործակցությամբ։
Փառատոնը մեկնարկեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ։
Սրբազան հայրը ողջունեց փառատոնի կազմակերպիչներին, մասնակիցներին ու հանդիսատեսին` իր ուրախությունը հայտնելով, որ այս փառատոնը կօգնի ավելի լավ հասկանալ Կարա-Մուրզայի ոգին։ «Եվ երբ այդ ոգին ներփաթանցի մեր սրտի, հոգու ու մտքի մեջ, մենք առանցքով ավելի ամուր կկապվենք մեր ազգային արժեհամակարգի էությանն ու կշաղախվենք դրանով»։
Ներկաներին ողջունեց նաեւ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը։ Նրա խոսքով բնավ պատահական չէ, որ Կարա - Մուրզային նվիրված երգչախմբային այս փառատոնի կազմակերպիչը Հայաստանի կոմպոզիտորների միությունն է, քանի որ սա մատաղ սերնդին կրթելու մի կարեւոր միջոց է, իսկ կրթությունը նոր մտքեր է բերելու, նոր ստեղծագործությունների համար ներշնչանք է դառնալու։ Նրա խոսքով` հայ ժողովուրդը կարող է շատ կարեւոր հայտ ներկայացնել համաշխարհային մշակութային քարտեզի վրա, միայն անհրաժեշտ է պատշաճ ներկայացնել մեր ժողովրդի ստեղծագործական խորքերը։ Այսօր շատ երկրներ կան, որոնք կերազեին երգչախմբային 150-ամյա մշակույթ ունենալ։
Կարա- Մուրզայի ստեղծագործական ու մարդկային որակների մասին խոսք ասաց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու սպասավոր, օպերային երգիչ Հովհաննես սարկավագ Ներսեսյանը։
Համերգը վարում էր երաժշտագետ Նարինե Ավետիսյանը` հետաքրքիր փաստեր ներկայացնելով մեծ հայորդու կյանքի ու ստեղծագործական աշխատանքի մասին։
Փառատոնը մեկնարկեց ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանի ղեկավարությամբ «Մայիլյան» վոկալ եռյակի ելութով։ Երեկոյի ընթացքում հանդես եկավ նաև դաշնակահար Էլեն Կիրակոսյանը։ Նրանք կատարեցին Կարա-Մուրզայի ստեղծագործություններն ու մշակումները։
Փառատոնի բացման համերգին ելույթ ունեցան Երևանի Ղ. Սարյանի անվան, Հ. Դանիելյանի անվան արվեստի, Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցների երգչախմբերը.
Ծրագրում հնչեցին Ա. Բաբաջանյանի, Է. Հովհաննիսյանի, Ռ. Պետրոսյանի, Ս. Լուսիկյանի, Թ. Ալթունյանի, Ա. Սաթյանի, Ռ. Ամիրխանյանի, Մ. Մավիսակալյանի, Ս. Շաքարյան, Գ. Հարությունյանի (մշակում) ստեղծագործությունները: