«Ծաղկահավաք» Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

«Ծաղկահավաք» Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Ապրիլի 27-ին Ծիծեռնակաբերդը դարձյալ մարդաշատ էր: Տարիներ շարունակ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի է ունենում արդեն ավանդական դարձած «Ծաղկահավաք» միջոցառումը, որի նպատակն է ապրիլի 24-ին հուշահամալիր բերված ծաղիկներին «երկրորդ կյանք» պարգևել: «ԱՐԱԼԵԶ» բարեգործական ՀԿ-ն՝ այս տարի «Ծաղկահավաք» միջոցառումը կազմակերպեց Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի օժանդակությամբ: 

 

ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ այսօր ԱՀԹ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը և ԱՀԹ «Ծաղկազարդ» համախումբը (գեղ. ղեկավար և խմբավար՝ Լիլիթ Գրիգորյան) մասնակցեցին նախաձեռնությանը: Աշխատանքը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո Տեր հայրն իր օրհնության խոսքն ուղղեց ներկաներին: Այնուհետև մասնակիցները սկսեցին իրենց աշխատանքները «Ծաղկազարդ» համույթի հոգևոր երգերի ուղեկցությամբ:

 

«ԱՐԱԼԵԶ» Բարեգործական ՀԿ-ի նախագահ Սարօ Թաթյոսը մեզ հետ զրույցում ասաց. «Այս տարի առաջին անգամ Հայաստանում վերամշակման փառատոն է կազմակերպվելու, որի ժամանակ մի շարք կազմակերպություններ և ուսումնական հաստատություններ հնարավորություն են ունենալու հանդես գալու իրենց նոր գաղափարներով, միաժամանակ ցուցադրել, թե իրենք թափոնների վերամշակումից ինչ են կարողացել ստանալ: Լավագույն գաղափարների հեղինակները մեր կողմից ստանալու են հատուկ մրցանակներ»:  

 

Նշենք, որ Հուշահամալիր այս օրերին տարված ծաղիկները խնամքով հավաքվում են, ցողունները բաժանվում են ծաղկաթերթիկներից, ցողուններից պատրաստվում է պարարտանյութ՝ այգիների մշակման համար, իսկ ծաղկաթերթերը վերամշակվում են թուղթ ստանալու համար, որի մի մասը հետագայում օգտագործվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համար բացիկներ, շնորհակալագրեր և նամակներ պատրաստելու նպատակով:

 

Նախաձեռնությունը մեկտեղում է պոկված ծաղիկներին «երկրորդ կյանք» հաղորդելու խորհուրդը և բնապահպանական՝ վերամշակման միջոցով կրկին օգտագործելու առաքելությունը:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 
  • 2023-04-27
×