Հոգևորականների մասին պատմող ֆիլմի շնորհանդես

Հոգևորականների մասին պատմող ֆիլմի շնորհանդես

Ապրիլի 13-ին Հայ-ռուսական համալսարանում տեղի ունեցավ ռեժիսոր Արսեն Առաքելյանի «Լույս փնտրելիս» և «Գտա» ֆիլմերի շնորհանդեսը:

 

Միջոցառմանը ներկա էին համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը, Արարատյան Հայրապետական թեմի Նորք - Մարաշի Ս․ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տ․ Թովմա քահանա Անդրեասյանը, դասախոսներ, ուսանողներ։

 

«Լույս փնտրելիս» վավերագրական ֆիլմը հոգևորականների մասին է, որոնք իրենց հոգևոր ծառայությանը զուգահեռ զբաղվում են նաև արվեստով և գիտությամբ: Ֆիլմի հերոսները չորսն են՝ Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականներ Տեր Ներսեհ վարդապետ Խալաթյանը՝ նկարիչ, Տեր Հարություն ավագ քահանա Ավագյանը՝ երգահան, Տեր Թովմա քահանա Անդրեասյանը՝ երգահան ու բանաստեղծ և Ռուս Ուղղափառ եկեղեցու սպասովոր հայր Արսենի Գրիգորյանցը՝ ֆիզիկոս, Մոսկվայի պետական համալսարանի դասախոս։

 

Տ․ Թովմա քահանա Անդրեասյանը ներկաներին ողջունեց և՛ որպես հանդիսատես, և՛ որպես ֆիլմի հերոսներից մեկը՝ մասնավորաբար ասելով․ «Ֆիլմը, բացի իր գեղարվեստական արժանիքներից, կարևոր է նրանով, որ հոգևորականներն իրենց կենսակերպով փորձում են վերացնել այն կարծեցյալ հակասությունը, որն իբր կա Եկեղեցու և արվեստի կամ գիտության միջև: Եթե դարեր առաջ գիտությունը, արվեստը, գրականությունը եկեղեցում են ծագել և գործել են եկեղեցու ծոցում, դարեր հետո, չգիտես ինչու, անհարիր են համարել հոգևորականի և՛ եկեղեցու ծառայող, և՛ միաժամանակ արվեստագետ կամ գիտնական լինելը: Դրա մեջ ոչ մի հակասություն չկա, հակասություն կա միայն մեր մտքերում, մեր տրամաբանության մեջ»:

 

ՀՌՀ համաշխարհային գրականության ամբիոնի դասախոս Ռոման Նադիրյանը, խոսելով ֆիլմի կարևորության մասին, պատմեց ռեժիսորի հաջողությունների, տարբեր կինոփառատոններում նրա բազմաթիվ մրցանակների մասին: 

 

Համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը շնորհավորեց ֆիլմերի ստեղծագործական խմբին և զարմանք հայտնեց. «Արսենին ես գիտեի միայն համալսարանական նկարահանումներից: Բայց այս ֆիլմերում նա իրեն ցուցաբերեց որպես տաղանդավոր ռեժիսոր, սյուժեները վարպետորեն կառուցող, գեղեցիկ կադրեր գտնող և ֆիլմերին խոր իմաստ հաղորդող վարպետ: Ես հաճելիորեն զարմացած»:

 

Գեղարվեստական հետաքիքր լուծումներով էր աչքի ընկնում նաև «Գտա» վավերագրական ֆիլմը, որը պատմում էր նկարիչ, դիզայներ Մարտիրոս Բադալյանի կյանքի մի փոքրիկ դրվագի մասին:

 
  • 2023-04-19
×