Զատկական ցուցահանդես առաջնորդարանում

Զատկական ցուցահանդես առաջնորդարանում

Ապրիլի 16-ին Կրկազատկի տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի Կիրակնօրյա 10 դպրոցների սաները զատկական թեմայով իրենց ձեռքի աշխատանքները ներկայացրին թեմի առաջնորդարանում։ 

 

Գեղեցիկ ու տոնական զարդարված սրահում Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախագահությամբ միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով։ 

 

Միջոցառմանը ներկա էին թեմի Նոր Նորքի Ս․ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ Տ․ Նորայր ավագ քահանա Բաղդասարյանը, Նոր Նորքի Ս․ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Տ․ Աշոտ քահանա Սաֆարյանը, թեմի ՔԴԿ տնօրեն Հասմիկ Նալբանդյանը, կիրակնօրյա դպրոցների ուսուցիչները, սաներն ու նրանց ծնողները։ 

 

Հասմիկ Նալբանդյանը, ներկայացնելով Կիրակնօրյա դպրոցներում իրականացվող հոգևոր ու կրթական  ծրագրերը, նշեց, որ նմանատիպ նախաձեռնությունները մեծապես ոգևորում են երեխաներին։ Վերջինս շնորհակալություն հայտնեց Նավասարդ Սրբազանին հայրական հոգածության համար, ինչի շնորհիվ կիրակնօրյաները կարողանում են ակտիվորեն գործել ու առավել նախնձախնդրությամբ իրականացնել մատաղ սերնդի հոգեւոր ու ազգային դաստիարակությունը։ Շնորհակալություն հայտնեց նաեւ քահանաներին, ուսուցիչներին ու ծնողներին, որ անտրտունջ ու հետեւողականորեն աշխատում են երեխաների հետ։ 

 

Շրջելով փոքրիկների տաղավարներով՝ Սրբազան հայրը զրուցեց երեխաների հետ, ծանոթացավ աշխատանքներին, հետաքրքրվեց, թե ինչ խորհուրդ են դրել իրենց ստեղծագործությունների մեջ, որքանով են տեղյակ ավետարանական գիտելիքին։ 

 

Ցուցահանդեսին մասնակցում էին առաջնորդանիստ Սուրբ Սարգիս, Նոր Նորքի Սուրբ Սարգիս, Նոր Նորքի Սուրբ Աստվածածին, Ավանի Սուրբ Աստվածածին, Նորք-Մարաշի Սուրբ Աստվածածին, Շենգավիթի Սրբոց Առաքելոց, Դավթաշենի Սրբոց Նահատակաց, Նուբարաշենի Սրբոց Նահատակաց, Սուրբ Երրորդություն, Սուրբ Աննա և Կաթողիկե եկեղեցիների կիրակնօրյա դպրոցի սաները:

 

Միջոցառմանը երեխաներն ու պատանիները նվերներ փոխանակեցին, ինչը տարբեր համայքներում ապրող, տարբեր կիրակնօրյաներ հաճախող երեխաների համար ընկերանալու լավ առիթ էր։  

 

Իր օրհնությունն ու գովեստի խոսքերը բերելով երեխաներին ու ուսուցիչներին՝ Նավասարդ Սրբազանը քահանաներին ու Քրիստոնեական դաստիարակության կենտրոնին հանձնարարեց կիրակնօրյա դպրոցների բոլոր սաների համար կազմակերպել ուխտագնացություններ, որոնք լավագույն առիթ են ուխտի նորոգության, հոգևոր դաստիարակության ու հայրենաճանաչության համար։

 

Միջոցառման ավարտին երեխաները կազմակերպեցին նաև ազգային պարերի ուսուցում։ 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2023-04-17
×