Ապրիլի 11-ին Նորք Մարաշի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի աշխատակազմի հրավերով կրթահամալիր այցելեց Արարատյան Հայրապետական թեմի Նորք Մարաշի Ս․ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար արժանապատիվ Տեր Թովմա քահանա Անդրեասյանը:
Ժեստերի լեզվի թարգմանիչ Զուբեյդա Մելիքյանի օգնությամբ Տեր հայրը երեխաներին ու կրթահամալիրի աշխատողներին ներկայացրեց Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի խորհուրդը, խոսեց տոնի հետ կապված տարբեր ավանդությունների մասին։
Այնուհետև կատարեց Տնօրհնեքի կարգ եւ օրհնեց նաև դպրոցի զատկական սեղանը: Կրթահամալիրի տնօրեն Արմինե Բաբայանն ու աշխատակիցները ցանկություն հայտնեցին, որ Ս. Աստվածածին եկեղեցու քահանաները հաճախ այցելեն կրթահամալիր և շփվեն երեխաների հետ: