Ապրիլի 9-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը: Այդ առթիվ թեմի բոլոր եկեղեցիներում մատուցվեց տոնական Սուրբ Պատարագ: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ Սրբազանի օրհնությամբ հավարտ Սուրբ Պատարագի թեմի մի շարք եկեղեցիներում իրականացվեցին տոնական միջոցառումներ:
ԱՀԹ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու բակում հավարտ Սուրբ Պատարագի ելույթ ունեցավ «Վարք հայոց» ազգագրական երգի-պարի խումբը: Նրանց ելույթը եկեղեցու բակում համախմբել էր մեծ թվով մարդկանց։ Միջոցառումն իրականացվեց առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանի և Երիտասարդաց միության նախաձեռնությամբ:
Սուրբ Հարության տոնի առթիվ Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների բակում ևս կազմակերպվել էր միջոցառում` ազգագրական պարերով ու երգերով։ Տոնը շարունակվեց մինչև ուշ երեկո, հավաքվածները նշում էին, որ իրենց համար շատ հաճելի է, երբ եկեղեցին դառնում է ազգային արժեքների կրող ու միաժամանակ հնարավորություն ստեղծում, որպեսզի շատերը լսեն ու տեսնեն մեր ավանդական պարերն։
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում հավարտ Սուրբ Պատարագի Նոր Նորք վարչական շրջանի կիրակնօրյա ու համայնքի արվեստի դպրոցի սաները կազմակերպել էին գեղեցիկ միջոցառում։ Տոնին միացել էր նաև «Մասունք» ավանդական երգի-պարի համույթը։ Տոնական սեղանի օրհնությունից հետո ներկաները ճաշակեցին զատկական ուտեստներ:
Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցու և Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու բակում նույնպես կազմակերպվել էր տոնական մեծ միջոցառում։
ԱվանիՍուրբ Աստվածածին եկեղեցու բակում Ավան վարչական շրջանի աջակցությամբ եկեղեցու հավատացյալների համար զատկական հյուրասիրություն իրականացվեց, բակում համայնքի երգի-պարի խմբերի մասնակցությամբ տեղի ունացավ տոնական համերգ: Զատկական տոնակատարությունները շարունակվեցին Ավանի Սուրբ Հովհաննես խոնարհված եկեղեցու բակում: Սուրբ Հարության տոնն այս եկեղեցու ուխտի օրն է: Բազմաթիվ ուխտավորներ են գալիս այստեղ միասին տոնը նշելու: Եկեղեցու բակում կատարվեց զատկական ուտեստների հյուրասիրություն: Համայնքի երգի և պարի խմբերի մասնակցությամբ իրականացվեց տոնական միջոցառում:
Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու Երիտասարդաց միության անդամները և կիրակնօրյա դպրոցի սաները այցելեցին «Ջերմիկ անկյուն» տուն-ինտերնատ։ Ինտերնատի բնակիչների համար զատկական հյուրասիրություն էր կազմակերպվել։ Որից հետո կիրակնօրյայի սաները ներկայացրին փոքրիկ բեմադրություն՝ ցուցադրելով Ծաղկազարդից մինչև Հարության տոնը ընկած ողջ ժամանակահատվածի արարողությունները՝ բացատրելով դրանց խորհուրդը։