Ավագ Հինգշաբթի երեկոյան Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում կատարվեց Խավարման կարգը։
Այն հիշատակն է Քրիստոսի ձերբակալման, դատապարտման, ուրացման և խաչելության: Արարողության ժամանակ Խորանի վրա դրված էին 13 մոմեր, որոնցից 12-ը վառվում էին` խորհրդանշելով Քրիստոսին ու 11 առաքյալներին: Հուդայի մոմը չէր վառվում, քանի որ նա արդեն Ավագ չորեքշաբթի մատնել էր Ուսուցչին։
Արարողության ժամանակ Ավետարանից ընթերցվեցին Գեթսեմանիի պարտեզում Քրիստոսի աղոթքի, Հուդայի մատնության, ամբոխին հանձնելու, ձերբակալության, չարչարանքների,խաչելության, մահվան, Պետրոսի երեք անգամ ուրացության ու զղջման մասին պատմող հատվածները։
Ընթերցումներից հետո հերթով մարվում են առաքյալներին խորհրդանշող մոմերը: Վերջին ընթերցվածի ավարտին խավարի մեջ հայտնված եկեղեցում վառ մնաց միայն Հիսուսի մոմը` խորհրդանշելով, թե ինչպես աշակերտների ու հետեւորդների կողմից Տերը լքվեց։ Հնչեց «Ո՞ւր ես, մայր իմ» շարականը` խոկման առիթ տալով հավատացյալներին։
Արարողության ավարտին Նավասարդ Սրբազանն անդրադառնալով օրվա խորհրդին՝ հոևդոևեց յուրաքանչյուրին հավատարիմ մնալ ավետարանական պատգամներին, որպեսզի Հարության լույսը հաղթանակի մեր կյանքում։ Ապա՝ Սրբազան Հայրը <<Պահպանիչ>> աղոթքով արձակեց հավատավոր ժողովրդին: