Քրիստոս Իր մարմնով մեր մեղքերը բարձրացրեց խաչափայտի վրա

Քրիստոս Իր մարմնով մեր մեղքերը բարձրացրեց խաչափայտի վրա

Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում Ավագ Ուրբաթ Քրիստոսի խաչելության և թաղման կարգն է կատարվում: Այս օրը հիշատակվում է Տիրոջ ձերբակալությունը, չարչարանքները, խաչելությունը և մահը։

 

Ավագ Ուրբաթ խորհրդանշում է արարչության վեցերորդ օրը, երբ Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ, իսկ հետո նրա կողից ստեղծեց Եվային և նրանց դրեց դրախտում: Ուրբաթ օրը Ադամն ու Եվան կերան արգելված պտուղը, մերկացան փառքից, և Տերը պատժելով մարդուն՝ արտաքսեց դրախտից:

 

Բուն Ավագ ուրբաթ օրը նշվում է Հիսուսի` խաչից իջեցման և թաղման հիշատակը: Քրիստոսի խաչելության օրը տխրության օր է բոլոր քրիստոնյաների համար։ Այս օրը Ս. Պատարագ չի մատուցվում, որովհետև Քրիստոսն Ինքը պատարագվեց խաչի վրա:

 

Ավագ Ուրբաթ առավոտյան Խաչելության կարգն է կատարվում, կարդացվում են ընթերցումներ Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերին նվիրված՝ Պիղատոսի մոտ տարվելու, Գողգոթայի վրա խաչվելու, մահվան, արևի խավարման ավետարանական հատվածները: 

 

«Քրիստոս Իր մարմնով մեր մեղքերը բարձրացրեց խաչափայտի վրա» (Ա Պետրոս 2:24): Քրիստոս Իր մահով ջնջեց մեր հակառակության կամ թշնամության ձեռագիրը, հաշտեցրեց Հայր Աստծո հետ, ազատեց անեծքից և հավիտենական դատապարտությունից: Քրիստոս Իր կամքով հանձն առավ մահը. «Ես Իմ կյանքն եմ տալիս, որպեսզի վերստին այն առնեմ: Այն Ինձնից ոչ ոք չի վերցնի, այլ Ես Ինքս եմ այն տալիս, իշխանություն ունեմ այն տալու և իշխանություն ունեմ վերստին այն առնելու» (Հովհաննես 10:17-18):

 

Երեկոյան կատարվում է Թաղման կարգ: Բոլոր եկեղեցիներում պատրաստվում է Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը, որի կենտրոնում դրվում է մեծ խաչ՝ պատված սպիտակ թաշկինակով, ինչը խորհրդանշում է Քրիստոսի պատանքը:

 

 Այս օրվա հոգևոր արարողությունները հիշեցնում են մեզ մեղքի խավարի մասին: Ավագ Ուրբաթ օրը, ինչպես արդեն նշվեց, Տերը Հուդայի մատնությամբ ձերբակալվեց, ծեծի և ծաղրի ենթարկվեց և ապա, Իր վրա վերցնելով Ադամի անեծքն ու դատապարտությունը, խաչի վրա մեռնելով, բացեց Իր կողը, և կողից բխած ջրով լվաց մարդու մեղքերը, իսկ բխած արյամբ մեզ գնեց չարի ծառայությունից (Մատթեոս 26:47-27:56):

 

Արարարտյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 
  • 2023-04-06
×