Ս. Ծննդյան տոնի կարգն ու խորհուրդը

Ս. Ծննդյան տոնի կարգն ու խորհուրդը

Ս. Ծնունդը մեր Եկեղեցու տոնացույցի անշարժ տոներից է: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ծնունդն ու Հայտնությունը նշում է հունվարի 6-ին: Ս. Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ ըստ եկեղեցական կարգի օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո: Հունվարի 5-ի երեկոյան եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի Ս. Պատարագ: 

 
Ճրագալույց բառը նշանակում է ճրագ (մոմ) վառել: Այդ օրը եկեղեցում վառված ճրագները մարդիկ տուն են տանում: Վառվող ճրագները խորհրդանշում են բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Մանուկ Հիսուս: Հավատացյալները Քրիստոսի Ս. Ծննդյան լույսն էլ եկեղեցուց տուն են տանում` հավատալով, որ աստվածային լույսը, եկեղեցու օրհնությունը այդ կերպ հասցնում են իրենց օջախներ:
Քանի որ Ս. Ծննդյան տոնին նախորդում է պահքի շրջանը, հավատացյալներից շատերը պահքից դուրս են գալիս Ճրագալույցի Ս. Պատարագին՝ Ս. Հաղորդություն ստանալով:
 
Հունվարի 5-ի երեկոյից մարդիկ միմյանց ողջունում են`
«Քրիստոս Ծնաւ եւ Յայտնեցաւ:
Օրհնեալ է Յայտնութիւնն Քրիստոսի:
Ձեզ եւ մեզ մեծ Աւետիս»:
 
Հունվարի 6-ին Ս. Պատարագ է մատուցվում բոլոր եկեղեցիներում: Ս. Պատարագի ավարտին կատարվում է ջրօրհնեքի կարգ, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի` Հորդանան գետում Ս. Հովհաննես Մկրտչի ձեռքով մկրտվելը և աշխարհին հայտնվելը:
 
Հունվարի 7-ին Մեռելոց է: Բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ՝ ննջեցյալների հիշատակին: Ավարտին կատարվում է Հոգեհանգստյան կարգ:
 
  • 2021-08-09
×