Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիները նշեցին Ծաղկազարդը

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիները նշեցին Ծաղկազարդը

Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիները նշեցին Ծաղկազարդը

Ապրիլի 2-ին Հայ Առաքելական եկեղեցին նշեց Ծաղկազարդի տոնը: Այն խորհրդանշում է Քրիստոսի հրաշափառ մուտքը Երուսաղեմ:

 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է Մանուկների օրհնության օր:  Ս. Պատարագի ավարտին բոլոր եկեղեցիներում կատարվեց մանուկների օրհնության կարգ:

 

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի մի շարք եկեղեցիներում Ս. Պատարագի ավարտին կազմակերպվեցին նաև  տոնական միջոցառումներ:

 

Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցու հարակից տարածքում Ծաղկազարդի առիթով կազմակերպված գեղեցիկ տոնական միջոցառմանը զուգահեռ  կազմակերպվել էր նաև կավճանկարչության մրցույթ:

 

Դավթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցում տեղի ունեցավ կավճանկարչության մրցույթ և տոնական միջոցառում՝ Կիրակնօրյա դպրոցի  երեխաների մասնակցությամբ։ 

 

Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցում Ծաղկազարդի տոնի կապակցությամբ կիրակնօրյայի երեխաների և համայնքի բնակիչների մասնակցությամբ կատարվեց ծառատունկ։ Երեխաների համար եկեղեցու բակում կազմակերպվել էր կավճանկարչության մրցույթ։

 

Ինչպես երևանի Ներքին Չարբախի Ս. Խաչ եկեղեցում, այնպես էլ Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցում կազմակերպվել էր Ծաղկազարդին նվիրված տոնական համերգ և կավճանկարչության մրցույթ՝ Կիրակնօրյա դպրոցի աշակերտների մասնակցությամբ: 

 

Ներքին Շենգավիթի Սուրբ Խաչ եկեղեցու բակում կազմակերպվել էր միջոցառում, որի ժամանակ երեխաները հնարավորություն ունեցան ցուցադրելու իրենց ձեռքի աշխատանքները։ 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2023-04-03
×