Ապրիլի 2-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ մուտքը Երուսաղեմ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակված է Մանուկների օրհնության օր։
Տոնի առթիվ բոլոր եկեղեցիներում մատուցվեց բաց խորանով Սուրբ Պատարագ: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում Սուրբ Պատարագը մատուցվեց առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Պատարագիչը Տ. Շահե քահանա Հայրապետյանն էր:
Հավարտ Սուրբ Պատարագի Նավասարդ Սրբազանը կատարեց Մանուկների օրհնության կարգ:
Շնորհավորելով Ծաղկազարդի տոնի առթիվ՝ Սրբազան հայրը դիմեց ժողովրդին․
«Սուրբ Սարգիս եկեղեցու ատյանում հավաքված են մեր մանուկները՝ գեղեցիկ, վառվռուն աչուկներով։ Աղոթք վերառաքեցինք առ Աստված, որպեսզի Տիրոջ օրհնությունն ու զորությունը ներթափանցի Իր տան մեջ հավաքված մանուկների սրտերում։ Ավետարանն ասում է. «Թողե՛ք՝ այդ մանուկներն ինձ մոտ գան, և արգելք մի՛ եղեք նրանց, որովհետև այդպիսիներինն է Աստծու արքայությունը։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, ով Աստծու արքայությունը չընդունի մանկան պես, նրա մեջ չի մտնի։ Եվ նրանց իր գիրկն առնելով՝ ձեռքը նրանց վրա դրեց և օրհնեց» (Մարկոս 10:14-15)։
1989թ․ ես մտա մի երաժշտական դպրոց։ Ուզում էինք մեր եկեղեցու համար այդ քաղցրաձայն պատանիներից ու աղջիկներից երգչախումբ կազմել, որպեսզի Սուրբ Պատարագի ընթացքում դպրաց դասի բաժինն իրենք կատարեն։ Այն ժամանակ երեխաները սովոր չէին հոգևորականի հանդիպել։ Թաքնվում էին այս ու այն կողմ կամ պատուհանից էին նայում ինձ։ Խորհրդային կարգերի պատճառով մարդիկ ու հատկապես երեխաները հեռացել էին եկեղեցուց։ Երեխաների պահվածքը դա էր վկայում։ Բայց մի քանի ամիս անց, մենք մի հրաշալի երգչախումբ ձևավորեցինք այդ նույն երեխաներից։ Հիմա 2023թ․ է ու պատկերը ճիշտ հակառակն է, երեխաները չեն թաքնվում մեզանից։ Երբեմն նույնիսկ չափազանց աշխույժ են արարողությունների ընթացքում, բայց նրանց ներկայությունը սեր է ու մաքրություն։
Մենք վստահ ենք, որ երեխաների մեջ անջնջելի տպավորություն է թողնելու իրենց՝ Աստծո տան մեջ գտնվելը, եկեղեցական արարողություրներին հաղորդ լինելը, ինչը իրենց ենթագիտակցության բյուրեղյա մի հատվածում կպահպանվի, և միշտ կվերապրեն այս օրը։
Եկե՛ք պայմանավորվենք. Աստծո տուն մտնելիս լինե՛լ երեխաների նման, քանի որ եթե չնմանվենք իրենց, չմաքարվենք մեր ամենօրյա տարատեսակ հոգսերից, մաքուր անոթ չենք դառնա, ուր պիտի թափանցի Սուրբ Հոգու ներգործությունը։ Հետևաբար Աստծո տան մեջ երեխաների նման անմեղ սրտով լինենք։
Այս փոքրերի ներկայությունը վկայում է եկեղեցու ապագայի մասին, որը լինելու է առողջ, ապրող, ապրեցնող, արթուն ու կենդանի հավատքով լեցուն։
Շնորհավորում ենք Ծաղկազարդի տոնի առիթով։ Սիրե՛ք Աստծուն ու սիրե՛ք մեկդ մեկու։ Թող Տիրոջ զորավոր Աջը պահապան լինի բոլորիս, հատկապես՝ այս փոքրերին, որոնց միջոցով միասնաբար կկերտենք մեր երազանքի Հայաստանը»:
Ապա Նավասարդ Սրբազանը Պահպանիչ աղոթքով արձակեց ներկաներին։
Ծաղկազարդի երեկոյան ժամերգության ընթացքում կատարվեց Դռնբացեքի կարգ: Այն խորհրդանշում է մուտքը դեպի Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթ, որի ընթացքում կատարվեցին Քրիստոսի հետ կապված վերջին մարգարեությունները՝ Նրա մատնությունը, չարչարանքները, խաչելությունն ու Սուրբ Հարությունը, հաստատվեց Սուրբ Հաղորդության խորհուրդը։
Դռնբացեքը կատարվում է եկեղեցու դռան կամ Սուրբ Խորանի վարագույրի առաջ: Այդ դուռը կամ վարագույրը Երկնքի արքայության դռների խորհուրդն ունեն, որոնցից դուրս ժողովուրդը իր հոգևորականի շուրթերով խնդրում է Աստծուն ներս թողնել Արքայություն: Քահանան աղոթքի ու երգեցողության ընթացքում թակում է դուռը ի նշան ավետարանական այն խոսքի, թե «…բախե՛ք և կբացվի, խնդրե՛ք և կտրվի»:
Ծաղկազարդից սկսվում է Տիրոջ երկրային կյանքի վերջին՝ Ավագ շաբաթը, որի բոլոր օրերն ունեն իրենց խորհուրդները։
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին