Հիշի՛ր, որ կողքիդ ամենակարող Աստված ունես

Հիշի՛ր, որ կողքիդ ամենակարող Աստված ունես

Յուրաքանչյուր քրիստոնյա պատերազմի մեջ  է չարի  դեմ։ Կարևորն այն չէ, սակայն, թե ում դեմ ենք պատերազմի մեջ, այլ թե ու՞մ  ունենք մեր կողքին, ո՞վ է մեր ապավենը։ Ամենակարող Աստված Ի՛նքն է մեր կողքին կանգնողը, Ի՛նքն է մեր ապավենը։ Սատանան կարող է, բայց Աստված ամենակարող է։ 

 

Ինչու՞ վախենանք չարից, երբ Աստված Իր զորությամբ մեզ հետ է: Աստծուն իբրև ապավեն ունեցողներին պարտություն չի սպառնում։ Աստվածաշնչում այս մասին կարդում ենք «Ինչպես Երուսաղեմը լեռներով է շրջապատված, նույնպես էլ Տերն Իր ժողովրդի չորս կողմն է հիմա և հավիտյան» (Սաղմ 125.2): Ո՞վ կարող է սասանել Աստծուն անսասան լեռան նման իր կողքին ունեցողին։ Աստված միայն մեր մի կողմում չէ, մեր չորս կողմում է, ասում է Սաղմոսերգուն։ Նա չի նմանվում այն մարդկանց, որոնք երբեմն մեզ պաշտպանում են և երբեմն էլ անպաշտպան թողնում, երբեմն մեր կողքին են, երբեմն՝ մեզ հակառակ։

 

Քրիստոս խոստացավ մեզ հետ լինել մինչև աշխարհի վախճանը։ Սա Աստծո՝ մեզ ուղղված խոստումն է։  Քրիստոս մեզ հետ է ՝ չարի դեմ հաղթող դարձնելու համար։ Քանի որ չարի պայքարը Աստծո դեմ մղված պայքար է, ուրեմն վստահ լինենք, որ Աստված թույլ չպիտի տա, որ նա հաղթի մեզ։

 

Գողիաթի պայքարն Աստծո դեմ ուղղված պայքար էր, ահա՛, թե ինչու Աստված թույլ չտվեց, որ նա հաղթի Դավիթին։ Երբ Դավիթն ու Գողիաթն իրար մոտեցան կռվելու համար, Դավիթը բացականչեց «Դու իմ վրա սրով, նիզակով ու գեղարդով եկար, իսկ ես զորության Տիրոջ, քո նախատած զորքերի Աստծո անունով եմ քո դեմ գալիս» (Ա Թագ 17.45-49):

 

Ո՞վ կարող է պատկերացնել, որ Աստված առանձին պիտի թողներ Դավթին հսկա Գողիաթի դիմաց։ Դավիթն Աստծո անունը կանչեց և այդ կերպ Աստծուն իրեն ռազմակից դարձրեց։

 

Մեր կյանքում գողիաթների թիվն անհամար է, որոնք ամեն օր և ամեն ձևով մեր դեմ են մարտնչում և Աստծո անունն են նախատում, բայց եթե մեր կյանքը  հանձնել ենք Աստծուն, Աստված մեզ  հաղթանակ կշնորհի։

 
  • 2023-03-30
×